Սաթիկ Սեյրանյան. Իշխանությունները հասարակության մեջ մթնոլորտի համար գլխավոր պատասխանատուներն են

Իշխանությունները հասարակության մեջ մթնոլորտի համար գլխավոր պատասխանատուներն են, այս դեպքում դա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն են: Այս մասին «Հաղորդակցության ճգնաժամ: Ատելությունը մեդիատարածքում» թեմայով օնլայն քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, թե ով է տարածում ատելության խոսքը, վիրավորանքը և խախտում անմեղության կանխավարկածը, քանի որ եթե դա անում է պետության ղեկավարը, ապա նման գործողություններն անդրադառնում են երկրի իմիջի վրա: «Նման իրավիճակում լրագրողին մեղադրելն անընդունելի է: Այլ հարց է, որ Հայաստանում նկատվում է ճգնաժամ հասարակական-քաղաքական կյանքում: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ների վարկաբեկում է տեղի ունենում, ընդունվում են օրենքներ առանց հանրային քննարկումների: Դա ռիսկեր է ստեղծում խոսքի ազատության սահմանափակման համար»,-նշեց նա:

Սեյրանյանը հավելեց, որ հեղափոխությունից հետո «ֆեյքերի» մասնակցությամբ ատելության տարածման հետ կապված իրավիճակը խորացել է, և դա կապված է նաև նրա հետ, որ տվյալ ծառայությունը վճարվում է, տեղեկացնում է News.am-ը։