ԾԱՆՐԱՑԱԾ Է ՆԻԿՈԼԻ ԽՂՃԻՆ

Վերսկսվա՞ծ է հանցախմբերի ստեղծումը

«Սա առաջին զոհն է, այն վարչապետի, գլխավոր դատախազի և Հատուկ քննչական ծառայության պետի խղճին է»,- հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ, մեկնաբանելով 64-ամյա գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը։

Նրա խոսքերով, գեներալին, որը 2008թ. ղեկավարել է ոստիկանությունը և առանցքային վկան էր «Մարտի 1»-ի գործով, մշտապես կանչում էին ՀՔԾ և ստիպում ցուցմունքներ տալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլ անձանց դեմ։ «Չի բացառվում, որ Հ.Հարությունյանը չուներ այլ արժանապատիվ ելք, քան ինքնասպանությունը։ Ինձ հայտնի է, թե ինչպես են այսօր ահաբեկում Սահմանադրական դատարանի և այլ դատավորների ազգականներին ու բարեկամներին, որոնցից իշխանությունն ուզում է ազատվել»,- ընդգծեց Իսագուլյանը։

Նա կասկածում է, որ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ Փաշինյանի հանդիպումից հետո Հայաստանում վերսկսվել է հանցախմբերի ստեղծումը՝ այն ավազակախմբերի ճիշտ նմանությամբ, որոնք գոյություն ունեին Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին։ «ՀՀՇ-ն վերադառնում է, իսկ Նիկոլը պարզապես Լևոնի վատ պատճենն է, հետևաբար՝ նրա հանցախմբերն ավելի վատը կլինեն, քան Տեր-Սահակյանինն էր»,-հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդը։

Նրա համոզմամբ, «Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ջհանգիրյանի և «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավարության համար Նիկոլը անցողիկ խաղաքար է, գլխավորը նրանց համար՝ վերադարձնել Լևոնին պետության ղեկավարի աթոռին, Արցախը հանձնել ադրբեջանցիներին և ժողովրդին հնազանդ պահել հանցախմբերի օգնությամբ»։

Վանեցյանը չպետք է կրկնի Հարությունյանի սխալը

Իսագուլյանը կոչ արեց քաղաքականացված հասարակայնությանը ուշադիր ուսումնասիրել Ազգային անվտանգության ղեկավարի հրաժարականի հիմնավորման տեքստը, այդ փաստաթուղթն անվանելով «Հայաստանի պատմությունը վերջին տարում»։ Նրա խոսքերով, Վանեցյանն արդեն շատ բան է ասել այն ամենից, ինչը կոչված է բացել հասարակության աչքերը իշխանության արարքների վրա, այդուհանդերձ Իսագուլյանը կոչ արեց Ազգային անվտանգության ծառայության նախկին պետին այսուհետ ևս չլռել, որպեսզի չկրկնի Հարությունյանի սխալը և միաժամանակ խորհուրդ տվեց նրան հոգալ անձնական անվտանգության մասին, քանզի նրա կյանքին սպառնացող վտանգ գոյություն ունի։

Անդրադառնալով Գերագույն հրամանատարի հանդեպ Վանեցյանի անհարգալից վերաբերմունքի մասին Լոս Անջելեսում Փաշինյանի վրիպասությանը, Իսագուլյանն ընդգծեց, որ խոսքի այդ վրիպումը պատահական չէ. «Նիկոլն այնքան ուժգին է պատերազմ տենչում, որ արդեն իրեն երևակայել է Գերագույն հրամանատար, թեև ըստ Սհմանադրության՝ խաղաղ ժամանակներում չի հանդիսանում այդպիսին, ինչն էլ վարչապետին ուղղված իր պատասխանում մատնանշեց գեներալ-մայոր Վանեցյանը։

Չէր կարող երկտող չթողնել…

Ցուցանշական է, որ նախկին վարչապետ և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը երկար տարիներ անձամբ ծանոթ էր Հայկ Հարությունյանին և աշխատել էր նրա հետ նույն կառավարությունում, կարծիք արտահայտեց, որ այդպիսի ուժեղ և կազմակերպված մարդը, որոշելով մաքրել հաշիվները կյանքի հետ, չէր կարող ինքնասպանությունից առաջ երկտող չթողնել։

Այն մասին, որ գեներալ գնդապետի մահը իշխանության խղճին է ծանրացած, հայտարարեց նաև նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ Հարությունյանի ինքնասպանությունը կարող է կապված լինել «Մարտի 1»-ի գործի հետ և, հնարավոր է, որ նման քայլ գործել գեներալին կարող էին ստիպել քննիչն ու դատախազը։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ժխտեց Հարությունյանի նկատմամբ ճնշմանն իր առնչության մասին լուրերը, փոխարենը շատերն այս օրերին խոսում էին այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով գեներալի ցուցմունքները բառ առ բառ կրկնում էին այն փաստերը, որոնք վկայակոչվում են երկրորդ նախագահի փաստաբանների կողմից։ Ակնհայտ է, որ այդ նույն ցուցմունքները գեներալը կկրկներ դատարանում։ Ինչ-որ մեկը շատ էր ցանկանում, որ գեներալը չապրի մինչև դատավարություն…

Իսագուլյանի կանխատեսումներով, մինչև դատարանում ցուցմունքներ տալը ողջ չի մնա նաև գեներալ Մանվելը, որը 2008թ. մարտի 1-ին զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի և «Երկրապահ» միության նախագահի պաշտոնները։ Նա նույնպես գործով անցնող առանցքային վկա է, նա, ինչպեսև Հարությունյանը, «Մարտի 1»-ի մասին գիտի ամեն ինչ և նույնիսկ ավելին։ Հարությունյանն արդեն ողջ չէ։ Մանվելը դանդաղ մահանում է ճաղերի հետևում։ Միջգերատեսչական հանձնաժողովն ահա արդեն 4 ամիս շարունակ չի կարողանում որոշել, թե արդյոք համատեղելի են «դիաբետ» և «օնկոլոգիա» ախտորոշումները կալանքի տակ պահելու հետ…

Основная тема:
Теги: