COVID-19. ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍԽԱԼՆԵՐԻ ԴԻՄԱՑ
«ԳԱ»-ին տված հարցազրույցում բժիշկ-համաճարակաբան Էդուարդ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ խոսում է համաճարակի պայմաններում ցուցաբերվող բուժօգնության խնդիրների մասին:
-Պարոն Հովհաննիսյան, ինչո՞ւ Հայաստանում համաճարակը նման մասշտաբներ ընդունեց:
-Սա համաճարակի առաջացման պահից և առ այսօր Առողջապահության նախարարության թույլ տված ռազմավարական սխալների մի ողջ շղթայի բնական ու կանխատեսելի արդյունքն է: Իսկ որպես արդարացում ներկայացվող այն փաստարկը, թե COVID-19 վիրուսը քիչ է ուսումնասիրված, և դրա տարածման մասշտաբները դժվար էր կանխատեսել, ծայրաստիճան ոչ պրոֆեսիոնալ է դիտվում։
-Ո՞ր միջոցները կարող էին կանխել համաճարակի տարածումը մեր երկրում:
-Այն ժամանակ, երբ համաճարակը դեռ նոր էր սկսվել Չինաստանում, առողջապահության նախարարը պարտավոր էր ստեղծել աշխատանքային խումբ՝ համաճարակաբանների, վիրուսաբանների, վարակաբանների, առողջապահության կազմակերպիչների, տնտեսագետների կազմով, և մշակել ռազմավարություն, որը կկանխեր այդ վարակի տարածումը մեր երկրում: Բայց դա չարվեց։ Համաճարակաբանության օրենքը հետևյալն է. եթե կա անհայտ վիրուս, ապա այն պետք է դիտարկել որպես վտանգավոր, քանի դեռ հակառակն ապացուցված չէ: Հարկավոր էր անմիջապես փակել սահմանը, խիստ կարանտին մտցնել, այլ ոչ թե հույս դնել այն բանի վրա, թե համաճարակը մեզ չի հասնի։ Նման դեպքերում ավելի լավ է ապահովագրվել, ապահովել պատրաստականությունը իրադարձությունների զարգացման ամենաբացասական տարբերակին, քան թերագնահատել վտանգը։ Իսկ հետո, եթե իրավիճակն ավելի բարենպաստ ընթացք ստանար, կարելի էր աստիճանաբար մեղմացնել անվտանգության միջոցները։ Բայց մեր Առողջապահության նախարարությունը հույս ուներ, թե ամեն ինչ ինքնաբերաբար կկարգավորվի. մենք անպատրաստ գտնվեցինք նման զարգացումներին, այդ պատճառով էլ արդեն 4 ամիս շարունակ վազում ենք համաճարակի հետևից, այլ ոչ թե վերահսկում դրա տարածումը։ Չի կարելի առողջապահության, ինչպեսև ցանկացած այլ բնագավառում, քաղաքականությունը կառուցել բարենպաստ պայմանների ակնկալիքով։ Նախարարը հայտարարում էր, թե եղանակի տաքանալուն պես վիրուսը կթուլանա և համաճարակը կմարի. հավանաբար դրա հիման վրա էր կառուցում համաճարակին հակազդելու ռազմավարությունը։ Բայց այդ հաշվարկն էլ չարդարացավ։ Այս տարի շոգը սովորականից ավելի շուտ սկսվեց, բայց հիվանդացության առումով մենք զբաղեցրել ենք աշխարհում առաջին տեղերից մեկը։ Պետք էր հաշվի առնել, որ համավարակը սեզոնային բնույթ չի կրում, և արտաքին միջավայրն առանձնապես չի ազդում վիրուսի տարածման վրա, քանի որ այն փոխանցվում է հիմնականում սերտ շփումների արդյունքում։
-Բայց չէ՞ որ առողջապահության շատ լավ համակարգ ու զգալիորեն ավելի մեծ միջոցներ ունեցող Իտալիան նույնպես անպատրաստ գտնվեց ծայրահեղ իրավիճակին, չկարողացավ զսպել համաճարակը, իսկ հիվանդացության բարձրակետի պահին մահացությունը չափազանց բարձր էր…
-Այո: Բայց ինչո՞ւ դա տեղի ունեցավ։ Իտալիան շարժվեց ԱՀԿ-ի թելադրանքով, որը համառորեն խորհուրդ էր տալիս օպտիմալացնել առողջապահության համակարգը, հիվանդատեղերի և բժշկական անձնակազմի թվաքանակը կտրուկ կրճատվել էր, ինչը մեծապես նախորոշեց համաճարակի ծանր հետևանքները: Կրկին իսկ տեղի ունեցավ համաճարակի թերագնահատում, որոշ ղեկավարներ չէին ցանկանում ռիսկի ենթարկել զբոսաշրջային սեզոնը, գումարած չինացի զբոսաշրջիկների ահռելի քանակը։ Թե ինչ կատարվեց հետո, բոլորս գիտենք։ Եվ էլի մեկ կարևոր փաստ։ Մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվում էր Իտալիայի ծերանոցներում, որտեղ առավել խոցելի խմբին պատկանող մարդիկ սերտ շփման մեջ էին:
-Կարելի՞ է արդյոք վստահել Հայաստանում վարակակիրների վերաբերյալ թվերին:
-Կարծում եմ՝ ոչ, և բնավ ոչ այն պատճառով, թե այդ թվերը միտումնավոր խեղաթյուրվում են։ Համաճարակի ողջ ընթացքում Հայաստանում այդպես էլ չկազմակերպվեց ախտորոշման արդյունավետ համակարգ։ Բազմաթիվ մարդիկ տեստ են հանձնում, ստանում բացասական արդյունք և շարունակում ապրել սովորական կյանքով, շփվում ընտանիքում և դրանից դուրս, վարակելով ուրիշներին: Բանն այն է, որ տեստը վերցվում է քիթ-կոկորդից, մինչդեռ կան տվյալներ, որ վիրուսը հիվանդության ընթացքում իջնում է բրոնխներ ու թոքեր, և տեստավորումը 20-30%-ի դեպքում տալիս է կեղծ բացասական արդյունք, հատկապես ծանր դեպքերում։ Մեզանում հիմա տեստավորում են հիմնականում նրանց, ում մոտ առկա են կլինիկական լուրջ դրսևորումներ։ Այդ իսկ պատճառով շատերի մոտ հիվանդությունը հայտնաբերվում է մեծ ուշացումով, արդեն ծանր փուլում և, հետևաբար, բուժումը զգալիորեն ավելի երկար է տևում: Եթե թեթև ու միջին ծանրության պարագայում ստացիոնար բուժումը տևում է մոտ 15 օր, ապա ծանր ձևի դեպքում ձգվում է շատ ավելի երկար, այդ պատճառով էլ մեր ստացիոնարները ծանրաբեռնված են, օրական ընդունում են մոտ երկու անգամ ավելի մեծ թվով հիվանդների, քան դուրս գրում:
Ախտորոշման հետ կապված մյուս խնդիրն այն է, որ տեստավորման հերթը տևում է մոտ երեք օր, այնուհետ հիվանդները դեռ սպասում են արդյունքի, և այդ ողջ ընթացքում բուժում չեն ստանում, հիվանդությունն անցնում է ավելի ծանր ձևի: Իսկ մասնավոր հատվածում տեստավորումն արժե մոտ 20.000 դրամ, ինչը մատչելի է մեր բնավ ոչ բոլոր հիվանդների համար։ Ահռելի թվով հիվանդներ կարիք ունեն թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի, ինչն էլ իր հերթին կապված է մեծ ծախսերի հետ։ Մարդիկ փաստորեն ստիպված են ապացուցել իրենց անալիզներով ու հետազոտություններով, որ հոսպիտալացման ան՚հրաժեշտություն ունեն։ Եթե մենք կարողանայինք ապահովել օրական 4-5 հազար մարդկանց տեստավորում, ապա հիվանդացության թվերը միանգամայն այլ կլինեին։ Եվ եթե այսօր, ըստ պաշտոնական տվյալների, հիվանդների թիվը շատ մեծ է, ապա ախտորոշման ճիշտ կազմակերպման դեպքում այն զգալիորեն ավելի բարձր կլիներ, քանի որ մոտ 30%-ի դեպքում տեստավորումը չի բացահայտում հիվանդությունը:
-Ինչպե՞ս եք գնահատում այդ հիվանդներին ցուցաբերվող ստացիոնար օգնության կազմակերպումը:
