ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ, ՔԱՂՑՐԱԲԼԻԹՆԵՐՆ ՈՒ ԴԵՂԱՀԱԲԵՐԸ

Իսկ դուք որևէ մեկին պարտք կտայի՞ք 45 տարով…

Ինչպեսև Ամուլսարի պարագայում, ներկայիս իշխանության ներկայացուցիչներից շատերը ժամանակին ակտիվորեն բողոքում էին կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ։ Բայց ժամանակները փոխվել են, ակտիվիստները փողոցներից տեղափոխվել են հարմարավետ աշխատասենյակներ, և մեր կյանքի առանցքային խնդիրների նկատմամբ նրանց հայացքներում զարմանալի փոփոխություններ են տեղի ունեցել…

Բնավ ոչ անվիճելի և ամեն կողմից անողորմաբար քննադատվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվեց 2014 թվականի հունվարի 1-ից և, ինչպես ենթադրվում էր, պետք է գործի 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։ Սակայն, քանի որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ ճանաչվեցին Հայաստանի Սահմանադրությանը չհամապատասխանող, պարտադիր բաղադրիչը նախնական շրջանում կիրառեցին միայն հնազանդ բյուջետայինների նկատմամբ, որոնք, ուղիղն ասենք, ճար չունեին։ Պարտադիր բաղադրիչի սահմանումը մասնավոր հատվածի համար մի քանի անգամ հարկադրված հետաձգեցին հասարակության վճռական հակազդեցության պատճառով։

Վերջին հետաձգումը գործում էր մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, երբ երկրում տեղի էին ունեցել քաղաքական փոփոխություններ և, ինչպես ենթադրվում էր, կենսաթոշակային համակարգի բարեփոխումը նոր իշխանության կողմից պիտի կասեցվեր կամ էլ առնվազն չեղարկվեին կամ վերանայվեին համապատասխան օրենքի առավել վիճելի դրույթները. մասնավորապես՝ անհիմն երկարաձգված և համաշխարհային տնտեսության մեջ չընդունված 45 տարի ժամկետը (առավելագույն), որի ընթացքում ապագա թոշակառուների միջոցներին տնօրինելու են համապատասխան կառավարող ֆոնդերը։

Այսինքն ներկայիս 18-ամյա սկսնակ վարձու աշխատողը մինչև 63-ամյա հասակում թոշակի անցնելը ստիպված է լինելու ամեն ամիս կենսաթոշակային ֆոնդին փոխանցել միանգամայն պատկառելի գումար՝ այն երևութական հաշվարկով, թե 45 տարի անց իրեն կվերադարձնեն արժանավայել ծերության համար արված խնայողությունները։ Բայց այդ երկարուձիգ ճանապարհին, անշուշտ, ի հայտ կգան բազմաթիվ ռիսկեր. սկսած գնաճից, փոխարժեքներից և վերջացրած գալիք կառավարությունների մոտեցումների փոփոխություններով։ Ումի՞ց պահանջել գումարները, ասացեք խնդրեմ, գրեթե կես դար անց։

Սակայն, ինչպես արդեն նշվեց, որոշ կարևոր բարեփոխումների մասին իշխանության եկած նախկին ընդդիմադիրների պատկերացումները արմատապես փոխվել են։ Այսպես, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկմանը նվիրված ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց, որ երկրի կենսաթոշակային համակարգում արված փոփոխությունները, որոնք նախատեսում են պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրում, անցել են անդարձելիության կետը, փաստացի համաձայնելով նախկին իշխանությունների ձեռնարկած բարեփոխման հայեցակարգին։

Ճիշտ է, որպեսզի երևութականություն ստեղծվի, թե իբր նոր կառավարությունը հաշվի առավ առաջարկվող բարեփոխման ակտիվ մերժումը հասարակության կողմից, փոփոխեցին Կենսաթոշակային ֆոնդին քաղաքացու և պետության հատկացումների հարաբերակցությունը։ Եթե նախկինում ապագա թոշակառուն փոխանցում էր իր աշխատավարձի 5%-ը և նույնքան էլ նրա կենսաթոշակային հաշվեհամարին հատկացվում էր պետբյուջեի միջոցներից, ապա 2018 թվականի հուլիսի 1-ից քաղաքացիների բեռը թեթևացվեց մինչև 2,5%-ի՝ պետբյուջեի ծանրաբեռնումը մինչև 7,5% բարձրացնելու հաշվին, ընդ որում այսուհետ պարտադիր բաղադրիչն արդեն ներառեց նաև մասնավոր հատվածը, այսինքն դարձավ համընդգրկուն։ Հենց այդ ճարպիկ քայլը այն ժամանակ թույլ տվեց «ժողովրդական վարչապետին» հայտարարել… 207 հազար մարդու աշխատավարձի բարձրացման մասին։

Սակայն «քաղցր դեղահաբը» շուտով կհալչի, քանի որ գրեթե միաժամանակ հայտարարվեց քաղաքացու և պետության վճարումների նախնական՝ 5%-5% հարաբերակցությանն աստիճանաբար վերադառնալու կառավարության մտադրության մասին։ Բայց այս անգամ էլ գործադիր իշխանությունը «քաղցրաբլիթ» է պատրաստել ապագա թոշակառուների համար։ Դա արտահայտվում է նրանով, որ քաղաքացու բեռը կրկին 5%-ի հասցնելը կուղեկցվի եկամտահարկի նվազումով, ինչը, կառավարության մտահղացմամբ, կզրոյացնի այդ բեռը։

Բավական վիճելի պնդում է, եթե հաշվի առնենք, որ վարձու աշխատողների եկամտահարկը վճարում է աշխատատուն, այնպես որ միանգամայն հնարավոր է, որ եկամտահարկի նվազող դրույքի պարագայում աշխատատուն անփոփոխ կթողնի մեր աշխատավարձը։ Այսպիսով, ունենալով եկամտի նույն չափը, մենք Կենսաթոշակային ֆոնդին կփոխանցենք աշխատավարձի ոչ թե 2,5%-ը, այլ, ինչպեսև նախկինում, ամբողջ 5%-ը։

Եվ կառավարությունն արդեն գործի է անցել։ Այսպես, ս.թ. հունիսի 27-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ, համաձայն որոնց՝ այն դեպքում, եթե ձեր աշխատավարձը չի գերազանցում 500 հազար դրամը (իսկ այդ դիապազոնի մեջ է, անշուշտ, աշխատավարձերի գերակշիռ մասը երկրում), Կենսաթոշակային ֆոնդին ձեր հատկացումները 2021 թվականի հունվարի 1-ից կավելանան 2,5%-ից 3,5%-ի, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ մինչև 4,5%-ի։ Այսինքն իրավիճակը փաստացի կվերադառնա նրան, ինչի դեմ այնքան կատաղի բողոքում էին դեռ մինչև «թավշե հեղափոխությունը», այդ թվում նաև, կրկնենք, ներկայիս իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Ինչի դեմ պայքարում էին, նրան էլ դե՞մ առան։

Բացի այդ, հիշեցնենք, որ արդեն 2020 թվականի հուլիսի 1-ից կփոխվի սոցիալական ապահովագրության վճարը հաշվարկելու առավելագույն շեմը և ներկայումս գործող 500 հազար դրամից կհասնի ամսական նվազագույն աշխատավարձի 15-ապատիկ չափի, այսինքն շեմը կբարձրացվի մինչև 825 հազար դրամի (55 հազար դրամ x 15)։ Արդյունքում արդեն հաջորդ տարվա հուլիսի 1-ից կտրուկ կփոխվի նաև վարձու աշխատողներից գանձվող սոցիալական վճարը. 12,5 հազար դրամ ամրագրված գումարից՝ մինչև 45 հազար դրամի։ Եվ դա միայն ներկայումս գործող ամսական նվազագույն աշխատավարձի պայմաններում (55 հազար դրամ), որը, ինչպես հայտնի է, կբարձրացվի մինչև 68 հազարի։ Եվ համապատասխանաբար…

Տպավորություն է ստեղծվում, թե մեզ պարզապես խաբում են։ Մի կողմից, անդադար հայտարարում են բնակչության որոշ մասնագիտական խավերի աշխատավարձը «գրոշներով» բարձրացնելու մասին (ուսուցիչներ, զինծառայողներ, ԱԻՆ աշխատակիցներ, անտառապահներ, պոլիկլինիկաների բուժաշխատողներ), իսկ մյուս կողմից՝ մեր ամենքիս վրա դնում են լրացուցիչ բեռ, որը գերազանցում է այդ բարձրացումները։ Ընդ որում շահառու է մնում «ժողովրդական կառավարությունը», բայց բնավ ոչ ինքը՝ ժողովուրդը։

Основная тема:
Теги: