ԵԿԵՔ ՀԻՇԵՆՔ, ՈՐ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՐԵԼ ՆԻԿՈԼԻՆ
Ծառուկյանն ու Մարուքյանը չափազանց երկար էին լռում
Դեռ վերջերս ԲՀԿ-ի առանցքային դեմքերը ամեն անկյունում գոչում էին, որ առանց Գագիկ Ծառուկյանի աջակցության Փաշինյանի «հեղափոխությունը» հնարավոր չէր լինի, որ Ծառուկյանի ցուցաբերած օժանդակությունը «պատմական» ահռելի նշանակություն ունեցավ, և այլն՝ նույն ոգով։
Իսկ բառացիորեն օրերս ԲՀԿ ղեկավար մարմնի ընդլայնված նիստը լսեց Ծառուկյանի ելույթը, որում խոսվում էր բոլոր ուղղություններով ձախողում արձանագրած կառավարության 100% - ի (մինչ այդ նշվում էր 97%) հրաժարականի անհրաժեշտության մասին։ ԲՀԿ առաջնորդը հայտարարեց բոլոր առողջ ուժերի հետ քննարկումներ սկսելու մասին. նա որոշել է գլխավորել ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացը և հանդես է գալիս խորհրդարանի պատերի ներսում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ։ Սա լուրջ հայտ է։ Այս կապակցությամբ որոշեցինք հիշեցնել Գագիկ Նիկոլայիչի քաղաքական կենսագրության որոշ մանրամասներ։
2018 թվականի ապրիլի 25-ին «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները միացան Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին: Նույն օրը ՀՅԴ-ն դուրս եկավ կառավարող կոալիցիայից։ Մայիսի 2-ին «Ծառուկյան» դաշինքը խոստացավ սատարել Փաշինյանի թեկնածությանը խորհրդարանում կայանալիք կրկնակի ընտրություններում: Որոշումն ընդունվել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Փաշինյանի և Ծառուկյանի հայտնի հանդիպման արդյունքում։
Ծառուկյանի վերջերս ունեցած ելույթից հետո ճիշտ ժամանակն է հիշեցնել ոչ միայն այն մասին, թե ինչ եռանդուն աջակցեցին ԲՀԿ-ն ու իր առաջնորդը Նիկոլին և նրա «հեղափոխությանը», այլև՝ թե ինչ տևականորեն էին լռում կուսակցությունն ու դրա առաջնորդը, հետևելով իշխանությունների հակաիրավական գործողություններին։ «Լուսավոր Հայաստանի» պես՝ նրանք լուռ հետևում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հաշվեհարդարին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հետապնդմանը, հանրապետականների նկատմամբ բռնաճնշումներին։ Այդչափ երկարատև լռության խորապատկերին ակամայից առաջանում է միայն մեկ եզրակացություն. գրոշ անգամ չարժե քրեական հետապնդումների սպառնալիքով պայմանավորված այդ ընդդիմադիր դիրքորոշումը։ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի դեմ առաջադրված մեղադրանքները գալիք հետապնդումների լոկ առաջին ահազանգն են։ Ծառուկյանին անկյուն են քշել, նա ստիպված է պաշտպանվել…
Խլելու է Ծառուկյանից ու բաժանելու ժողովրդի՞ն
Քաղաքագետներից մեկի հայտարարությունն այն մասին, որ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» երկար ժամանակ մրցակցում էին՝ Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատելու իրավունքի համար, շատ դիպուկ բնութագրում է խորհրդարանական ընդդիմության գլխավոր ծրագրերը։
Այդ ծրագրերին վիճակված չէր իրականանալ Նիկոլի հերթական քմահաճույքի պատճառով, որը որոշեց, թե կորոնավիրուսի տարածման պայմաններում Ծառուկյանին ներկայացված քրեական մեղադրանքները բավականին կզվարճացնեն հանրությանը և կստիպեն «պողոսներին» կրկին հավատալ, թե Նիկոլն անշեղորեն շարժվում է հեղափոխական բարեփոխումների ճանապարհով, այսինքն՝ խլելու է Ծառուկյանից ու բաժանելու ժողովրդին։
Մի անգամ արդեն Ծառուկյանը որոշել էր ընդդիմություն խաղալ. այն ժամանակ բավական եղավ Սերժ Սարգսյանի կամացուկ շշպռանքը, և ԲՀԿ առաջնորդն անմիջապես հեռացավ քաղաքականությունից, իսկ հետո երկար ժամանակ հանրապետականներից թույլտվություն էր աղերսում վերադառնալ և կրկին գլխավորել կուսակցությունը։ Դա վաղուց էր։ Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել։ Ծառուկյանին այլևս չեն ընկալում որպես ՀՀԿ-ի կցուկ՝ փողի պարկի տեսքով։ Սկզբնական շրջանում նրա կուսակցությանն անվանում էին ոչ այլ կերպ, քան հանրապետականների օժանդակ տնտեսություն։
Այդ կարծիքը վաղուց հնացել է, ինչպեսև ԲՀԿ առաջնորդի մականունը։ Ծառուկյանը հիանալի գլուխ է հանում քաղաքական կոնյունկտուրայից, նա գրագետ ու ակտիվ թիմ ունի։ Այդպես էր նաև 2 տարի առաջ, հետևաբար՝ Ծառուկյանը գերազանց հաշիվ էր տալիս իրեն, թե ում է օգնում զավթել իշխանությունը։ Եկեք հիշենք, որ Ծառուկյանը Նիկոլին իշխանության բերողներից մեկն էր։
Համաձայն բազմաթիվ վկայությունների՝ Գագիկ Նիկոլայիչը շատ լավ է գլուխ հանում մարդկանցից, նա միշտ կարողացել է տարբերել գործունյա մարդուն պոպուլիստից ու անբանից։ Նա չէր կարող չիմանալ, որ պետության ղեկը Փաշինյանին հանձնելը մեծ աղետի է փոխարկվելու երկրի ու նրա տնտեսության համար. գիտեր, բայց օգնեց նրան դառնալ վարչապետ, որովհետև դա էին պահանջում իր բիզնես շահերը։
Նիկոլը խախտեց պայմանավորվածությունները
Ծառուկյանն այսօր էլ գիտի, թե ինչպես հոգ տանել սեփական միլիարդների մասին, ուստիև որոշել է արմատական ընդդիմության կեցվածք ընդունել։ Եվ մեզ համար, մեծ հաշվով, տարբերություն չկա, թե արդյոք նա դա արեց Առուստամյանի դեմ ներկայացված մեղադրանքների պատճառով, ռուսաստանյան որոշ քաղաքական շրջանակների խորհրդով, թե ինչ-որ այլ պատճառով։ Ծառուկյանը հոգ է տանում միայն անձնական կապիտալների պահպանման ու համալրման մասին, այնպես որ նրա ընդդիմադիր հայտարարություններին պետք չէ չափազանց լուրջ վերաբերվել։
Բացառված չէ, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը կոշտացնելու առիթ է ծառայել այն լուրը, որ իր դեմ մեղադրանք է ներկայացվելու։ Հնարավոր է, որ խոսքը 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին Ծառուկյանի թիկնազորի մասնակցության մասին է: Փաշինյանը որոշ ժամանակ աչք էր փակում այդ տեղեկության վրա, սակայն «Սասնա ծռեր» կուսակցության և անձամբ պատգամավոր Արման Բաբաջանյանի ճնշման տակ այդ մեղադրանքները, հավանաբար, կհնչեցվեն պաշտոնական մակարդակով: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ իշխանության հասցեին ԲՀԿ առաջնորդի հարձակումները թելադրված են կոռուպցիայի, փողերի լվացման, ընտրակաշառքների և այլ հանցագործությունների հետ կապված քրեական գործերով։
Ծառուկյանի դեմ հալածանք սկսվեց, Նիկոլը խախտեց պայմանավորվածությունները, ինչի մասին Ծառուկյանին զգուշացրել են բազմիցս. ԲՀԿ առաջնորդը հայտարարեց քաղաքական քննարկումներ սկսելու մասին, բայց դա նրան չի ապահովագրում քաղաքական մենությունից, երբ նրա հանրահայտ առյուծներով առանձնատանը հայտնվեն սև դիմակներով ու ինքնաձիգներով չար տղաները։ Դիմակների այդ շոուն կդառնա ԱԱԾ նորաթուխ ղեկավար Արգիշտի Քյարամյանի հավատարմության ստուգումը, որի հետ Նիկոլը մեծ հույսեր է կապում զանգվածային բռնաճնշումների իրականացման գործում։
Ծառուկյանի վրա կառուցված հաշվարկը կարող է փոխարկվել հիասթափության…
Հայաստանում այսօր կա միայն մեկ ընդդիմադիր ուժ, որը չի համագործակցել Նիկոլի հետ։ Այդ ուժն անցավ խստագույն քավարանի միջով, ազատվեց ամեն տեսակի «լֆիկներից» ու մականունավոր այլ մարդկանցից։
Երկու տարվա ընթացքում այդ ուժն ապացուցեց, որ ի վիճակի է պատասխանատվություն ստանձնել երկրի և ժողովրդի համար՝ ազգային օրակարգ ունեցող այլ ուժերի հետ համատեղ: Այդ կուսակցությունը, չնայած հալածանքներին ու բռնաճնշումներին, առաջին իսկ օրվանից ճշմարտությունն է ասել ժողովրդին պետության մեջ տիրող իրական վիճակի մասին…
Ինչպես հայտարարեց նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը, իշխանության են գալու ոչ թե հին, այլ նոր ուժեր։ Նայած թե ում կհամարենք նոր։ Գրագետ քաղաքականության մեջ «նոր» ասելիս, որպես կանոն, ենթադրում են համապատասխանությունը քաղաքական պահանջարկին։ Այն պայմաններում, երբ պոպուլիզմն աստիճանաբար ազատում է քաղաքական հարթակը բանիմաց ու պրագմատիկ ուժերի համար, ՀՀԿ-ն, անկասկած, պահանջված կլինի։ Նրա կորիզը կազմում են փորձառու և բանիմաց մարդիկ, նրանց հմտություններն ու գիտելիքները կարող են օգտակար լինել հասարակությանը: Եվ հետո կա մի ոսկե կանոն. մեկ գիտունը երկու անգետից լավ է։ Լինելով իշխանության ղեկին, ՀՀԿ-ն միշտ փորձել է համախմբված գործել այլ ուժերի հետ կոալիցիայում. այսօր այդ հմտություններն, առավել քան երբևէ, պահանջված են գործող քաղաքականության մեջ։
Եվ բացի այդ. «անգրագետ պողոսները» քաղաքական գործիչների նկատմամբ վերաբերմունքը կառուցում են «սիրում եմ» – «չեմ սիրում» սկզբունքով։ 2 տարի առաջ նրանք հանկարծ սիրեցին Նիկոլին, այսօր ազգովի քաղում ենք այդ սիրո պտուղները։ Քաղաքական գործիչներին պետք է վերաբերվել «կարող է- չի կարող», «ընդունակ է-ընդունակ չէ», «գիտակ է-գիտակ չէ» սկզբունքով։ Համաձայնեք, պարոնայք, այսօր երկրին անչափ օգտակար կլինեին կորոնավիրուսի տարածումը տեղայնացնելու և համավարակի հարուցած տնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու ընդունակ վարչարարները։
Նիկոլն ու իր թիմը ցույց տվեցին, որ ի վիճակի չեն կառավարել պետությունը ճգնաժամային իրավիճակում, մարդիկ տասնյակներով մահանում են անփորձ վարչարարների մեղքով, մինչդեռ Մոնտենեգրոյում, Նոր Զելանդիայում, Վրաստանում և այլ երկրներում արդեն հաղթել են կորոնավիրուսին։ Հայաստանում իրավիճակը կարող է ձգվել ընդհուպ մինչև այն գիծը, երբ, XX դարասկզբի մի դիվանագետի արտահայտությամբ, կմնա ընդամենը մի քանի հայ՝ որպես թանգարանային նմուշ։
ՀՀԿ-ի մասին մենք հիշեցրինք ոչ այն պատճառով, թե չենք հավատում Ծառուկյանի նախաձեռնության անկեղծությանը, այլ որովհետև եկել է գործունակների վրա խաղադրույքներ կատարելու ժամանակը. նրանց վրա, ովքեր 2 տարվա ընթացքում չշեղվեցին, չթաքնվեցին, այլ շարունակեցին ու շարունակում են պայքարել։ 2018 թվականին մենք փորձեցինք մեր հրապարակումներով հետ պահել ժողովրդին սխալ քայլերից ու պատրանքներից ։ Այսօր զգուշացնում ենք, որ Ծառուկյանի վրա արված խաղադրույքը կարող է հանգեցնել հերթական հիասթափության. թեպետ, ազդեցիկ ընդդիմադիր ուժերը, ինչպիսիք են «Հայրենիք» կուսակցությունն ու ՀՅԴ-ն, արդեն մասնակցել են Ծառուկյանի քննարկումներին, իսկ թե ինչով կավարտվի նախաձեռնությունը խորհրդարանի պատերի ներսում, առայժմ ոչ ոք չգիտի…