ԴԻՄԱԿՆԵՐ ԿՐԵՔ, ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔ, ԴԻՄԱԿՆԵՐ ԿՐԵՔ

Հայկական ավիաընկերությունները չեն կարողանում թռիչքներ կատարել դեպի Եվրոպա։ Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի որոշման՝ դրա պատճառը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ հսկողությունն է և սերտիֆիկացման գործառույթների անլիարժեք իրականացումը:

Ինչպես ասում է ինքը՝ Փաշինյանի կողմից նշանակված կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, հարցի քննարկմանը կարելի կլինի վերադառնալ միայն 2022 թվականի նոյեմբերին: Եթե մինչ այդ մեզանում մնացած լինեն տեղական ավիաընկերություններ և վերացնեն թերությունները, որոնց մասին հայտնի է և որոնց վերացման համար համապատասխան միջազգային կառույցների կողմից հատկացվել են համապատասխան միջոցներ։

Այստեղ ցուցանշական է նաև այն, որ հայկական ավիաընկերությունների հետ կապված ողբալի իրավիճակը լայն հանրությանը հայտնի դարձավ ընդամենը մի քանի ամիս առաջ, արդեն պոստ-ֆակտում, երբ տեղեկատվություն հայտնվեց փաստաթղթի մասին, որը վկայում էր, որ մեր կոմիտեն չի անցել աուդիտը։ Փաստորեն՝ այն բանից հետո, երբ հայկական ավիացիայի վերաբերյալ որոշումներն արդեն ընդունվել էին։ Եվ մոտավորապես նույն այդ ժամանակ էլ մենք իմացանք, որ անմիջականորեն այն բանից առաջ, երբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆիասկոյի մասին փաստերը դարձան հանրամատչելի, և Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու հենց նախօրեին Տաթևիկ Ռևազյանը ժամանակավորապես լքել է Հայաստանն ու մեկնել Դանիա։

Ինչպե՞ս են հիմնավորում այս իրավիճակը Տաթևիկ Ռևազյանը և Փաշինյանի թիմը՝ ամբողջությամբ վերցրած։ Շատ պարզ։ Աուդիտը ձախողել են, այո՛, բայց ինչո՞ւ եք զարմանում, դա նոր իշխանությունների մեղքը չէ, քանի որ մեր քաղաքացիական ավիացիայում առկա խնդիրները հայտնի էին դեռևս նախկին իշխանության օրոք, և հենց նրանք՝ նախկին իշխանություններն են մեղավոր ողբալի իրավիճակի համար։ Իսկ շտկել այն չհաջողվեց՝ կոմիտեի կառուցվածքում աշխատող նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից իրականացվող սաբոտաժի պատճառով։ Եվ Տաթևիկն ախր զգուշացնում էր, որ իրավիճակը բարդ է։

Իսկ ինչ վերաբերում է Ամստերդամ տեղափոխվելուն. չէ՞ որ Տաթևիկը հղի էր, ուստիև հասկանալի է ոչ թե Հայաստանում, այլ Դանիայում ծննդաբերելու նրա ցանկությունը։ Այսպես ասած՝ բժշկական նկատառումներով։ Գումարած ամենին, չմոռանանք, որ հենց Տաթևիկի շնորհիվ բացվեցին էժան, բայց որակյալ նոր չվերթները դեպի Եվրոպա։ Իսկ այն, որ շատ հավանական է, որ հենց այդ չվերթով է Հայաստան ժամանել անիծյալ կորոնավիրուսը, որին վարչապետը դեռ ոչ մի կերպ չի հաջողացնում բռնել պինցետով ու խեղդել տնական արաղի մեջ, ընդհանրապես պատահական բան է, և դա շահարկելը պարզապես ծիծաղելի է։

... Իսկ հիմա անցնենք ղարաբաղյան կարգավորման խնդրին, որի համատեքստում քննարկվում է կարգավորման փուլային տարբերակը, ինչը նախատեսում է հայկական զորքերի դուրսբերում որոշակի տարածքներից և դրանց հանձնում Բաքվի վերահսկողությանը։ Մեր իշխանությունները սիրում են հեգնել. իբր՝ ինչ մեղքեր ասես, որ չեն վերագրում մեզ, ընդհուպ մինչև այն, թե իբր՝ պատրաստ ենք տարածքներ վաճառել/զիջել Ադրբեջանին. բացարձակ անհեթեթություն։ Ավելին, նոր իշխանությունները զբաղվում են մեր զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ համալրելով և շուտով բացելու են Կալաշնիկովի ինքնաձիգների արտադրության ձեռնարկություն։

Եվ ահավասիկ մտածում եմ, թե ի՞նչ են ասելու մեր իշխանությունները, եթե հայկական կողմին հանկարծ այնուամենայնիվ պարտադրեն կարգավորման մեզ ոչ ձեռնտու փուլային տարբերակը։ Ինչպիսի՞ն է լինելու հայոց իշխանությունների գործողությունների սցենարը։ Տաթևիկի գլխավորած կառույցի աուդիտի հետ կապված պատմությունը շատ կոնկրետ պատասխաններ է տալիս այս հարցին։

Մեր իշխանությունները կասեն, որ զարմանալու ոչինչ չկա։ Քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում խնդիրներ մենք ունեցել ենք դեռ վաղուց։ Եվ փուլային ծրագիրը ժամանակին քննարկվել է դեռևս նախկին իշխանությունների օրոք, և հենց նրանք՝ նախկին իշխանություններն են մեղավոր ողբալի իրավիճակի համար։ Եվ շտկել դա չհաջողվեց, քանի որ ԱԳՆ կառույցներում խրամատավորվել են նախկին իշխանություններին ներկայացնող բազմաթիվ սաբոտաժողներ։ Եվ չէ՞ որ վարչապետն ասում էր, որ բանակցային գործընթացում իրավիճակը բարդ է, ուստիև, չնայած վարչապետի բոլոր ջանքերին, որը բանակի համար էժան, բայց որակյալ սպառազինություն էր գնում, պատահեց այն, ինչ պատահեց։ Իսկ խոսել այն մասին, որ այդ նոր սպառազինությունը մեզ ոչ մի կերպ չի կարող օգնել ստեղծված իրավիճակում, և բյուջեի փողերն իզուր են ծախսվել, դա արդեն ակնհայտորեն պարզապես ամենաիսկական շահարկում է։ Եվ ընդհանրապես, վաղուց արդեն ժամանակն է հասկանալու, որ եթե անգամ կառավարությունն ինչ-որ բանում մեղավոր է, ապա մեղավոր է ոչ թե կառավարությունը, այլ ժողովուրդը, որն այդ կառավարությանն ընտրել է։

Եվ չգիտես ինչու ամենեվին չեմ զարմանա, եթե հայ հասարակայնությանն այդ իրավիճակը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը երկրում չլինի։ Իհարկե, ժամանակավորապես, և իհարկե, խոսքն այն մասին չէ, թե նա կարող է հղիանալ։ Որոշ գործոնների բերումով՝ դա անհաղթահարելի խնդիր է նույնիսկ մեր ամենակարող վարչապետի համար։ Բայց միանգամայն կարող է պարզվել, որ անիծյալ կորոնավիրուսը, որով մեր վարչապետը վարակվել է, չնայած դիմակ է կրել, ձեռքերը լվացել ու պահպանել սոցիալական հեռավորությունը, ահա ուրեմն այդ անիծյալ վիրուսը բոլորովին անհետևանք չի անցել մեր վարչապետի համար։ Եվ դրա մնացորդային բոլոր դրսևորումները վերջնականապես վերացնելու համար անհրաժեշտություն է առաջացել հետազոտվելու արտասահմանում ինչ-որ տեղ, օրինակ, հենց նույն Ամստերդամում, որտեղ այդքա՜ն լավ են զարգացած մանկաբարձությունն ու գինեկոլոգիան։

Դիմակներ կրեք, տիկնայք և պարոնայք, դիմակներ կրեք։