ԵԹԵ ՋՈՆՍՈՆԸ «ԴՈՒԽՈՎ» ԼԻՆԵՐ…

«Այսօր ողջ աշխարհը Հայաստանին համարում է ժողովրդավարության հույս, վերցրել շատերի կարծիքով անկում ապրող ժողովրդավարության դրոշը»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը Լոս Անջելեսում հանրահավաքի ժամանակ։ Ողջ աշխարհի վերաբերյալ դժվար է ասել, բայց այ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի կողմից «նոկաուտի» ենթարկված Բորիս Ջոնսոնի համար եթե անգամ մնացել է մի ինչ-որ հույս, ապա դա միայն հետհեղափոխական թորվածքի հայկական ժողովրդավարության փորձն է։

Դատեք ինքներդ։ Բոլորովին վերջերս Բորիսը որոշեց կասեցնել Պառլամենտի աշխատանքը, ընդմիջում կազմակերպել պատգամավորների համար, որպեսզի չխանգարեն իրականացնել «կոշտ բրեքսիթը», այսինքն ելքը ԵՄ-ից առանց պայմանագրի։ Իսկ Գերագույն դատարանը վերցրեց ու ապօրինի և իրավաբանական ուժից զուրկ ճանաչեց վարչապետի որոշումը, հայտարարելով, որ Պառլամենտի աշխատանքը չի կարող դադարեցված համարվել, իսկ պատգամավորները կարող են վերսկսել նիստերը։ «Սա ատյանի 11 դատավորների միասնական դիրքորոշումն է,- նշեց Թագավորության Գերագույն դատարանի նախագահ Բրենդա Հեյլը։- Պառլամենտի պրորոգացիա (նիստերի հետաձգում-Զ.Գ.) չի եղել։ Օրենսդիր մարմնի աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ Եղիսաբեթ II թագուհուն վարչապետի տված խորհուրդն անօրինական է»։

Մի խոսքով. Բորիս, դու իրավացի չես, հայտարարեց տիկին Հեյլը։ Եվ ի՞նչ արեց Ջոնսոնն ի պատասխան։ Նա ասաց. «Իհարկե, մենք կկատարենք Գերագույն դատարանի որոշումը, թեև պետք է նշեմ, որ ես վճռականապես համամիտ չեմ դրան»։ Այժմ ընդդիմությունը պահանջում է Բրիտանիայի վարչապետի հրաժարականը, և ամենևին էլ փաստ չէ, որ նա չի հեռանա, կատարելով այդ պահանջը։

Այնինչ կարող էր վերցնել ու Ֆեյսբուքում մարտակոչ նետել Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին. արգելափակե՛լ Պառլամենտի դռները, ոչ մեկին ներս չթողնե՛լ, ոչ մեկին դուրս չթողնե՛լ։ Միաժամանակ արգելափակել Գերագույն դատարանի շենքի բոլոր մուտքերն ու ելքերը, դրա որոշումը հայտարարել ապօրինի, իսկ բուն դատարանը՝ կոռումպեցված։ Եվ կոչ անել ժողովրդին, որ վճռի, թե ինչպես վարվեն այդպիսի Գերագույն դատարանի հետ։ Իսկ այդ ընթացքում թագուհին կդներ վարդագույն գլխարկն ու կգնար զբոսանքի՝ փոքրիկներին պաղպաղակ հյուրասիրելու և նրանց հետ ճոճանակով ճոճվելու։ Հենց այդպես են վարվում «աշխարհի ազատության և ժողովրդավարության բաստիոնում», ինչպիսին, ըստ հայոց խորհրդարանի նախագահի և նրա հետ կատարելապես համամիտ վարչապետ Փաշինյանի հնչեցրած վերջին տվյալների, «նոր Հայաստանն» է։

Իսկ Ջոնսոնը այս խորապատկերին նվնվան է և թույլիկ։ Հայտարարում է, թե իբր՝ «վճռականապես համամիտ չեմ Գերագույն դատարանի որոշմանը»։ Էլ ո՜նց կլիներ, համաձայն է-համաձայն չէ. ո՞ւմ է դա հետաքրքիր։ Այն էլ վճռականապես։ Այ եթե նա նույնքան վճռականորեն խոստանար փռել ասֆալտին ու ծեփել պատերին, որպեսզի դատավորները վնգստային դռների տակ՝ ցմահ վեթինգի տակ ճկռած, այդ ժամանակ կլիներ մեր ձևով, ժողովրդավարականորեն, թավշե-հեղափոխականորեն։ Փաշինյանավարի, կարճ ասած։

Բայց ի՞նչ ակնկալես մի երկրից, որը ժողովրդավարության այնպիսի անշեղ անկում է ապրում, որ նույնիսկ մի ինչ-որ Գերագույն դատարանի որոշումները նրանց մոտ չեն վիճարկվում։ Եվ նույնիսկ թագուհին՝ Նորին Մեծությունը անզոր է ինչ-որ բան անել, թեև կարող էր, օրինակ, հանդես գալ ժողովրդին հղված ուղերձով՝ «առհասարակ չի կարելի, բայց եթե ցանկությունը շատ մեծ է, ապա կարելի է» ոգով։ Ինչը, անշուշտ, կբարձրացներ ժողովրդավարության մակարդակը բրիտանական հասարակության մեջ։

Ճիշտ է, ոչ բաստիոնի աստիճանի։ Դա, կներեք, արդեն ձերը չէ։ Տեղը զբաղեցրել է Հայաստանը. կարելի է միայն ներքևից նայել ու նախանձել։ Հույս փայփայելով։ Իսկ մենք մեր ժողովրդավարական բարձրունքից դեռ կնայենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները Մառախլապատ Ալբիոնում…