ՄԻԱՅՆ ԹԵ ԾԱԽՍԵ՞Ն

Հայաստանում հարկային եկամուտները կկրճատվեն, բայց ծախսերը չեն կրճատելու։ Այս մասին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց հինգշաբթի օրը՝ Հայաստանի կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով 2020 թվականի պետբյուջեում նախատեսվող փոփոխությունների նախագիծը, հաղորդում է Sputnik Արմենիան։

Տարվա արդյունքներով սպասվում է 169 միլիարդ դրամի պակասուրդ (մոտ 320 մլն դոլար)։ Եկամուտների կրճատման հետ մեկտեղ կաճեն ծախսերը. կառավարությունը պատրաստվում է 150 միլիարդ դրամ (մոտ 300 միլիոն դոլար) հատկացնել բիզնեսին և սոցիալապես խոցելի քաղաքացիներին աջակցելուն: Գոյացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար անհրաժեշտ կլինի ներգրավել լրացուցիչ 260 մլրդ դրամ։ Արդյունքում էականորեն կաճի պետբյուջեի դեֆիցիտը. 2019-ին այն եղել է 64 միլիարդ դրամի կամ ՀՆԱ-ի 1%-ի մակարդակի, իսկ 2020-ին կկազմի 324 միլիարդ կամ ՀՆԱ-ի 5%։

Այդուհանդերձ, եթե եկամուտների հետ մեկտեղ կրճատվեն նաև ծախսերը, ապա արտաքին տնտեսական շոկին կհաջորդի ներքինը. որքան քիչ լինեն բյուջեից արվող ծախսերը, այնքան կնվազեն տնտեսության մեջ շրջանառվող գումարները։ Այնպես որ ծախսերը նախատեսվում է պահպանել գրեթե ամբողջությամբ։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ.երբ կրճատվում են ցանկացած, նույնիսկ ընտանեկան բյուջեի եկամուտները, որոշակի սահմանափակումների պետք է ենթարկվեն նաև ծախսային հոդվածները։ Սակայն մեր դեպքում այդ «պարզունակ» տրամաբանությունը չի գործում։ Մեր պարագայում ընտրվել է, ինչպես ասում են, միջոցներին անհամապատասխան կյանքի բանաձև։ Եկամուտները սաստիկ կկրճատվեն, իսկ ծախսերը չեն սահմանափակվի։ Եվ բյուջեի դեֆիցիտի հսկայական աճը կփոխհատուցվի վարկերի հաշվին։ Այլ կերպ ասած, առանց ծախսերի սահմանափակման ապրելու համար կառավարությունը, միջոցների հարկային ներհոսքի կրճատման պայմաններում, պարտք է վերցնելու հարյուր միլիոնավոր դոլարներ։

Իհարկե, ի արդարացում նման որոշման նախարարը բերում է փաստարկ, որի հետ հաշվի չնստել չի կարելի։ Իսկապես, երկրի տնտեսական կյանքի համար շատ կարևոր է դրամաշրջանառության պահպանումը: Հարցը լոկ այն է, թե որքանով արդյունավետ կարող են լինել այդ ծախսերը։

Վերջին շրջանում բազմիցս խոսվել է այն մասին, որ այսուհետ կառավարությունն առաջնային է համարում կապիտալ ծախսերի համար միջոցների հատկացումը։ Սկզբունքորեն ուղղությունը ճիշտ է ընտրված, թեև անցած տարի դա չգիտես ինչու համարվում էր անարդյունավետ: Ամեն դեպքում լավ է, որ այս հարցի նկատմամբ անցած տարվա տեսակետները վերանայվել են։ Բայց առայժմ տվյալ հարցի վերաբերյալ վերացական հայտարարություններից անդին գործադիր իշխանությունը չի գնացել։ Հատուկ, կոնկրետ, նպատակային ծրագրերի և նախագծերի մասին ծանուցումներ ինչ-որ չեն արվում: Հետևաբար՝ կապիտալ ծախսերի արդյունավետությունը առավել քան կասկածելի է թվում:

Ինչ վերաբերում է բիզնեսին և սոցիալական պաշտպանության ոլորտին աջակցելու կոչված հակաճգնաժամային ծրագրերի ծախսերին, ապա այստեղ հեռանկարն առհասարակ մշուշոտ է։ Դե, վարկային գումարներ ստացան ԱՄՀ-ից, ասենք թե աջակցեցին բիզնեսին, բայց ո՞ւր են կանխատեսումներն ու հաշվարկներն այն առնչությամբ, որ այդ բիզնեսը որոշակի ժամանակ անց կրկին ոտքի կկանգնի, կսկսի գործել ու իր ավանդը ներդնել գանձարանի հարկային եկամուտներում։ Նման կանխատեսումներ չկան։

Ո՞ւր են այն հաշվարկները, թե որքան ժամանակ է կառավարությունը մտադիր սոցիալական աջակցություն ցուցաբերել բնակչությանը բացառապես պետպարտքի էական ավելացման հաշվին։ Դե, վերցրեցին հիմա պարտքը, ենթադրենք՝ օգնեցին սոցիալապես խոցելի խմբերին։ Իսկ հետո՞։ Հեռանկարը, մեղմ ասած, մշուշոտ է, քանի որ չկա երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վերականգնման հստակ ճանապարհային քարտեզ։

Թեպետ, վերադառնանք բյուջեի ծախսերը չկրճատելուն։ Այդ համատեքստում, թերևս, առանձնակի հրատապություն է ստանում պաշտոնյաների պարգևավճարների վրա գանձարանի հսկայական ծախսերի հարցը։ Այդ խնդիրը նախկինում էլ աղմկահարույց էր, բայց հիմա արդեն ընդհանրապես արտառոց կլինի պաշտոնատար անձանց կանոնավոր բոնուսային վարձատրությունը՝ անկախ նրանց աշխատանքի արդյունավետությունից։ Դժվար թե հնարավոր է առհասարակ որևէ կերպ արդարացնել բյուջեի առատաձեռնությունը պաշտոնյաների նկատմամբ, երբ գանձարանը զրկվի հարյուր միլիոնավոր դոլարներից, և երբ այդ պակասուրդը փոխհատուցվի վարկային, պարտք վերցրած փողերով։

Այստեղ, ի դեպ, ներկայացնենք մի բավական պերճախոս թիվ։ Անցած տարի Yerkir.am կայքը գրավոր հարցումներ ուղարկեց գործադիր իշխանության տարբեր ստորաբաժանումներին՝ պարգևավճարների համար հատկացված գումարների մասին տեղեկություններ տրամադրելու խնդրանքով։ Ահա ուրեմն, հաշվից դուրս թողնելով ուժային կառույցները, անցած տարի պարգևավճարների համար ընդհանուր առմամբ հատկացվել է մոտ 60 միլիոն դոլար։ Համաձայնեք, գումարն առավել քան պատկառելի է։

Իհարկե, բնական կլինի ենթադրել, որ աննախադեպ ճգնաժամի պայմաններում, գանձարանի եկամուտների սաստիկ կրճատման և կառավարության կողմից երկրի պարտքային պարտավորությունների ավելացման պայմաններում պարգևավճարները կսառեցվեն։ Սակայն մեզ մոտ բնավ ամեն ինչ չէ, որ բնական է։ Եվ դատելով ամենից, բոնուսների բաշխման գործընթացը կշարունակվի։ Եվ ամենակարևորը ՝ դրան կտրվի զուտ տնտեսական արդարացում.պետք է ապահովել դրամաշրջանառությունը, դա երկրի տնտեսության շարժիչն է։ Եթե այդ փաստարկը գործում է բյուջեի ծախսերը չկրճատելու համատեքստում, ապա ինչո՞ւ դա չօգտագործել պարգևավճարների շռայլման անհրաժեշտությունը հիմնավորելու համար։ Չէ՞ որ գլխավորը գանձարանի ծախսերը չկրճատելն է։ Դրանից տնտեսությունը կտուժի։ Միայն թե փաստ չէ, թե այն կբարելավվի, եթե կառավարությունն առաջնորդվի «միայն թե ծախսենք» սկզբունքով։ Եվ ամեն դեպքում այդ ամենի համար հարկ է լինելու հատուցել։ Ոչ հիմա, ապագայում