ԱԶԲ-Ն ԵՎ ՎԶԵԲ-Ը ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համապատասխանաբար՝ 25 մլն և 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ) շրջանառու կապիտալի համալրման նպատակով:
Այս օժանդակության նպատակն է ամրապնդել ու բարձրացնել ՀԷՑ-ի իրացվելիությունը, ապահովել ընկերության գործունեության շարունակականությունը՝ կենսական նշանակության ծառայությունների մատուցումը, աջակցել առանցքային ենթակառուցվածքներին համավարակից անկախ աշխատելու համար: Վարկային միջոցները հնարավորություն կտան պահպանել հուսալի և անխափան ծառայությունների մատուցման որակը համավարակի տնտեսական հետևանքների վերացման ուղղված պայքարի պայմաններում։
«Ներկայումս դիմակայում ենք մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերին: COVID-19-ի համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը․ այն նաև լուրջ սոցիալական ու տնտեսական խնդիրների առջև է կանգնեցնում»,- նշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: «Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱԶԲ-ի և ՎԶԵԲ-ի մեր գործընկերներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում իրենց հանձնառության և մեծ օժանդակության համար»:
ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի խոսքով. «Համավարակն իր ազդեցությունն ունի թե՛ տնտեսության, թե՛ հասարակության վրա: ՀԷՑ-ի աշխատանքը խիստ կարևոր է Հայաստանի էներգետիկ ոլորտի և տնտեսության համար: Մենք ուրախ ենք ՀԷՑ-ին՝ Հայաստանում մեր կարևոր գործընկերոջը, աջակցելու համար»:
«ԱԶԲ-ն սերտ հարաբերություններ ունի ՀԷՑ-ի հետ, և ուրախ ենք այս աջակցությունը տրամադրելու համար: Կարծում ենք, որ այն նախադեպ կհանդիսանա ճգնաժամի տնտեսական հետևանքների նվազեցմանն ուղղված մասնավոր հատվածի հետագա միջոցառումների համար», – նշել է ԱԶԲ-ի մասնավոր հատվածի գործառնությունների վարչության Հարավային Ասիայի, Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Ասիայի ենթակառուցվածքների ֆինանսավորման գծով տնօրեն Շանտանու Չակրաբորտին:
ՀԷՑ-ն ընդգրկված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում: «Տաշիր» ընկերությունների խումբը արդյունաբերական և շինարարական խոշորագույն դիվերսիֆիկացված ընկերություններից մեկն է, որը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնության մի քանի տնտեսական ոլորտներում: 2017թ-ին ԱԶԲ-ն և ՎԶԵԲ-ը 160 միլիոն ԱՄՆ դոլարի (յուրաքանչյուրն 80 միլիոն) վարկային միջոցներ են տրամադրել ՀԷՑ-ին, որով նախատեսված է բարելավել էլեկտրաէներգիայի բաշխման որակը և բարձրացնել էներգետիկ անկախությունն ու արդյունավետությունը:
Էներգամատակարարման արդյունավետության բարձրացումը ՎԶԵԲ-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: Հայաստանում ՎԶԵԲ-ը առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է և ակտիվ գործում է տնտեսության բոլոր ոլորտներում: Հայաստանում իր գործունեությունն սկսելով 1992 թվականին՝ ՎԶԵԲ-ը 1.36 միլիարդ եվրոյի ներդրում է կատարել 178 նախագծում, որոնք ներկայացրել են ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտները, ընդ որում ներդրումների 90%-ը կատարվել է մասնավոր հատվածում:
ԱԶԲ-ն նպատակ ունի հասնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ձևավորմանը՝ միևնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր, որից 49-ը՝ տարածաշրջանից։