Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱԼԻԵՎԻ. ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ ՆՇԱՆԸ ՎԱՂՈՒՑ Է ԴՐՎԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ

Իլհամ Ալիևի ելույթը «Վալդայ» միջազգային ակումբի Սոչիում կայացած նիստում իսկական էքստազ առաջացրեց Բաքվի ԶԼՄ-ներում։ Թվում է՝ ոչ մի նոր բան չէր ասվել, ադրբեջանական քարոզչության նույն սովորական թեզիսներըբացառությամբ մի բանի. Ալիևը արձագանքեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Այստեղ երկու տարբերակ կա. կա՛մ նրա աշխատակազմի վերլուծաբաններին անհրաժեշտ եղավ ավելի քան երկու ամիս մտածել, որպեսզի վերջապես պատասխան գտնեն, կա՛մ էլ Ալիևը համարձակվեց հայտարարել. «Ղարաբաղը դա Ադրբեջանն է։ Եվ բացականչական նշան», միայն Սերգեյ Լավրովի մեկնաբանությունից հետո, որ արել էր նույն ակումբի նիստի նախօրեին։

«Վալդայը», ինչպես հայտնի է, փակ բանավիճային ակումբ է, որի նիստերին մասնակցում են միայն դրա անդամները։ Իլհամ Ալիևը ներկա էր և ելույթ ունեցավ որպես հատուկ հյուր, հրավիրված, պետք է ենթադրել, Վլադիմիր Պուտինի կողմից։ Թե ինչպես պատահեց, որ Ադրբեջանի նախագահին տրամադրվեց բավական հեղինակավոր ամբիոն, որից նա տիրաժավորեց իր քարոզչության բավական կասկածելի թեզիսները, և ինչու հրավիրված չէին Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները, որպեսզի տրված դիսկուրսը չկրեր այդչափ ակնհայտ միակողմանի բնույթ, առանձին հարց է, ընկած հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակի խորքային հարթության վրա։ Ուշադիր դիտարկման են արժանի նաև Սոչիում Պուտին-Ալիև հանդիպման ընթացքում և դրանից հետո արված հայտարարությունները, որոնք վերաբերում էին ռուս-ադրբեջանական տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությանը։

Վերադառնանք, սակայն, Ալիևի ելույթին, մասնավորապես՝ դրա երկու կանխադրույթներին։ Նախևառաջ պետք է նշել, որ Ադրբեջանի նախագահը օգտագործեց «Վալդայի» ամբիոնը, որպեսզի պատասխանի Նիկոլ Փաշինյանին՝ վերջին ամիսներին Հայաստանի վարչապետի արած հայտարարությունների երկու առանցքային կետերի վերաբերյալ։ Այն է՝ «հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար» և որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Մեկնաբանելով Փաշինյանի առաջին թեզիսը, Ալիևը հպայտարարեց, որ գոյություն չունի «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» հասկացություն, կա «Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչև հակամարտությունը բաղկացած էր հավասար իրավունքներով օժտված ադրբեջանցի և հայ բնակչությունից։

Նման հայտարարությունը լիովին օրինաչափ է մի ժողովրդի առաջնորդի համար, որն արհեստականորեն կազմավորվել է խորհրդային ժամանակներում՝ անցած հարյուրամյակի 30-ական թվականներին, որոշակի քաղաքական նպատակներով։ Սրան վերաբերվենք ներողամտորեն և դրա հետ կապված խնդիրների ամբողջության ըմբռնումով։ Մինչդեռ մեզ համար «ժողովուրդ» հասկացությունը, իսկ Արցախի վերաբերյալ կիրարկմամբ՝ «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը» միշտ ունեցել է և ունի առանձնակի նշանակություն ու առանձնակի իմաստ։ 80-ականների վերջին բնավ ոչ պատահաբար առաջացած ազգային-ազատագրական շարժումը ծնվեց «Միացում» նշանի ներքո. բաժանված հայ ժողովրդի երկու մասերի վերամիավորման։ Հասկանում է դա Ալիևը, թե անկարող է հասկանալ, այլ հարց է, որը պատմաքաղաքական փաստերի և արդի իրողությունների խորապատկերին դժվար թե արժանի է լուրջ դիտարկման։

Այս համատեքստում նույնքան ցուցանշական է լեգենդար Լեոնիդ Ազգալդյանի «Սա Հայաստան է, և վե՛րջ» հանրահայտ խոսքերի մեկնաբանությունը Բաքվի չինովնիկների կողմից։ Հիշեցնենք, որ արտահայտությունն ամբողջությամբ հնչում է այսպես. «Ոչ մի թիզ հող չպետք է կորչի, սա Հայաստան է, և վե՛րջ», հիշեցնենք նաև, որ դա ասվել է 1992 թվականին, ռազմական գործողությունների և հայկական բանակի ձևավորման ամենաթեժ պահին, որի հիմնադիրներից և առավել ականավոր հրամանատարներից էր Արցախի Հերոս Լեոնիդ Ազգալդյանը։ Իսկ բացականչական նշանը վերամիավորված հայ ժողովրդի կողմից վերջնականապես դրվեց ևս երկու տարի անց. Ղարաբաղյան պատերազմում հաղթանակով։

Ընթացիկ տարվա օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանն ընդամենը կրկնեց Ազգալդյանի խոսքերը Ստեփանակերտում։ Թե քաղաքական տեսանկյունից որքանով էր դա արդարացված ներկայիս իրավիճակում, միանգամայն այլ հարց է։ Իսկ փաստն այն է, որ Ալիևը փոքր-ինչ ուշացավ իրողությունները նկատի առնելու դեպքում խիստ անհեթեթ իր «բացականչական նշանով»։ Անվազն քառորդ դարով։