Ավստրիայի ԱԳՆ-ը կկանչի Թուրքիայի դեսպանին

Ավստրիայի ԱԳՆ-ը երկուշաբթի օրը զրույցի համար կանչի Թուրքիայի դեսպանին՝ կապված թուրք երիտասարդների մասնակցությամբ անկարգությունների հետ, որ տեղի են ունեցել Վիեննայում քրդական ցույցերի ժամանակ։

«Մենք թույլ չենք տա, որ կոնֆլիկտները Թուրքիայից Ավստրիա տեղափոխվեն և դրանք կազմակերպվեն մեր փողոցներում»,- Kronen Zeitung թերթը մեջբերում է կանցլեր Սեբաստիան Կուրցին, ով արդեն ուժեղացված ոստիկանական պարեկություն է սահմանել հատուկ լարվածության վայրերում:

Նրա խոսքերով՝ Ավստրիան չի ցանկանում տեսնել իր տարածքում, հատկապես Վիեննայում, բռնության պատկերներ, որոնք տեղի են ունենում այսօր այլ երկրներում:

Կանցլերը ՆԳՆ-ին հանձնարարել է հայտնաբերել անկարգություններ հրահրողներին: Նախատեսվում է նաև կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել թուրքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի խոսքերով՝ ավստրիական կողմը վրդովված է անցած օրերի անկարգություններից և դրանք անընդունելի է համարում: Նա ընդգծել է, որ Թուրքիայի դեսպանը պատասխանատվություն է կրում այն բանի համար, որպեսզի ազդի անկարգությունների մասնակիցների վրա՝ լարվածությունը թուլացնելու նպատակով:

Շաբաթ օրը Վիեննայում անցկացվել է քրդական ցույցերի չորրորդ օրը՝ հակաֆաշիստական շարժումների մասնակցությամբ, որոնք դեմ են Թուրքիայի ղեկավարության քաղաքականությանը: Քաղաքում տեղակայված են ուժեղացված ոստիկանական ստորաբաժանումներ, ջրցաններ: Ցույցերի կազմակերպման վայրում մի քանի օր ոստիկանական ուղղաթիռ է շրջել:

Աննախադեպ բախումները Վիեննայում սկսվել են հունիսի 24-ին՝ Ֆավորիտեն 10-րդ թաղամասում կանանց իրավունքների պաշտպանության համար քրդական խաղաղ ցույցի ժամանակ: Ագրեսիվ թուրք երիտասարդները սկսել են ցուցադրել «Մոխրագույն գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման ժեստերը, ցուցարարներին ուղղված վիրավորանքներ են բղավել և փորձել են խափանել ցույցը:

Հունիսի 24-ին քուրդ ցուցարարների աջակցությամբ հանդես են եկել հակաֆաշիստական և ձախակողմյան կազմակերպությունները: Թուրք երիտասարդները երթի մասնակիցների վրա քարեր և շշեր են նետել, իսկ այնուհետև պայթուցիկներով ու երկաթյա ձողերով հարձակվել են ոստիկանների վրա։

Հինգշաբթի և ուրբաթ օրերին սադրիչների ագրեսիվ գործողություններից տուժել են մի շարք իրավապահներ, որոնք միջոցներ են ձեռնարկել երկու կողմերի մասնակիցների միջև ուղիղ բախումը կանխելու համար: Վնասվել են նաև կայանված մեքենաներ, վնասներ են հասցվել շենքերին, հայտնում է ՏԱՍՍ-ը: