ԻՐԱՎԻՃԱԿԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ։ Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԽԱՆԳԱՐԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
Նիկոլը կարող է ներկայացնել միայն աղմկահարույց կալանավորումները
Տնտեսական իրավիճակը, մասնագետների կանխատեսումներով, մինուս նշանով իր գագաթնակետին կհասնի հոկտեմբերին, կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը լավատեսության չնչին իսկ առիթ չի թողնում, մարդիկ մահանում են ամեն օր, իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, ոչ մի կերպ չի կարողանում ազդել իրավիճակի վրա։
Սոցիալական դրությունը վատթարանում է օրըստօրե, ավելանում է գործազրկությունը, աճում հանցավորությունը։ Այս խորապատկերին Փաշինյանը, բանուգործ թողած, հունիսի 5-ից զբաղվում է միայն Գագիկ Ծառուկյանով։ Նույնիսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր պարտքը համարեց համապատասխան գրառում անել Ֆեյսբուքում։ Մի խոսքով, վարչապետի քաղաքական ընդդիմախոսների դեմ հալածանքը կոլեկտիվ բնույթ է ստացել։ Այս օրերին ոստիկանները ներխուժել են ԲՀԿ տարածքային ստորաբաժանումների գրասենյակներ, խուզարկել, փորփրել թղթերը։ Ծառուկյանի կողմնակիցները բերման են ենթարկվել, նրանց նկատմամբ ուժ են կիրառել, փորձել վախեցնել, մի խոսքով ՝ գործընթացն իրականացվել է քաղաքական հաշվեհարդարների դասական կանոնների շրջանակներում։
Երկու տարվա ընթացքում Նիկոլը ոչնչացրեց ու ի չիք դարձրեց այն ամենը, ինչ հնարավոր էր ոչնչացնել. տնտեսությունից ու ավիացիայից մինչև կորոնավիրուսի դեմ պայքար։ Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց որպես իր երկամյա գործունեության արդյունք՝ նա կարող է ներկայացնել միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, հիվանդ գեներալ Մանվել Գրիգորյանին ծանակելը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին ու նրա որդուն կալանավորելը։ Նիկոլին թվում է, թե եթե համարձակվի նստեցնել նաև Ծառուկյանին, ապա Հայաստանում այլևս ոչ ոք ոտնձգություն չի կատարի իր իշխանության ու հզորության դեմ։ Նիկոլը տխմարաբար կարծում է, թե աղմկահարույց կալանավորումներից հետո իրենից կվախենան, քանզի պետք է շատ «ուժեղ» լինել՝ այդչափ ազդեցիկ գործիչներին ճաղերի հետևում փակելու համար։
Իրականում պետության ղեկավարի ուժը չափվում է ոչ թե կալանավորների քանակով ու պատժիչ գործողությունների խստությամբ, այլ ժողովրդի կյանքը բարելավելու կարողությամբ։ Գրոշ անգամ չարժե բացարձակ իշխանությունը, որն անհնար է օգտագործել ի բարին։ Այդպիսի ասացվածք կա. «Դրել է թագը, բայց մեծ է հագը»: Նիկոլը չի կարողանում օգտագործել այդ իշխանությունն ի նպաստ երկրի և ժողովրդի շահերի։ Ամեն օր Հայաստանում իշխանության մեղքով մարդիկ են մահանում։ Տասնյա՛կ մարդիկ։ Վարչապետի աթոռին նստած անձնավորությունը չգիտի, թե ինչպես հաղթել կորոնավիրուսին, որի հետ հարևան Վրաստանում վարվեցին այնպես, ինչպես հարկն էր. այն է՝ նախանշեցին մարտավարությունը, միջոցներ ձեռնարկեցին ու ազատեցին երկիրը գլխավերևում կախված սպառնալիքից: Մի՞թե ՀՀ վարչապետը չի ամաչում նայել հայելու մեջ, որտեղ նա ամեն օր տեսնում է տասնյակ մահերի մեղավորին։
Այն երկրի վարչապետը, որտեղ XXI դարում մարդիկ իրենց տներում մահանում են, քանի որ հիվանդանոցներում բուժվելու համար հիվանդատեղերը չեն բավականացնում, զբաղվում է քաղաքական հաշիվներ մաքրելով: Դրա համար նա գլխավոր դատախազին ուղարկեց խորհրդարան, որպեսզի «Իմ քայլը» խմբակցությանը ստիպի քվեարկել Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, նրան քրեական հետաքննության մեջ որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու օգտին։ Եվ այդ ամենը՝ լոկ մեկ պատճառով. Նիկոլը Ծառուկյանին հետապնդում է այն բանի համար, որ հունիսի 5-ին ԲՀԿ խորհրդի նիստում հայտարարվեց կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին։ Չխոսել կառավարության հրաժարականի մասին, որի մեղքով ամեն օր մարդիկ են մահանում, կարող են միայն կույր խուլուհամրերը։
Նիկոլի տեղում ցանկացած մարդ, ում մեջ կա իր ժողովրդի նկատմամբ կարեկցանքի և խղճի գոնե մի կաթիլ, վաղուց զիջած կլիներ վարչապետի աթոռն ու կառավարության պաշտոնները գործունակ ուժերի, որոնք ի վիճակի են դուրս բերել պետությունը ճգնաժամից ։ Բայց Նիկոլը թքած ունի ժողովրդի վրա, ուստի հոժարակամ չի հեռանա վարչապետի պաշտոնից, նա կշարունակի փլուզել պետությունը, այսինքն՝ իրականացնել հենց այն «կազմաքանդումը», որը նրա քաղաքական ուսուցիչ Տեր-Պետրոսյանը ազդարարել է դեռևս 2008 թվականին։
Նիկոլը հասկանում է, որ ժողովուրդն այլևս չի հավատում իրեն, ուստիև խաղում է քաղաքական ուժերին վախեցնելու վրա։ Շուտով նա կհասկանա, որ քաղաքական կուսակցություններն ու խաբված ժողովուրդը չեն վախենում ոստիկանական մահակներից, բաժանմունքներ բերման ենթարկելուց, ձերբակալություններից։
Ժողովուրդը դուրս կգա փողոց
Ծառուկյանը, հիշեցնեմ, ժողովրդին խոստացավ հանրահավաք հրավիրել արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո, բայց երաշխիք չկա, որ հուլիսի 15-ին արտակարգ դրությունը ևս մեկ անգամ չի երկարաձգվի։
Հենց այդ պատճառով էլ ԲՀԿ խմբակցությունը որոշեց դիմել ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում զանգվածային ցույցերի արգելումը կառավարության կողմից: Նիկոլը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի խուսափի բողոքի ակցիաներից, ոստիկանության ձեռքերն արդեն անկաշկանդ են։ Երկրում արտակարգ դրության ռեժիմը պահպանել հարկադրելու անվան տակ ոստիկանական տեռոր է տիրում։ Անգործունակ իշխանությունը փորձում է ամեն գնով հանդարտեցնել հասարակության մեջ փոթորկվող կրքերը, սակայն դա դժվար թե հաջողվի։ Հունիսի 14-ի և 16-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ փողոց են դուրս գալու ոչ միայն Ծառուկյանի ձեռնարկությունների աշխատակիցներն ու ԲՀԿ տարածքային ստորաբաժանումների անդամները, այլև բոլոր նրանք, ովքեր 2018-ի ցույցերին իրենց մասնակցությամբ իշխանության բերեցին Նիկոլին։ Իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է, մեկ կայծն էլ բավական է, որ ժողովուրդն ամենուրեք դուրս գա փողոց։
Ոստիկանությունն ամեն օր վերահսկում է մայրաքաղաքի մատույցները, սակայն ո՛չ տեռորը, ո՛չ զանգվածային վարչական ձերբակալությունները չեն կարող փոխել իրավիճակը, իսկ իրավիճակը զարգանում է դեպի զանգվածային բողոքի նոր ակցիաներ։ Այդ բողոքի ակցիաներն ուղղված կլինեն ոչ միայն Ծառուկյանին աջակցելուն, այլև համաճարակի սպառնալից մասշտաբների, համատարած գործազրկության և տնտեսական կաթվածահարության համար պատասխանատու անգործունակ կառավարության հրաժարականի պահանջի շուրջ ժողովրդին համախմբելուն։
Երկիրը գլորվում է անդունդ, Նիկոլը կառչել է իշխանությունից, շարքային քաղաքացիներն ու քաղաքական ուժերը՝ պետության գլխին կախված սպառնալիքի մասշտաբներից տագնապահար, չեն կարող ձեռքերը ծալած նստել։ Իրավիճակը զարգանում է կառավարության հրաժարականի ուղղությամբ, քաղաքական բռնաճնշումներն ու ոստիկանական տեռորը միայն կարագացնեն գործընթացը, Փաշինյանի աշխատակազմի հրաժարականը թելադրված է օբյեկտիվ պատճառներով, ԲՀԿ-ն ու արտախորհրդարանական ընդդիմությունը միայն արագացրեցին գործընթացը։ Իսկ խանգարել գործընթացին կարող է միայն ընդդիմությանը հնի ու նորի բաժանելը. նրանց, ում ժողովուրդը, իբր, չի ընդունում, և նրանց, ում ողջունում է…
Այսօր վաղեմի հաշվեպարզումների ժամանակը չէ
Այն ուժերը, որոնք Փաշինյանի ռեժիմի դեմ պայքարում համախմբվելու հայտ են ներկայացրել, չպետք է գնան նրա հետքերով և բաժանեն ընդդիմությանը հնի ու նորի։ Նրա, որի հետ կարելի է համագործակցել, և նրա, որի հետ պետք չէ։
Ավա՜ղ, նման ակնարկներ այս օրերին առկա էին Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի առանձին արտահայտություններում: Զոհրաբյանը, մասնավորապես, բացառեց Միքայել Մինասյանի հետ ԲՀԿ-ի համագործակցության հնարավորությունը, Էնֆիաջյանը կրկնեց կանխահայտ թերի այն թեզը, թե ԲՀԿ-ն չի համագործակցելու այն ուժերի հետ, որոնք մերժվել են ժողովրդի կողմից։
Եթե այս մոտեցումը գերակշռող դառնա ԲՀԿ-ում, ապա դա կարող է լրջորեն ազդել ընդդիմադիր ուժերի համախմբման և ռեժիմի դեմ պայքարի արդյունավետության վրա։ Օրինակ, ԲՀԿ-ն, «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը», «Ազգային օրակարգը» և ՀՅԴ-ն չեն կարող անտեսել արտախորհրդարանական ամենաազդեցիկ և մեծաթիվ ընդդիմադիր ուժին, որն այս օրերին ամենակոշտ հայտարարությունը տարածեց՝ դատապարտելով բռնաճնշումներն ու ոստիկանական կամայականությունները։
«Կոնսենսուս մինուս 1»-ի ներքաղաքական դասավորության վերաբերյալ իր կանխատեսման մեջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսում էր դիմադրության մի քանի բևեռների մասին, որոնք կապված կլինեն միմյանց հետ։ Ցանկալի կլիներ, որ այդ կապը չխզվեր ընդդիմությանը հնի ու նորի բաժանելով։ Այսօր վաղեմի հաշվեպարզումների ժամանակը չէ, պետությունը անդունդի եզրին է։ Պետք չէ Նիկոլի օրինակով բաժանել քաղաքական ուժերին նրանց, ում հետ կարելի է, և ում հետ չի կարելի կառուցել քաղաքական «վաղվա օրը». անհրաժեշտ է միասնաբար պահանջել կառավարության հրաժարականը։ Բացառություն կարող է լինել ահաբեկիչների կուսակցությունը, բայց վերջինս, ինչպես հայտնի է, առանց այդ էլ աջակցում է Նիկոլին…