-Կարծում եմ, որ այս հարցի նկատմամբ բուն մոտեցումը սխալ է: Կովիդային բաժանմունքներ պետք է գործեն յուրաքանչյուր հիվանդանոցում, քանի որ հիվանդը կարող է բերվել այլ հիվանդությամբ, իսկ բուժման ընթացքում նրա մոտ հայտնաբերվի նաև այդ վարակը։ Ի՞նչ անել այդ դեպքում։ Ինչպե՞ս վարվել, եթե հիվանդին վիրահատել են բոլորովին այլ առիթով, իսկ հետո պարզվել է, որ նա վարակված է, բայց միաժամանակ կարիք ունի հետվիրահատական բուժման: Եթե համակողմանի ողջ անհրաժեշտ բուժումն իրականացվի մեկ բուժհաստատության շրջանակներում, ապա հարցերն ավելի հեշտ ու արդյունավետ կլուծվեն։ Այդ դեպքում յուրաքանչյուր նման բաժանմունքում կգործեն պաշտպանության միջոցներ և կանոնակարգեր։
Ստեղծվել է անհեթեթ իրավիճակ, երբ կորոնավիրուսային հիվանդանոցների աշխատողները ավելի լավ են պաշտպանված, քան պայմանականորեն մաքուր, ոչ կորոնավիրուսային հաստատությունների բուժանձնակազմը։ Օրինակ, համաճարակի 4 ամիսների ընթացքում թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում վարակվել է 90 բուժաշխատող, նույն վիճակն է նաև «Էրեբունի», «Արմենիա» և այլ հիվանդանոցներում։ Ավելին, ամբողջ Երևանի համար կա ընդամենը մեկ ինֆեկցիոն հիվանդանոց՝ Նորքը։ Նախկինում հիվանդատեղերի այդ քանակը բավարար էր, բայց երբ սկսվեց համաճարակը, վարակիչ այլ հիվանդություններ ունեցող հիվանդներին ստիպված էին տեղափոխել ուրիշ հիվանդանոցներ, որոնք միշտ չէ, որ ապահովված են պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցներով։ Դեռ լավ է, որ կորոնավիրուսին զուգահեռ տեղի չունեցավ որևէ այլ ինֆեկցիոն հիվանդության բռնկում։
Եվ, վերջապես, ևս մեկ խնդիր, որը ներկայումս ահագնանում է։ Հիվանդության թեթև ու միջին ծանրությամբ մեծ թվով հիվանդներ տուն են ուղարկվել՝ առաջնային օղակի բժիշկների հսկողությամբ բուժվելու համար: Բայց վերջիններս պատրաստ չեն բուժելու կորոնավիրուսով վարակված հիվանդների, նրանց անհրաժեշտ էր նախապատրաստել։ Ավելին, այդ մարտավարությունը պետք է կիրառվեր համաճարակի հենց սկզբից, և հիվանդանոցների բժիշկներն այն աստիճան ուժասպառ չէին լինի, որքան ներկայումս են։
-Դուք գտնում եք, որ կովիդային բաժանմունքները պետք է բացել բոլոր հիվանդանոցներում: Բայց չէ՞ որ այնտեղ պետք է աշխատեն վարակաբաններ, և ոչ թե այլ պրոֆիլների բժիշկներ…
- Պետք էր կազմակերպել բժիշկների գոնե մի մասի վերապատրաստում, բայց նման բաժանմունքներում անհրաժեշտ են առաջին հերթին թերապևտներ ու ռեանիմատոլոգներ, որոնք կան յուրաքանչյուր հիվանդանոցում: Եվս մեկ սխալ էր ավագ սերնդի բժիշկների հեռացումը գործնական աշխատանքից՝ նրանց անվտանգության նկատառումով։ Այդ մասնագետներին փոխարինեցին դեռ բավարար փորձ ու գիտելիքներ չունեցող երիտասարդներով։ Մինչդեռ գործնական աշխատանքի մեծ փորձ ունեցող մարդիկ անհրաժեշտ են, ավելին. նրանցից շատերը պատրաստ են աշխատել անգամ այս պայմաններում, ցանկանում են օգտակար լինել իրենց ժողովրդին, երկրին։ Պետք էր ստեղծել ակտիվ աշխատող խորհրդատվական կառույց, որում կընդգրկվեին մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող և երիտասարդ մասնագետներին առցանց ռեժիմով խորհրդատվական օգնություն ցուցաբերող բժիշկներ: Կարելի էր ապահովել նրանց անվտանգությունը և օգտագործել նրանց անգնահատելի փորձը։ Հարկավոր է փոխել համաճարակի պայմաններում բժշկական օգնության ողջ ռազմավարությունը, այլապես մենք դեռ երկար չենք կարողանա հաղթահարել այն, իսկ եթե վերջնականապես կորցնենք վերահսկողությունն իրավիճակի նկատմամբ, ապա դա կսպառնա ծայրաստիճան բացասական հետևանքներով։