ՀԿԵ-ՈՒՄ ԱՄՓՈՓԵՑԻՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ավարտվեցին գծի և ենթակառուցվածքների գարնանային հանձնաժողովային ստուգումները: Հանձնաժողովը, ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ, ստուգել է Հայաստանում գործող բոլոր երկաթուղային գծերը, ենթակառուցվածքները և արհեստական կառույցները, էլեկտրամատակարարման, ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի օբյեկտները:

Ստուգումների ընթացքում հայտնաբերվում են թերություններ, ձեռնարկվում դրանց վերացմանն ուղղված միջոցներ, գնացքների սահմանված արագությունները համապատասխանեցվում են ուղու տեխնիկական վիճակին, երկաթուղին նախապատրաստվում է ամառային շրջանում կայուն աշխատանքին` հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները: Լուրջ ուշադրություն է դարձվում աշխատանքային պայմաններին և դրանց համապատասխանությանը գործող օրենսդրությանը և ընկերության ներքին կանոնակարգերին:

Երկաթուղային ենթակառուցվածքների վրա ամենատարածված և խնդրահարույց արտաքին ազդեցությունների թվում են՝ քաղաքացիների կողմից ապօրինի գծանցների կազմակերպելը, գծերում կենցաղային աղբի կուտակումը, քաղաքացիների կողմից երկաթուղու գույքի կամայական օգտագործումը, ավտովարորդների և ֆերմերների կողմից երկաթուղային գծերի հատման կանոններին չհետևելը, ինչը հանգեցնում է ՃՏՊ-ներին և գծերի վրա հայտնված խոչընդոտների հետ շարժակազմի բախումներին:

Ապրիլի 13-ից մեկնարկել է երկաթուղային գծերի հիմնանորոգման պլանային գործընթացը: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի համար հաստատված ենթակառուցվածի վերանորոգման ծրագրի համաձայն, նախատեսվում է հիմնանորոգել 8 կմ գիծ, տեղադրել 17 հազար նոր երկաթբետոնե կոճ, փոխարինել 13,2 հազար տոննա խճաքար, վերանորոգել 7 կմ կոնտակտային ցանց և արդիականացնել Հրազդան-Սևան հատվածի էլեկտրական կենտրոնացման կայանը: Ընթացիկ տարվա ՀԿԵ ներդրումային ծրագրի համաձայն, միայն ենթակառուցվածքային նախագծերին ուղղվելու է 1 միլիարդ 845 միլիոն դրամ:

Շարունակվում է շարժակազի արդիականացման գործընթացը: 2020 թվականի հունվարին Հայաստան է բերվել անցյալ տարի գնված 40 միավոր կիսավագոն, մինչև տարեվերջ գնվելու է ևս 70 կիսավագոն: Առաջիկայում ընկերությունը կստանա ՎԼ-10 տիպի ևս երկու էլեկտրաքարշ: Ընդհանուր առմամբ, շարժակազմի ոլորտում 2020 թվականի ներդրումները կկազմեն 2 միլիարդ 590 միլիոն դրամ:

Հակահամաճարագային միջոցառումների շրջանում Հարավկովկասյան երկաթուղում գրանցվել է ուղևորափոխադրումների ծավալների անկում 17,7%-ով, հունիսի սկզբի դրությամբ միջազգային ուղևորափոխադրումների վերսկսում չի նախատեսվում: Դեպի նվազում վերանայվել են նաև 2020 թվականի բեռնաշրջանառության ցուցանիշները: Չնայած դրան, ընթացիկ տարվա ներդրումային ծրագրի ցուցանիշները կիրականացվեն ամբողջությամբ՝ միաժամանակ պահպանելով դրանց էական աճի հնարավորությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Основная тема:
Теги: