ՃԱՀԻՃԸ ՊԱՅԹԵՑՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Հայրենի խորհրդարանի նախորդ կազմն այնքան լավն էր, որ ժամանակին մենք նույնիսկ մի քիչ անհանգստանում էինք. ներկայինս այդքան զորություն կունենա՞, կցուցաբերի արդյոք բավարար մակարդակ: Բայց մտավախությունները, ինչպես պարզվեց, զուր էին։ Փաշինյանը կարողացավ ԱԺ կազմում ընտրել մտքի կատարյալ տիտաններ։ Եվ այդ տիտաններն ահա արդեն մեկուկես տարի շարունակ շատրվանում են իրենց եռացող մտավոր ջուրն ազնվաբարո ազգաբնակչության վրա։ Իսկ վերջին օրերը մեզ նոր գիտելիքներ պարգևեցին պատգամավորական կորպուսի մասին. դե, չէինք ասի, թե բացարձակ նոր, իհարկե, բայց շա՜տ արտահայտիչ։
Թեպետ, դատեք ինքներդ։ Հենց միայն վերջին ժամանակահատվածում խորհրդարանը վավերացրեց Լանցարոտեի կոնվենցիան և օրենքներ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին»,«Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին»։ Նշված բոլոր հինգ փաստաթղթերի առանձին դրույթները հակասում են գործող Սահմանադրությանը։ Կրկնում ենք և ընդգծում. ԱԺ-ն, ավելի ճիշտ՝ խորհրդարանական մեծամասնությունը, քանզի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կա՛մ դեմ են քվեարկել, կա՛մ չեն մասնակցել քվեարկությանը, մեկը մյուսի հետևից ընդունեց օրենքներ՝ Սահմանադրության կոպտագույն խախտումներով։ Այստեղ վալիդոլի ոչ մի պաշար չի հերիքի։ Ի դեպ, մտադիր չէ՞ արդյոք ընդդիմությունն այդ առնչությամբ դիմել ՍԴ։
Ընդունվող որոշումների որևէ իմաստավորման մասին, բնականաբար, խոսք անգամ չկար։ Բայց մենք արդեն սովոր ենք դրան։ Չէ՞ որ այդպես է վարվում «հեղափոխական» իշխանության ոչ միայն օրենսդիր, այլև գործադիր ճյուղը։ Դա նրանց աշխատաոճն է։ Այո՛։ Ոճը, ինչպես հնդկական կինոյում, տոհմական խալի պես մի բան է, որով այդ մարդիկ ճանաչում են միմյանց: Հիմարները միշտ էլ առլեցուն են ինքնավստահությամբ, և միայն խելացիներն են կասկածներ ունենում։ Քաղաքականության մեջ, ինչպեսև մաթեմատիկայում, չափազանց շատ են թվացյալ մեծությունները։ Եթե մեզանում բանը հասնի ընդունվող որոշումների իմաստավորմանը, այն էլ նախքան դրանք ընդունելը, մենք ընդհանրապես մի օր արթնանանք Անգլիայում։ Բա դա մեզ պե՞տք է։
Ցուցանշական է, որ բոլոր այդ օրենքներն ընդունվեցին արտակարգ դրության պայմաններում, երբ մարդիկ զրկված են իրենց անհամաձայնությունն ու բողոքն արտահայտելու հնարավորությունից։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես վարվեցին իրավապահները Լանցարոտեի կոնվենցիայի վավերացման դեմ բողոքող «Կամք» կազմակերպության ակտիվիստների հետ։ Բողոքի ցանկացած այլ ակցիաներ նույնպես կոշտ կկասեցվեին, կարելի է չկասկածել։ Հակասահմանադրական օրենքներ ընդունելն ու տեղի ունեցող ամենի նկատմամբ սեփական վերաբերմունքն արտահայտելու հնարավորությունից մարդկանց զրկելը, կարծում ենք, ոչ թե տիպային ստորություն է, այլ կարկառուն ստորություն։
Ոմանք այսօր ասում են, թե չարժե, իբր, ողբերգություն սարքել այդ ամենից, քանի որ ընդունված օրենքները, միևնույն է, չեն աշխատելու։ Մի կողմից, որոշակի տրամաբանություն դրանում կա: «Նոր Հայաստանում» օրենքի ճշտիվ կատարումը հաճախ դիտվում է որպես մաքուր, գրեթե շվեյկային ապուշության դրսևորում։ Մեր աստվածափրկյալ տարածքում կարգուկանոն չկա, ինչի արդյունքում օրենքների համատարած կատարումն անխուսափելիորեն կհանգեցնի աղետի։
Բայց, մյուս կողմից, ինչպե՞ս կարելի է սրբել ոտքերը Սահմանադրության վրա։ Ո՞ւր է ուղղորդում այդ ուղենիշը։ Չէ՞ որ շուրջբոլորը երեխանե՛ր են։ Նրանց պետք է ինչ-որ կերպ կողմնորոշել տեղանքում։ Սովորեցնել կա՛մ օրինապաշտություն, կա՛մ կտտանքի տեխնոլոգիաներ, որպեսզի ավելի հաջող խոշտանգեն օրինապաշտներին։
Ուրիշ ինչո՞վ փառաբանվեց խորհրդարանը վերջին շրջանում։ Մշտական լեզվակռիվներով՝ «Իմ քայլի» և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև, ինչպես նաև նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքո՞վ։ Դե, այո, նրանք այնտեղ ժողովրդի բարօրության համար միմյանց կոկորդ կկրծեն։ Իհարկե, քաղաքականության մեջ չկա ավելի մեծ հաճույք, քան գետնից վերցնել քեզ վրա ընդդիմախոսիդ շպրտած ցեխագունդն ու ողջ թափով ծեփել դա նեղացնողիդ մռութին։ Բայց չէ՞ որ նույնիսկ դա կարելի է անել առանց մարդկային արժանապատվությունը կորցնելու։ Ինչպես, ասենք, անգլիական պառլամենտում, որտեղ երկխոսություններն ընթանում են հետևյալ կերպ։
Հարց խոսնակին՝ անգլիական պառլամենտի նիստում.
-Սըր, կանոնակարգն ինձ թո՞ւյլ է տալիս անվանել լորդ Չեստերտոնին ճարպակալած ու կեղտոտ խոզ:
-Կանոնակարգը ձեզ թույլ չի տալիս ճարպակալած ու կեղտոտ խոզ անվանել լորդ Չեստերտոնին, սըր:
-Այդ դեպքում ես ձեռնպահ կմնամ լորդ Չեստերտոնին ճարպակալած ու կեղտոտ խոզ անվանելուց, սըր։
Իսկ մեր պատգամավորներին շատերը համեմատում են կրկեսի ծաղրածուների հետ։ Պարոնա՛յք։ Մի՛ նեղացրեք ծաղրածուներին և մի՛ համեմատեք ԱԺ-ն կրկեսի հետ։ Ավելի լավ է ուշադրությունն ուղղեք գազանանոցին:
Միամտություն կլիներ հուսալ, թե հրաշք տեղի կունենա, և այս խորհրդարանը ինչ-որ ժամանակ փոքր-ինչ ավելի լավը կդառնա, կհասկանա, թե ինչ անդունդ է գլորվում երկիրը։ Թեև որոշ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ համառորեն շարունակում են խոսել այն սցենարի մասին, համաձայն որի՝ խորհրդարանական մեծամասնությունը, գիտակցելով իրավիճակի ողջ աղետալիությունը, պաշտոնանկ կանի Փաշինյանին և իր շարքերից կընտրի նոր վարչապետ։
Ո՛չ, թանկագիններս, ճահիճը չի կարելի պայթեցնել։ Եվ մենք գիտենք, որ պայթյունը ճահճում՝ դա ընդամենը մեծ քանակությամբ զվարթ, տեսարժան, տպավորիչ ցայտքեր են, որոնց մեջ գուցեև հանկարծ ուրախ ծիածան փայլատակի, բայց հաստատ՝ կարճատև։ Բայց գիտենք, որ ցայտքերը կնստեն, իսկ ճահիճը կմնա։ Եվ կմնան դրա բնակիչները, որոնցից շատերը նույնիսկ չեն էլ նկատի ոչ մի պայթյուն։ Քանզի զբաղված են լուրջ գործով՝ պղտոր պղպջակներ արձակելով, ինչը նրանք անվանում են «օրինաստեղծում»։ Ճահիճը, ավա՜ղ, չի կարելի պայթեցնել, բայց փոխարենը՝ այն կարելի է չորացնել:
Իսկ վերջում՝ մի քանի տխուր խոսք հակադրությունների միասնության և պայքարի մասին։ Ինչպես հաղորդեց լրատվական կայքերից մեկը, երեքշաբթի ուշ երեկոյան ոստիկանները կասեցրել են հարբած երկու տղամարդկանց հանցավոր գործողությունները, որոնք սուսուփուս իրենց պարզ կարիքներն էին հոգում անմիջականորեն խորհրդարանի ցանկապատի վրա՝ Դեմիրճյան փողոցի կողմից: Ոստիկաններն, անշուշտ, իրավացի՛ են։ Կարիքները պետք է հոգալ զուգարանում: Իսկ խորհրդարանում՝ օրենքներ ընդունել։
Սակայն խնդիրն այն է, որ աշխարհը տարերայնորեն ձգտում է ներդաշնակության։ Եվ եթե Ազգային ժողովում կարելի է անպատիժ ընդունել հակասահմանադրական օրենքներ, ծեծել ընդդիմադիրներին ու դատարկել բյուջեի գրպանները, ապա ի՜նչ արած. օրինաստեղծման այդ ապարանքի վրա վաղ թե ուշ սկսում են հոգալ փոքր կարիքները։ Եվ որ ամենացավալին է՝ առանց որևէ չար դիտավորության։