ԱՅԴ Ո՞ՒՄ ՏԵՂՆ ԵՆ ԴՐԵԼ ՄԵԶ

ԱՄՆ-ի սենատը ծրագրում է Հայաստանին հատկացնել 3,1 մլն դոլար, ի հավելումն արդեն հաստատված 17,6 միլիոնի, հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։ Լրացուցիչ օգնություն հատկացնելու նախաձեռնությունը պատկանում է սենատորներ Լինդսի Գրեհեմին և Քրիս վան Հոլենին և հաստատվել է սենատի դրամահատկացման կոմիտեի կողմից։ «Դրամահատկացումները նախատեսվում են ի լրումն Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից տրվող երաշխավորված գումարի՝ 17,6 ԱՄՆ դոլարի։ 1,5 միլիոն դոլար՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600.000 դոլար՝ միջազգային ռազմական կրթության և պրոֆեսիոնալ նախապատրաստության և 1 միլիոն՝ ԶՈՒ-ի ֆինանսավորման համար», ասվում է հաղորդագրության մեջ։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ։ Իհարկե, շնորհակալություն ամերիկյան սենատորներին, բայց նրանք, ըստ երևույթին, լավ չեն պատկերացնում, թե ինչպիսի երկիր է Հայաստանը բարեկեցության առումով։ Նրանք, ամենայն հավանականությամբ, կարծում են, թե երկիրը, որի բնակչության մեկ երրորդը պաշտոնապես համարվում է աղքատ, ֆինանսական աջակցության շատ մեծ կարիք ունի։ Սակայն մոլորության մեջ են ամերիկացիները, այն 3,1 միլիոնը, որ ԱՄՆ-ի սենատը ծրագրում է լրացուցիչ հատկացնել Հայաստանին, մեզ համար կոպեկներ են, առավելևս եթե խոսքը պետական օգնության մասին է։ Մեզ մոտ կառավարության ղեկավարի մեկ այցի վրա ծախսվում է համարյա այնքան փող, որքան ամերիկյան սենատորները պատրաստվում են հատկացնել, ասենք, միջազգային ռազմական կրթության և պրոֆեսիոնալ նախապատրաստության համար։ Մեզ մոտ Փաշինյանի մեկ այցը ԱՄՆ նստում է համարյա կես միլիոն դոլար, իսկ այդ նույն ԱՄՆ-ի սենատը կարծում է, թե 3,1 միլիոնը էական ֆինանսական աջակցություն է Հայաստանի համար։ Իհարկե, շնորհակալ ենք, իհարկե, եկած հավին «քշա» չեն ասում, բայց միևնույնն է, վիրավորական է։ Այդ ո՞ւմ տեղն են մեզ դրել։ Աղքատների՞։

Առհասարակ արտասահմանյան գործընկերներն ակնհայտորեն թերագնահատում են Հայաստանը, երբ գրանտներ են հատկացնում կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ մենք այն աստիճան հզոր ենք, որ մեր վարչապետը գրեթե կես միլիոն է ծախսում արտասահման կատարած հերթական այցի վրա։ Մենք հզոր ենք նաև այլ պատճառներով, որոնց մասին վերջերս խոսում էր կառավարության ղեկավարը։ Այսպես, օրերս Փաշինյանը հաղորդեց, որ ընթացիկ տարվա օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա օգոստոսի համեմատ կազմել է 7,6%, ինչը, իր կարծիքով, նշանակում է, թե Հայաստանը շարունակում է մնալ տնտեսական բարձր աճի դիապազոնում։ Վարչապետը ներկայացրեց նաև այլ ցուցանիշներ. արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 9,5%, շինարարության ոլորտում՝ 4,4%, ապրանքաշրջանառության աճը՝ 9%, ծառայությունների ոլորտում՝ 15,5%, ամսական միջին աշխատավարձի աճը՝ 5,7%, արտահանման աճը՝ 4,6%։ Իսկ բացի այդ, Նիկոլ Փաշինյանը հաղորդեց, որ 2019 թվականին Հայաստանը եվրոբոնդեր է թողարկել աննախադեպ ցածր տոկոսներով. 4,20%, ինչը երկրի տնտեսության նկատմամբ ահռելի վստահության դրսևորում է օտարերկրյա գործընկերների կողմից։

Եվ ահա հաշվի առնելով մեր տնտեսության նկատմամբ այդչափ ահռելի վստահությունը, հաշվի առնելով տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, կառավարության ղեկավարի վարկածով, առավել քան նշանակալի դրական միտումները, հաշվի առնելով այն, որ Փաշինյանը կարող է իրեն թույլ տալ գրեթե կես միլիոն ծախսել միայն մեկ արտասահմանյան այցի վրա, կարելի է արձանագրել, որ Հայաստանը ոչ թե պարզապես հաջող զարգացող, այլև առհասարակ հարուստ երկիր է։ Ուստի փոքր-ինչ տարօրինակ են թվում պարբերական ֆինանսական աջակցությունները այլ պետությունների կողմից։

Փաշինյանի ամերիկյան այցի գինը հասարակական մեծ արձագանք հարուցեց, ինչը միանգամայն բնական է։ Բուրժույական վարքուբարքը դժվար է արդարացնել փոքրիշատե համոզիչ փաստարկներով։ Թեև գործող իշխանության կողմնակիցները, ինքնամոռաց պաշտպանելով նրան, մշտապես վկայակոչում են նախկին իշխանության պահվածքը։ Իբր՝ իսկ դուք հիշեք, թե ինչեր էին իրենց թույլ տալիս նախկինները։ Բայց այն, որ նախկիններն արժանի են կշտամբանքի և դատապարտման, դեռ չի նշանակում, թե նորերը պետք է գերազանցեն իրենց նախորդներին։ Շռայլություն անել հարկատուների փողերի հաշվին, ժողովրդի փողերի հաշվին, որի մեկ երրորդը համարվում է աղքատ, շվայտություն թույլ տալ երկրի բյուջեի հաշվին, որին մշտապես ֆինանսական օգնություն են ցուցաբերում օտարերկրյա գործընկերները. սա չի կարող արդարացվել ո՛չ հին, ո՛չ էլ առավելևս նոր Հայաստանի պայմաններում

Основная тема:
Теги: