ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԼԵՖ Է ԱՆՈՒՄ

Հայկական տնտեսությունը «տնից դուրս եկավ» և... հայտնվեց է՛լ ավելի խոր մինուսի մեջ

Մեր նախորդ համանման մակրոտնտեսական դիտազննումը (ընթացիկ տարվա 4 ամիսների վերաբերյալ) վերնագրված էր «Ապրիլի գարշահոտ «հատապտուղները»: Հայկական տնտեսությունը «նստեց տանը» և հայտնվեց մինուսի մեջ»։ Մայիս ամսվա թարմ վիճակագրությունն ապացուցում է այդ նյութի ենթավերնագրում հնչեցված միտքը

Ս.թ. հունիսի 25-ին ՀՀ վիճկոմիտեն մակրոտնտեսական թարմ տվյալներ ներկայացրեց այն մասին, թե ինչպես է զարգացել երկրի տնտեսությունը 5 ամիսների ընթացքում՝ 2020 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում: Ստորև մենք կտեղեկանանք, թե ինչ ավանդ է ներդրել մայիսը ընդհանուր մակրոտնտեսական պատկերում։ Հիշեցնենք, որ նշված ամսին տնտեսական սահմանափակումներն աստիճանաբար հանվեցին, սակայն աշխատանքը վերսկսած ձեռնարկություններում պարբերաբար տեղի էին ունենում վարակման բռնկումներ, և արտակարգ դրության ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշումներով՝ երկրում ամեն օր տարբեր ժամկետներով կրկին փակվում են տնտեսվարող հարյուրավոր օբյեկտներ՝ համաճարակաբանական նորմերի խախտումների համար։

Համանման նախորդ դիտազննումներում մենք արձանագրել ենք, որ երկիրն արագ կորցնում է տնտեսական զարգացման տեմպերը։ Սակայն դրանք լոկ «ծաղիկներն» էին, քանի որ 1-ին եռամսյակի 3 ամիսների միայն երկու շաբաթը կարելի է անվանել, այսպես ասած՝ «կորոնավիրուսային». չէ՞ որ ընդհուպ մինչև երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելը (մարտի 16) վարչապետ Փաշինյանը դեռևս շարունակում էր իր անիմաստ քարոզչական հանրահավաքները Սյունիքում, իսկ նրա կինը անխռով քարոզչական բուկլետներ էր բաժանում Երևանի փողոցներում. համապատասխանաբար՝ անխռով գործում էր նաև ողջ տնտեսությունը։ Բայց արդեն ապրիլին հաջորդեցին գարշահոտ «հատապտուղները». մասնավորապես, 2020 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազեց, հասնելով մինուսի (98,3%): Իսկ հունվար-մայիս ամիսների ընթացքում այդ կարևորագույն ցուցանիշը է՛լ ավելի իջավ. մինչև 96,1%, այսինքն 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսությունը կորցրեց գրեթե 4 տոկոս։

Հաշվի առնելով, որ ողջ ապրիլ ամսին տնտեսությունը, այսպես ասած, «նստած էր տանը», և երկրում, վարչապետ Փաշինյանի խոսքերով, փակվել էր գրեթե 70,5 հազար աշխատատեղ, բայց արդեն մայիսին, երբ տնտեսական գործունեության սահմանափակումները հանվեցին, դրանցից 50 հազարից քիչ ավելին վերականգնվել է, մայիսյան ցուցանիշները, ըստ էության, պետք է փոքր-ինչ շտկեին նախորդ պատկերը, սակայն, ինչպես երևում է տնտեսական ակտիվության ցուցանիշից և ստորև ներկայացված այլ թվերից, իբր ավելի բարվոք մայիսի ցուցանիշների ներառմամբ՝ իրավիճակը է՛լ ավելի է վատացել։ Ուստի այն, թե ինչպես է ստացվել, որ գործնականում բոլոր ցուցանիշների մայիսյան համատարած անկման խորապատկերին հաջողվել է վերականգնել ավելի քան 50 հազար աշխատատեղ, հայտնի է միայն Փաշինյանին։

Սկսենք արտաքին առեվտրային շրջանառությունից, որը ապրիլի ներառմամբ, ինչպես հաղորդել ենք նախորդ դիտազննման մեջ, կրճատվել է մինչ 89,6%-ի, իսկ մայիսին շարունակել է անկումը մինչև 88,8%-ի: Ըստ այդմ ՝ արտահանման ծավալների աճի տեմպերը, որոնք 4 ամիսների արդյունքներով կտրուկ հասել են մինուսային ցուցանիշի (91,9%), 5 ամսում շարունակել են մնալ նույն դիրքում։ Իսկ ինչ վերաբերում է ներկրմանը, ապա դրա աճը կանգ է առել արդեն 2 ամսվա արդյունքներով (99,2%)՝ է՛լ ավելի խորանալով 1-ին եռամսյակի արդյունքներով. 93,8%, իսկ 4 ամսվա ընթացքում՝ ընդհանրապես հայտնվելով խոր մինուսի մեջ. 88,5%: 5 ամսվա կտրվածքով այդ ցուցանիշը նույնպես շարունակել է անկումը. 87,2%։

Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճի տեմպերով 1-ին եռամսյակի արդյունքներով մենք ունեցել ենք 108,7%. 4 ամսում՝ 104,2%, իսկ 5-ում՝ 102,4%, այսինքն արդյունաբերական համալիրում անկումն անշեղորեն շարունակվում է, թեև դա միակ ճյուղն է (բացի էլեկտրաէներգիայի արտադրությունից), որ դեռ մնում է պլյուսային գոտում։ Անկում է արձանագրվել նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում (ս.թ. հունվար-մարտ ամիսներին՝ 114,8%, հունվար - ապրիլին՝ 110,3% և հունվար-մայիսին՝ 108,3%)։

Վերջին 2 տարիներին տնտեսական աճի ավանդական «լոկոմոտիվները» նույնպես «դուրս են եկել ռելսերից»։ Այսպես, ծառայությունների ոլորտը 4 ամսվա ընթացքում ցած է գլորվել 100,1%-ի՝ կանգ առնելով բառացիորեն անկման եզրին, բայց արդեն մայիսի հավելումով վճռականորեն մտել է «կարմիր» գոտի. 95,8%։ Իսկ այ ներքին առևտրաշրջանառությունը, որը դեռևս 1-ին եռամսյակում մի կերպ մնում էր «կանաչ» գոտում (100,2%), 4 ամսվա արդյունքներով փլուզվել է մինչև 91,4%-ի, իսկ 5 ամսում՝ 89,2%-ի։

Շինարարության ոլորտում արդեն 1-ին եռամսյակի արդյունքներով գրանցվել է կտրուկ անկում. 90,6%։ 4 ամսվա ընթացքում ցուցանիշն ավելի ցա՞ծր է. ընդամենը 78,1%։ 5 ամսվա կտրվածքով, երբ կառավարության ազդարարմամբ արդեն պետք է դրական տեղաշարժեր դիտարկվեին «մասշտաբային կապիտալ շինարարության» հաշվին, ցուցանիշը է՛լ ավելի ցածր է. 76,6%։ Այսինքն այս կարևոր ոլորտում տարեսկզբին նշմարվող համեստ դրական միտումներն այսօր փլուզվել են՝ հասնելով խոր մինուսային նիշերի։ Ո՞վ է կրկին անամոթաբար ստում երկրում «չտեսնված թափ» առած կապիտալ շինարարության ծրագրերի մասին։

Մակրոտնտեսական կայունության մեկ այլ կարևորագույն ցուցանիշը՝ գնաճը, փաստորեն, այսպես ասած, դադարել է գոյություն ունենալ ՝ կազմելով աննշան 100,3%, ինչը կառավարության նպատակային մակարդակի նույնիսկ ամենացածր շեմից (102,5%) ավելի ցածր է, և դա շատ վատ է մակրոտնտեսական կայունության տեսանկյունից։ Նույն ցուցանիշն է նաև արդյունաբերական գնաճի պարագայում, ինչը, իր հերթին, կործանարար է արդյունաբերական արտադրության համար։

Ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարությանը ոչ մի կերպ չի հաջողվում ողջամիտ փոխզիջում ապահովել մարդկանց առողջության և տնտեսական նկատառումների միջև։ Ընդ որում վարչապետը հրաժարվում է հրապարակավ որևէ պատասխանատվություն հանձն առնել ստեղծված ծայրահեղ իրավիճակի համար, ողջ մեղքը բարդելով ինչ-որ հանգամանքների, մարդկանց անհատական պահվածքի վրա, և նույնիսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շուրթերով հանդիմանելով ամբողջ երկրների (Վրաստան)։

Основная тема:
Теги: