ԶԼՄ-ՆԵՐԻ ՈՐՍ

Իշխանությունները շտապում են, քանի որ կորոնավիրուսը, մի կողմից՝ իրենց համար հեշտացնում է սանձարձակ կամայականության հաստատման, անցանկալի և պարզապես հակասահմանադրական օրենքների ընդունման խնդիրը, ինչպես դա տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի պարագայում, բայց մյուս կողմից՝ կա այն գիտակցումը, որ հարյուրավոր մահերի համար ներում չի լինելու, և արտակարգ դրության ռեժիմի ավարտը դառնալու է այս իշխանության վերջը։ Ուստիև պետք է հասցնել իրականացնել պատվիրված բոլոր ծրագրերը, ապացուցել, որ զուր չէ խաղադրույք արվել իրենց վրա։

Խորհրդարանում իր վերջին ելույթի ժամանակ, 2019 թվականի բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ քննարկումներում վարչապետը խոսում էր ամենևին ոչ բյուջեի մասին։ Ելույթը հետամտում էր երկու նպատակ. նախ՝ ոգևորել իր քաղաքական թիմին, որը վերջին շրջանում փոքր-ինչ վհատ տեսք ունի, երկրորդ՝ տալ ընդդիմախոսների չեզոքացմանն ուղղված քաղաքական նոր նպատակադրույթներ։

Ցուցանշական է, որ այդ ելույթում, որում նա հայտարարեց, թե ժողովրդին ստող քաղաքական ուժը իրավունք չունի լինել խորհրդարանում, վարչապետը կրկին ստում էր ու մանիպուլյացիաներ անում։ Օրինակ, հայտարարեց, թե «Բարգավաճ Հայաստանը» ի աջակցություն Ծառուկյանի հանրահավաք կազմակերպելու համար կես միլիոն դոլար է ծախսել, իսկ կարողացել է հավաքել ընդամենը 200 մարդու։ Բնականաբար, պնդումը ոչնչով հաստատված չէ և երբեք չի հաստատվի։ Ինչպեսև նրա այն հայտարարությունը, թե ԱԺ ոմն պատգամավոր ղեկավարում է 3500 ֆեյքերի, և թե ԲՀԿ-ն խորհրդարանում հայտնվել է ընտրակաշառքների ճանապարհով։ Հիշեցնենք, որ խորհրդարանական վերջին ընտրությունները, որտեղ ԲՀԿ-ն զբաղեցրել է երկրորդ տեղն ու հայտնվել խորհրդարանում, տեղի են ունեցել արդեն Նիկոլ Փաշինյանի օրոք, և նրա իշխանությունը որևէ փաստ չի բացահայտել, որը կհաստատեր, թե ԲՀԿ-ն քարոզարշավի ընթացքում կաշառք է բաժանել ընտրողներին։

Բայց վարչապետի ելույթի գլխավոր նպատակը մեկնարկ տալն էր լրատվամիջոցների դեմ նոր արշավին։ Ինչեր ասես, որ չհնչեցրեց նա ԶԼՄ-ների հասցեին՝ հաշվետու լինելով 2019 թվականի բյուջեի կատարման համար... Հայտարարեց, թե նախկին նախագահները «իրենց թալանած փողերով ֆեյքերի գումարտակներ են ֆինանսավորում»։ Ստեց այն մասին, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ին «Երկիր»-ի էջերում հրապարակվել է դիակի լուսանկար Հանրապետության հրապարակում։ Իսկ հետո հաջորդեցին բացարձակ սրբապիղծ պնդումներ, թե հայրենի ԶԼՄ-ների օգնությամբ հիբրիդային պատերազմ է մղվում Հայաստանի ժողովրդի դեմ։ Ավելին, լրատվամիջոցները մարդկանց դրդում են մահվան... Այսինքն նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողման մեղքը բարդեց ԶԼՄ-ների վրա…

... Պետք է պատշաճը մատուցել Սահմանադրական դատարանի դատավորներին։ Առաջին հերթին՝ Ալվինա Գյուլումյանին։ Այսօր նա պայքարում է ոչ այնքան սեփական իրավունքների համար, որքան պաշտպանում լրատվամիջոցներին։ Քանզի ինչքան ավելի երկար նա դիմանա, ինչքան ավելի տևականորեն նա և ՍԴ մյուս դատավորները լարված պահեն իշխանությունը՝ պաշտպանելով իրենց օրինական իրավունքները, այնքան ավելի ուշ հերթը կհասնի ԶԼՄ-ներին։ Իսկ որ կհասնի, դա՝ հաստատ։ Քաղաքական նեվրասթենիկների ցածրակարգ բռնապետությունը չի հանդուրժում ոչ միայն քաղաքական ընդդիմախոսներին, այլև ազատ ԶԼՄ-ներին։

Վարչապետի արժեքավոր հրահանգներն արագ ընդունվեցին ի գիտություն։ Նրա ելույթից ժամեր անց կոտրեցին «Գոլոս Արմենիի» և «Երկրամաս» կայքերը։ Ավելի վաղ ոստիկանություն էր կանչվել «Հրապարակ»-ի մեկնաբան Էդիկ Անդրեասյանը։ Շուտով որևէ հարմար պատրվակով կփորձեն դադարեցնել «5-րդ ալիքի»" (ԼՂՀ-ում արդեն դադարեցված է) և «Արմնյուզի» հեռարձակումը։ Վարչապետն այդ առնչությամբ հստակ նպատակադրույթ տվեց խորհրդարանում՝ հայտարարելով, թե առանձին հեռուստաալիքներով «քաղաքական դիակները գարշահոտություն են տարածում»… Սրանից էլ հստակ հրահա՞նգ։

Основная тема:
Теги: