ՀԱՋՈՂ ԱՅՑ՝ 340 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՐԺԵՔՈՎ

Եվ այսպես, ավարտվեց Փաշինյանի այցը ԱՄՆ, ինչը հարկատուների վրա նստեց ավելի քան 340 հազար դոլար։ Փողերն իզուր չեն ծախսվել։ Վարչապետի անդրօվկիանոսյան հայտարարություններից մենք իմացանք հետևյալ նորությունները. որոշ եկեղեցականներ պետք է ծնկի գան նոր իշխանության առջև, մամուլը ցանկանում է ջարդել նոր իշխանության ողնաշարը, Արթուր Վանեցյանը պետք է աղբանոց նետի իր ուսադիրները, որովհետև համարձակվեց քննադատել նոր իշխանությանը ի դեմս իրեն՝ Փաշինյանի, Գերագույն հրամանատարի, և վերջին անգամ այդպես իրենց պահել են պուտչիստները Ռուսաստանում 1991 թվականին

Վերջին գաղափարն իսկույն ճանկեց նախկին «լուսավորյալ» պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը կարող է ֆակուլտատիվ դասընթացներ վարել «ինչպես խուսափել բանակային ծառայությունից» թեմայով։ Նա, ով լքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, հայտարարեց, թե իր սկզբունքայնությունն ու հայրենիքի հանդեպ բարձրագույն պարտքը կայանում են ոչ թե նրանում, որ հանձնի կուսակցության շնորհիվ ստացած պատգամավորական մանդատը, այլ որ խոնարհաբար պահպանի այն։ Ահա ուրեմն, նույն այդ պատգամավորը զարգացրեց Փաշինյանի միտքը և հայտարարեց, թե Վանեցյանը դավադրություն էր նախապատրաստում, իսկ վարչապետն այն կանխեց։

Խե՜ղճ Փաշինյան ու Բաբաջանյան. որքա՜ն են նրանք ճգնում ցանկալին իրականի տեղ ներկայացնելու համար։ Մեծամտությունն ու հավակնություններն արդեն կարմիր գծից անցնում են, և իշխանության ընկնող վարկանիշը պահելու համար հույժ անհրաժեշտ են պուտչ, տիեզերական դավադրություն ընդդեմ «ժողովրդավարության համաշխարհային բաստիոնի», որպեսզի իրենք հերոսաբար փրկեն «հեղափոխության» նվաճումները։ Բայց ինչպես որ չի եղել ոչ մի դավադրություն, այնպես էլ դժվար թե լինիԵվ առհասարակ ո՞ւմ է պետք դա՝ դավադրությունը, եթե իշխանությունն առանց այդ էլ անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ժամկետից շուտ հեռանա խայտառակ կերպով։

Պատկերն ամբողջականացնելու համար մնում է միայն Լիլիթ Մակունցին նշանակել ԱԱԾ ղեկավար՝ համաձայն Էդմոն Մարուքյանի առաջարկած օրինագծի, որը նախատեսում է, թե հատուկ ծառայությունները կարող է ղեկավարել 25 տարին բոլորած ՀՀ ցանկացած քաղաքացի, որը վերջին 4 տարիներին մշտապես բնակվում է Հայաստանի տարածքումԵվ օրենքի վերջնական ընդունումից հետո ո՞վ կասի, թե Մակունցը չի համապատասխանում ԱԱԾ տնօրենի պաշտոնին։ Չէ՞ որ դատելով այն հավակնոտ մեծամտությունից, որով «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը մեկնաբանում է Արթուր Վանեցյանի խոսքերը, նրա մեջ խորը նստած է ոչ միայն մշակույթը, այլև խոր արմատներ է գցել ազգային անվտանգությունը։

Այդ պատճառով չէ՞ արդյոք, որ հասկանալով իրավապաշտպանության ոլորտում գալիք կադրային քաղաքականության հեռանկարը, այդպիսի ճարտարամիտ հնարքներ են բանեցնում մեր քննչական մարմինները։ Վերջերս նրանք նոր մեղադրանքներ առաջադրեցին։ Դրանցից մեկում ասվում է, թե Գևորգ Մհերյանը և Գևորգ Կոստանյանը Ալիկ Սարգսյանին հանձնարարություն են տվել կեղծել «Մարտի 1»-ի գործով հանցանշանները։ Ընդ որում Մհերյանն արդեն ողջ չէ, Կոստանյանը ժխտում է, թե տվել է նման հանձնարարություններ, իսկ Ալիկ Սարգսյանը ժխտում է, որ ստացել է այդպիսիքՈւրեմն ինչի՞ վրա է հիմնված նոր մեղադրանքը։ Թերևս կարելի է ենթադրել միայն, թե Սիլվա Համբարձումյանը, Վահան Շիրխանյանն ու Անդրանիկ Քոչարյանը ծածուկ լսել են նշված երեք «դավադիրների» գաղտնի խոսակցությունը

«Ակնհայտ է դառնում, որ Մարտի 1-ի զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով փորձ է արվում քրեական գործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավելով` ստեղծել արդյունավետ գործունեության պատրանք:»,- այդ առնչությամբ հայտարարեց Գևորգ Կոստանյանը։ Եվ հանգեց այն եզրակացության, որ Հայաստանում քրեական իրավունքի դասագրքերն այլևս ոչ մի արժեք չունեն և ենթակա են փոխվելու, քանզի ժամանակակից «իրավագետների» կողմից իրականացվող քրեական արդարադատությունը հակասում է քրեստոմատիական ճշմարտություններին։

Իսկ ինչ վերաբերում է Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի ելույթին, ապա այն կարելի է համարել ՄԱԿ-ի ամբիոնը ինքնագովազդի նպատակով օգտագործելու փայլուն օրինակ. վարչապետը երկար գովաբանում էր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, ընդգծելով իր ներդրումը համաշխարհային ժողովրդավարական գործընթացների զարգացման հարցում։ Ափսոս միայն, որ դա առանձնապես ոչ մեկին չհետաքրքրեց. դահլիճում նստած էր մի երկու տասնյակ մարդ, չհաշված հայկական պատվիրակությանը։ Հավանաբար, այդ պատճառով Փաշինյանը ոչ մի կերպ չարձագանքեց Էրդողանի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը պետք է «վերադարձվի» Ադրբեջանին

Основная тема:
Теги: