ՏԵՂԱՅԻՆ ԿՈԼԱՊՍ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից հանրությանն ուղղված վերջին առաջարկը, բնականաբար, մեծ իրարանցում առաջացրեց։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Չէ՞ որ նախարարը բոլորին կոչ արեց, ըստ էության, անցնել ինքնակարանտինի ռեժիմի, սահմանափակել «ոչ կենսական» բոլոր շփումները. հյուր չգնալ, չնշել տոները, չմեկնել բնության գիրկ և այլն։ Նախարարը առանձնահատուկ շեշտեց նաև, թե այս իրավիճակից ելքի այլ ճանապարհ պարզապես չկա։

Թե կա արդյոք այլ ճանապարհ եվ որտեղ է այն, առանձին հարց է: Բայց ակնհայտ է, որ նախարարի առաջարկած ինքնակարանտինը դժվար թե կարող է ելք համարվել իրավիճակից՝ առնվազն մեկ պարզ պատճառով. անհասկանալի է, թե կոնկրետ ինչ ժամկետով է մարդկանց առաջարկվում ինքնամեկուսանալ տանը, և ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի ինքնասահմանափակումների ժամկետը համարվի ավարտված։ Այո, հնարավոր է, որ կորոնավիրուսով վարակվածների քանակի ցուցանիշն այդ կերպ կարելի է կրճատել։ Բայց հենց որ մի որոշ ժամանակ անց հասարակական ինքնավերահսկողությունը թուլացվի կամ առհասարակ վերացվի, թվերը կրկին կսկսեն աճել։ Այսպես թե այնպես, ակնհայտ է, որ նախարարի առաջարկը պարզապես ինքնաբուխ է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ կառավարությունը չունեն որևէ ծրագիր, կորոնաճգնաժամի դեմ պայքարի ինչ-որ ճանապարհային քարտեզ։ Մինչդեռ առանց քարտեզի ելքը հարկ կլինի փնտրել թերևս միայն շոշափելով, իսկ դա վտանգավոր է, ավելացնում է ռիսկերն ու բարդացնում իրավիճակը: Դատեք ինքներդ։

Իր նույն այդ առաջարկի մեջ, որը մերժելն անհնար է, Թորոսյանը քաղաքացիներին կոչ արեց չայցելել ռեստորաններ ու սրճարաններ։ Ընդհանրապես չայցելել, իսկ եթե ցանկությունը շատ մեծ է, ապա գնալ բացառապես միայնակ: Ըստ էության, Հայաստանի կառավարության ներկայացուցիչը որոշել է պարզապես մի բառով կործանել երկրի սոցիալ-տնտեսական կյանքի մի ամբողջ ոլորտ։ Ոլորտ, որը բավական բարվոք էր նախաճգնաժամային շրջանում և առավել տուժածներից մեկն է ճգնաժամի ժամանակաշրջանում։ Տպավորություն է ստեղծվում, որ Թորոսյանն ուզում է ուղղակի վերջնականապես ոչնչացնել այն։

Հարկ կա՞ արդյոք խոսել այն մասին, թե քանի աշխատատեղ են ապահովում սրճարաններն ու ռեստորանները։ Հարկ կա՞ նշել, որ հատակ չսուզվելն այդ օբյեկտների համար այսօր շատ ավելի դժվար է, քան այլ ոլորտներում զբաղված տնտեսվարող սուբյեկտների։ Եվ ահավասիկ, հանդես է գալիս Արսեն Թորոսյանը՝ ռեստորաններ ու սրճարաններ այցելելուց ձեռնպահ մնալու իր կոչով։ Եթե նրա կոչին անսան, ապա ոլորտի վերջը գործնականում եկել է։ Իսկ եթե քաղաքացիները չհետևեն նախարարի խորհրդին, ապա կստացվի, թե հասարակայնությունը անգիտակից է և անկարգապահ։

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց լոքդաունի քաղաքականությանը վերադառնալուց ամեն գնով խուսափելու անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ լոքդաունի ժամանակ բարելավվում է առողջապահության ոլորտում տիրող վիճակը, սակայն տնտեսական առումով կարող է այնպիսի կոլապս տեղի ունենալ, որ վերականգնումը տասնամյակներ կտևի:

Իսկ մեկ շաբաթ անց առողջապահության նախարարը փաստորեն առաջարկում է նույն լոքդաունի փոքր-ինչ ձևափոխված մոդել։ Էական տարբերությունը լոկ այն է, որ կառավարությունը չի արգելում ռեստորանների աշխատանքը։ Եվ հասկանալի է, թե ինչու։ Այդ դեպքում ստիպված կլինի պատասխանատվություն ստանձնել, ընդունել հակաճգնաժամային հերթական ծրագիրը և բյուջեից փոխհատուցել ոլորտի կորուստների որոշակի մասը։ Փոխարենը, ըստ էության, ստեղծում է այնպիսի պայմաններ (Թորոսյանի կոչը), որ հասարակական սննդի օբյեկտների տնտեսական գործունեությունը կորցնի ամեն տեսակի իմաստն ու դրանք իրենք փակվեն։ Թեպետ, եթե հաշվի առնենք, որ քաղաքացիներին կոչ է արվում տնից դուրս չգալ առանց կենսական անհրաժեշտության, ապա սպառնալիքի տակ են ոչ միայն ռեստորաններն ու սրճարանները, այլև սպասարկման ամբողջ ոլորտը։ Արդյունքում, իսկապես, առանձին վերցրած այդ ոլորտում կարող է տեղի ունենալ այնպիսի կոլապս, որ վերականգնումը տասնամյակներ կտևի…

Основная тема:
Теги: