ԱՂԱՂԱԿՈՂ ԿԱԼԱՆՔ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկանդալային հայտարարություն հնչեցրեց դատավորների մասին, որոնք «վնգստում են դռների տակ»։ Այդ կարծիքին հրապարակավ համաձայնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։

Սեպտեմբերի 20-ին երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի դահլիճում հարցրեց դատավոր Աննա Դանիբեկյանին, թե արդյոք նա իրեն համարո՞ւմ է այն դատավորներից, որոնք, համաձայն վարչապետի տված բնորոշման, «վնգստում են դռների տակ»։ Դանիբեկյանը չպատասխանեց, բայց նկատողություն հայտարարեց Ալումյանին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Փաստաբանը, ընդգծեմ, չէր պնդում, թե կան դատավորներ, որոնք «վնգստում են դռան տակ», նա հարց տվեց, վկայակոչելով վարչապետի կարծիքը, որին համամիտ է նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։

Օրերս այն հարցի մեջ, թե կան արդյոք մեր երկրում «դռների տակ վնգստացող» դատավորներ, «հանցակազմ» հայտնաբերվեց։ Լրագրող Նարեկ Մութաֆյանին, որը դատավոր Դանիբեկյանին հարցրել էր, թե արդյոք համարում է իրեն «դռների տակ վնգստացող» դատավոր, մեղադրանք ներկայացրեցին Քր.օր. 332 հոդվածով (մաս 1)։ Այդ հոդվածը նախատեսում է 1-ից 5 տարվա ազատազրկում «արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու» համար։ Մութաֆյանը, կրկնում եմ, ինչպեսև փաստաբան Հայկ Ալումյանը, ոչ մի բան չի պնդել, նա միայն հարց է տվել և արել է դա ոչ թե դատարանի դահլիճում, այլ փողոցում։ Եվ, ասացեք խնդրե՛մ, ինչպե՞ս կարելի է խոչընդոտել արդարադատության իրականացմանն ու քննությանը, կատարելով լրագրողի ծառայողական պարտականությունները, մեր դեպքում՝ քայլելով փողոցով և հարց տալով։

Ի՞նչն էր խանգարում դատավոր Դանիբեկյանին պարզապես պատասխանել։ Ինչո՞ւ մադամը գերադասեց լրագրողի դեմ բողոքել իրավապահ մարմիններին։ Չէ՞ որ նա ընդամենն իր աշխատանքն էր կատարում։ Հարցեր տալը, այդ թվում նաև՝ սադրիչ, դա նրա հացն է։ Մինչև հեղափոխությունը, նախկին իշխանության օրոք դրա համար չէին զրկում ազատությունից և մեղադրանքներ չէին մոգոնում։ Օպերատոր Սարգիս Օհանջանյանի՞ն ինչու կալանավորեցին, չէ՞ որ նա միայն նկարահանել է, նա նույնիսկ հարցեր չի տվել

Մի՞թե Հայաստանում կարելի է դատարաններն ու դատավորներին անարգելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու մեղադրանք ներկայացնել որևէ մեկին՝ բոլոր դատարաններն արգելափակելու Փաշինյանի հայտնի կոչից հետո։ Մի՞թե կարելի է հորինել արդարադատության ավելի ահավոր անարգում։ Մի՞թե կարելի է գտնել արդարադատության և քննության իրականացմանը խոչընդոտելու ավելի արդյունավետ միջոց, քան դատարանների համատարած շրջափակումը։ Ուրեմն ինչո՞ւ վարչապետին չեն դատում արդարադատությանն ու քննությանը խոչընդոտելու համար։ Հիշեցնեմ, որ այդ կոչից հետո պատուհանից աշխատավայր մտնել փորձող դատավոր Դավիթ Բալայանին բռնի գետին տապալեցին, և ոչ ոք դրա համար ազատությունից չզրկվեց, ոչ մեկին պատասխանատվության չենթարկեցին։ Ստացվում է, որ Նիկոլի կողմնակիցներին կարելի է բռնություն կիրառել դատավորների նկատմամբ, իսկ մյուսներին արգելված է նույնիսկ հարց տալ դատավորին։

Ո՞ւմ կարող է դատավորների և դատարանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանք ներկայացվել Փաշինյանի այն հրապարակային հայտարարությունից հետո, որ երկրում չկա այնպիսի դատավոր, որ չկատարի իր հրահանգը։ Պետության առաջին դեմքը պնդում է, թե երկրում կան դատավորներ, որոնք «վնգստում են դռների տակ»։ Ինչո՞ւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները չճշտեն այդ դատավորների ով լինելը, նրանց թվաքանակն ու անունները։ Այն, ինչ տեղի ունեցավ լրագրողի և օպերատորի հետ, ամենից ակներև վկայությունն է, որ երկիրն արագացված տեմպերով ընկղմվում է բռնաճնշումների հորձանուտը, և իրականանում են ամենամռայլ կանխատեսումներն այն մասին, որ իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի սեփականաշնորհումից հետո կգա դատական իշխանության ու ԶԼՄ-ների հերթը։

Սկզբում հասարակությունն ականատես եղավ դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նկատմամբ բռնաճնշումներին։ Հետո հաջորդեց Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների վրա գործադրվող ճնշումը։ Այնուհետ՝ ճնշումը դատավոր Դանիբեկյանի վրա։ Դա թույլ չտվեց նրան սեպտեմբերի 17-ին կայացնել որոշում, որն ուղղկիորեն բխում էր ՍԴ-ի սեպտեմբերի 4-ի որոշումից։ Իսկ օրերս Դանիբեկյանի իրազեկումից հետո լրագրողին մեղադրանք ներկայացրեցին ու ձերբակալեցին։

Այսպիսին է փաստերի բնավ ոչ ամբողջական ցանկը, որոնք վկայում են այն մասին, որ բռնաճնշումները մեր երկրում օրըստօրե թափ են հավաքում։ Դա չտեսնել կարող է միայն կույրը։ Ի դեպ, իրավական պետությունում դատավոր Դանիբեկյանին քրեական պատասխանատվության կենթարկեին կեղծ մատնության համար։

Տեսագրության կադրերում հստակ երևում է, որ լրագրողն ու օպերատորը ոչ մի անօրինական բան չեն անում։ Նրանք քայլում են Դանիբեկյանի հետևից և տալիս նույն հարցը. արդյոք իրեն համարո՞ւմ է «դռների տակ վնգստացող դատավոր», ինչին նա պատասխանում է լռությամբ։ Լռությունը, պետք է ենթադրել, համաձայնության նշան է

Основная тема:
Теги: