ԱՌՅՈՒԾԻ ՎԱՆԴԱԿԸ՝ ՈՐՊԵՍ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑ

Ցանկանում ենք բերել ևս մեկ օրինակն այն փաստի, որ Փաշինյանն, ըստ էության, պարզապես անընդունակ է որևէ օգտակար բան անել իր երկրի համար։ Գագիկ Ծառուկյանի գործը դասական օրինակ է, երբ իբր ուզում են, որ լավ լինի, իսկ ստացվում է ինչպես միշտ, անասելի վատ։

Դե, զրկեցին Ծառուկյանին՝ խորհրդարանում թվաքանակով երկրորդ խմբակցության առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից, քրեական գործ հարուցեցին։ Ա՜խ, կեցցե՛ Նիկոլը, նեղեց օլիգարխին,պատին դեմ տվեց։ Ի՞նչ ենք ունենալու։

Հետևանքները Ծառուկյանի համար։ Բոլորն էլ հասկանում են, և նույնիսկ Փաշինյանի պատգամավորները, որ օլիգարխի դեմ ձեռնարկված գրոհը կապված է կառավարության անգործունակության մասին Ծառուկյանի հայտարարության և այն պնդման հետ, որ դա պետք է փոխվի 100 տոկոսով։ Հենց դրանից հետո էլ ի հայտ եկավ 2017-ի ընտրություններում ընտրակաշառքի գործը։ Հասկանալի է, որ Ծառուկյանի դեմ ոչ մի ուղղակի հանցանշաններ չեն լինի, իսկ անուղղակիները հենց նրա համար էլ անուղղակի են, որ մեկնաբանվեն ցանկացած կերպով՝ կախված քաղաքական կոնյունկտուրայից։ Եվ Ծառուկյանի համար վատթարագույն, ամենա-ամենավատ դեպքում, նրա հանդեպ բոլոր հետապնդումները կդադարեն Փաշինյանի իշխանազրկումից, այսինքն հենց առաջիկա ընտրություններից հետո։

Ներքաղաքական հետևանքները։ ԲՀԿ-ն կվերածվի կոշտ ընդդիմության. դիմակայությունը կուժգնանա։ Եվ այդ ամենը, նկատենք, կորոնավիրուսի խորապատկերին, որի դեմ իշխանությունները պայքարում են անձը հաստատող փաստաթուղթ պարտադիր մոտն ունենալու պահանջով։ Այստեղ հավելենք, որ Փաշինյանն արդեն բոլորին ձանձրացրել է դիմակներ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու անհրաժեշտության մասին իր խրատախոսություններով։ Բայց ընդ որում նա իր քայլերով դրդեց սոցիալական հեռավորության զանգվածային խախտումների, եթե կարելի է այդպես քնքշորեն բնութագրել Ծառուկյանի կողմնակիցների և ոստիկանների զանգվածային կուտակումներն ու պարբերական փոխադարձ հրմշտոցը, կրկին իսկ՝ քնքուշ ասած։ Այդտեղ արդեն՝ ի՞նչ գրողի հարած սոցիալական հեռավորություն... Այսինքն ինքը՝ Փաշինյանը հայտարարում է, որ կորոնավիրուսի առումով մենք արդեն «դժոխքում ենք», բայց ձեռնարկում է կորոնավիրուսի տարածմանը նպաստող քայլեր

Այլ հետևանքները։ Եթե Ծառուկյանի դեմ հետապնդումները շարունակվեն, ապա դա անխուսափելիորեն կանդրադառնա նրա հիմնած բիզնեսների և նրա կողմից իրականացվող բարեգործության վրա։ Այսինքն տնտեսական ճգնաժամի պայմաններում հազարավոր մարդիկ իրենց եկամուտները կկորցնեն նաև Ծառուկյանի այս կամ այն ծրագրերի կասեցման պատճառով... Եթե կառավարությունն այդքան հոգ է տանում մարդկանց առողջության ու նրանց բարեկեցության մասին, մի՞թե չէր կարող հետաձգել Ծառուկյանի հետապնդումը։ Մինչև որ կհաղթահարեինք կորոնավիրուսը: Էդմոն Մարուքյանը, ի դեպ, խորհրդարանում առաջարկում էր Փաշինյանին. որպեսզի դուք չշահարկեք ընդդիմության գործողությունները, եկեք կորոնավիրուսի ժամանակահատվածում բոլոր ուժերն ուղղորդենք համաճարակի հաղթահարմանը, ներքին օրակարգը թողնենք հետագային։ Փաշինյանը ավելի լավ բան չմտահղացավ, քան վեց անգամ հնչեցնել դիմակ կրելու կոչը

Վերջապես՝ Ծառուկյանի թիմին մեղսագրվող բուն ընտրակաշառքների մասին։ Մեկ ձայնի դիմաց 20 դոլարի չափով ընտրակաշառքների։ Հնարավո՞ր է արդյոք նման բան զարգացած երկրում։ Իհարկե, ոչ։ Քվեի դիմաց 20 դոլար կաշառք հնարավոր է միայն աղքատ երկրում։ Եվ եթե Փաշինյանը շահագրգռված է, որ նման երևույթներ այլևս երբեք չլինեն, պետք է հասկանա, որ ամենաճիշտ ճանապարհը տնտեսական զարգացումն է։ Այլապես այս կամ այն ձևով տրված ընտրակաշառքը, իսկ ձևերն այդ հազար ու մեկն են, այլ կերպ ասած՝ ֆինանսական ռեսուրսը միշտ մեծ դեր կխաղա։ Եվ որքան ավելի է աղքատանում երկիրը, այնքան աճում է այդ ռեսուրսի դերը

Դե, և վերջապես՝ միջազգային հետևանքները։ Ծառուկյանի թիմը, և ոչ միայն նրանք, մեծ աղմուկ կբարձրացնեն ընդդիմադիր կուսակցության ղեկավարի դեմ սարքած շինծու գործի առնչությամբ։

Ամփոփենք։ Փաշինյանը տպավորիչ տեսք ունի. հարձակում գործեց օլիգարխի դեմ, բոլորին ցույց տվեցին վերջինիս մեքենաների գարաժն ու առյուծի վանդակը։ Այլ հետևանքները Փաշինյանին չեն հետաքրքրում։ Այնպիսիք, ինչպիսիք են կորոնավիրուսով վարակվածների թվի աճ սադրելը, Ծառուկյանի բիզնեսների և բարեգործական ծրագրերի հետ կապված հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ընտանիքների եկամուտների նվազեցում հրահրելը, ներքաղաքական լարվածությունն ահագնացնելը, միջազգային կառույցներում առկա խնդիրները։ Փոխարենը՝ Փաշինյանը տպավորիչ տեսք ունի, թեկուզև պետության թուլացման և հազարավոր մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման գնով։

... Հայաստանի քաղաքացիների որոշելիքն է, թե արդյոք իրենք դասեր քաղեցին և ինչն է իրենց համար կարևոր։ Իրենց դո՞ւր է գալիս պետության թուլացումը, սեփական վիճակի վատթարացումը, կորոնավիրուսից մահացության աճը՝ միայն հանուն էժանագին թամաշաների... Ի սեր Աստծո, եթե դուր է գալիս, ապա Փաշինյանի թիմը լիովին կարող է ապահովել դա տարիներ շարունակ…

Արդեն առիթ ունեցել ենք ասելու, կրկնենք ևս մեկ անգամ. Հայաստանում տեղի ունեցող ամենը դրա ակներև օրինակն է, և կորոնավիրուսի համաճարակը լավագույն ապացույցն է այն բանի, թե ինչ է լինում, երբ պետության ղեկը ճանկում են կենսագրությունից զուրկ, ագրեսիվ ու իշխանատենչ դեմագոգները։ Որոնց ամենաերևելի ներկայացուցիչները հավաքվել են մեր խորհրդարանում։

Փաշինյանի այդ թափթփուկները ատամներով կառչած են իշխանությունից։ Ուստի գիտակցաբար գնում են ոստիկանական պետություն կառուցելու ճանապարհով։ Քանզի հասկանում են, որ եթե ոստիկանական պետություն չլինի, ապա տոտալ ձախողման պայմաններում, Վահան Հովաննիսյանի խոսքերով ասած՝ այսօր իրենց պարզապես քոթակելու էին, ինչպես հանրահայտ Մեծ կոմբինատորին՝ Նյուասյուկիում։

Այնպես որ, Հայաստանի «հպարտ քաղաքացիներ», ձեզ մոտ ունեցեք անձը հաստատող փաստաթուղթ։ Եվ 3/4 չափի լուսանկարներ։ Համենայն դեպս։ Պետությունը՝ ի դեմս Գերագույն բարերարի, հոգ է տանում մեր և մեր առողջության մասին

Հ.Գ.- Երբ նյութն արդեն պատրաստ էր, հաղորդագրություններ հայտնվեցին, որ Երևան տանող ճանապարհներին ոստիկանները եռանդագին ստուգում են անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը քաղաքացիների մոտ։ Դրա հետևանքով դիտարկվում է մարդկանց ու մեքենաների կուտակում։ Կառավարությունը կոչ է անում պահպանել սոցիալական հեռավորությունը։ Այստեղ նույնպես տեղին կլիներ մեջբերել Սերգեյ Լավրովի արտահայտությունը: