ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ՝ ՉՊԱՏԿԵՐԱԶԱՐԴԵՐ…

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորմալ է համարում, որ «թավշե հեղափոխությունից» հետո մարդիկ արագ փոփոխությունների են սպասում Հայաստանում։ Նա արձանագրում է, որ արագ փոփոխությունները սկսվել են, սակայն դա չի նշանակում, թե ամեն ինչ արդեն փոխվել է։ Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանում հնարարվորություն կա ճանապարհներ կառուցել բյուջետային միջոցների հաշվին, ինչը վաղուց չէր եղել այն ժամանակներից ի վեր, երբ Քըրք Քըրքորյանը 100 միլիոն դոլար նվիրաբերեց Հայաստանին։

«Այս տարվա միայն կես տարվա արդյունքներով մենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն գերակատարել ենք մոտավորապես 120-125 միլիոն դոլարով: Դա մոտավորապես այնքան է, ինչքան «Լինսի» հիմնադրամը տվել էր Հայաստանին,-ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ասաց Փաշինյանը և հավելեց։-«Մեր միջազգային պահուստներն այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակին: Մեր երկրում միջազգային պահուստները երբեք ավելի մեծ չեն եղել, քան այսօր: Խոսքն այն արտարժույթի մասին է, որ մենք մեր ռեզերվում պահում ենք: Վերջին 1.5 տարվա ընթացքում Հայաստանում ավելի քան 65 հազար նոր աշխատող է արձանագրվել, սա աշխատաշուկայի 10 տոկոսն է: Այդ աշխատողների մի մասը ստվերից դուրս եկածներն են, մյուս մասը՝ նոր աշխատատեղերը»։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ։ Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում է պատկերազարդել հեղափոխության պտուղները կոնկրետ ցուցանիշներով, գծագրվում է հակասական, տեղ-տեղ զվարճալի, տեղ-տեղ կեղծ պատկեր։ Ավելի լավ կլիներ, եթե նա պարզապես սահմանափակվեր երկրի տնտեսական «հիանալի» վիճակի հուզական գնահատումներով, քան ջանար իր լավատեսությունը հիմնավորել թվերով ու փաստերով։

Ահավասիկ Փաշինյանն ասում է մեր նյույորքյան հայրենակիցներին, թե այսօր Հայաստանում հնարավորություն է հայտնվել ճանապարհներ կառուցել բյուջետային միջոցներով։ Մինչդեռ բառացիորեն մի երկու շաբաթ առաջ նույն ինքը՝ Փաշինյանը խոսում էր կապիտալ ծախսերի տեմպերի նվազման և այն մասին, թե դա ճիշտ ուղի է, քանի որ այդպես ավելի արդյունավետորեն են ծախսվում բյուջետային միջոցները, և կառավարությունը փող չի վատնում «անորակ շինարարության ու ատկատների վրա»։ Եթե համադրենք այս երկու հայտարարությունները, ապա ստացվում է, թե կառավարությունը հնարավորություն ունի ճանապարհներ կառուցել. հնարավորություն, որը չի եղել «Լինսի» հիմնադրամի ծրագրերի ժամանակներից ի վեր, բայց ըստ որում չի կառուցում ճանապարհներ, քանի որ չի ցանկանում փող վատնել անորակ աշխատանքի և ատկատների վրա։ Եվ ի՞նչ։ Հենս սա՞ է հեղափոխության հրաշալի պտուղներից մեկը։

Ահավասիկ Փաշինյանն ասում է, թե Հայաստանի միջազգային պահուստները երբեք այնքան մեծ չեն եղել, որքան այսօր։ Թե ով է նրան ասել այդ մասին և ինչու է կարծում, թե տվյալ տեղեկատվությունը հետաքրքրում է նյույորքյան հայերին՝ դժվար է ասել։ Փոխարենը՝ ակնհայտ է, որ դա (տեղեկատվությունը) չի համապատասխանում իրականությանը։ Քանզի Հայաստանի միջազգային պահուստները նախկինում գերազանցում էին ներկայիս մակարդակը։ Օրինակ, 2018 թվականի նախահեղափոխական հունվարին դրանք կազմում էին 2 միլիարդ 306 միլիոն դոլար, իսկ հետհեղափոխական 2019 թվականի սեպտեմբերին՝ 2 միլիարդ 295 միլիոն…

Ահավասիկ Փաշինյանը խոսում է 65 հազար աշխատատեղերի մասին։ Չենք վիճարկի հիմա այդ թիվը, որի մտացածին լինելը բազմիցս հաստատվել է առնվազն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ցուցանիշներով։ Այս անգամ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ, վարչապետի խոսքերով, 65 հազար աշխատատեղերը աշխատանքի շուկայի 10%-ն են։ Ահա ուրեմն, ավելի քիչ, քան կես տարի առաջ՝ ապրիլին, Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Այս 10 ամիսների ընթացքում բացվել են 51 հազար աշխատատեղեր, ինչը կազմում է ամբողջ աշխատաշուկայի շուրջ 10%-ը»։

Թե ինչպես 5 ամսվա ընթացքում հաջողվեց բացել 14 հազար աշխատատեղ՝ առանձին հարց է, որին, ամենայն հավանականությամբ, կառավարությունում կարող են պատասխան գտնել։ Բայց դժվար թե հնարավոր է պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս կարող են և՛ 51 հազարը, և՛ 65 հազարը կազմել աշխատաշուկայի 10%-ը։ Այդպիսի հավասարում չի կարող հիմնավորել նույնիսկ Գիտությունների ակադեմիան, չխոսենք արդեն պաշտոնյաների մասին։ Ասենք… Նիկոլ Փաշինյանը, երևի, կարող է։

Ինչո՞ւ ստել, ինչո՞ւ հակասել ինքդ քեզ, տրամաբանությանն ու իրականությանը։ Ինչո՞ւ առհասարակ մարդկանց գլուխը տանել կեղծ տեղեկատվությամբ, որը նրանց համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում։ Ահա թերևս գլխավոր հարցը, որն ակամայից ծագում է ամեն անգամ, երբ հայոց կառավարության ղեկավարը փորձում է փաստերով ու թվերով պատկերազարդել «հեղափոխության» նվաճումները։

Основная тема:
Теги: