ՏՆՏԵՍԱԳԵՏ. ԱՅՍ ՏԱՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿԿԱԶՄԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 10%

Այս տարի տնտեսական անկումը Հայաստանում կկազմի ավելի քան 10%։ Այս մասին այսօր, հուլիսի 2-ին, քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ և BMS բանկային կառավարման դպրոցի հիմնադիր Աշոտ Օսիպյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը համավարակի պայմաններում հայտնվել է ծանր իրավիճակում: Ըստ պաշտոնական տվյալների՝ կրճատվել է մոտ 20 000ր աշխատատեղ, տարբեր կանխատեսումների համաձայն՝ գործազրկության աճը կկազմի 5-10%: «Զբոսաշրջության արդյունաբերությունը մեծ ճգնաժամի մեջ է: Անկման տվյալները սարսափեցնող են»,- ասաց նա: Օսիպյանը նշեց, որ իր գնահատականներով՝ Հայաստանում տնտեսական անկումը կգերազանցի 10%-ը: Ընդ որում, բնակչության ակնկալիքները նույնպես բացասական են: «Ես ուսումնասիրություն եմ անցկացրել, որի համաձայն սուրճի վաճառքը նվազել է 40%-ով»,- ասաց նա:

Օսիպյանը պարզաբանեց, որ Հայաստանում սուրճի վաճառքի ծավալները ցուցանիշ են,, քանի որ նույնիսկ դժվար իրավիճակներում Հայաստանի բնակչությունը, որպես կանոն, շարունակում է սուրճ և ծխախոտ գնել: Սպառման ծավալների նվազումը նշանակում է, որ մարդիկ այլևս ի վիճակի չեն դա թույլ տալ իրենց, և վկայում է ճգնաժամի խորության մասին: Սրա հետ մեկտեղ, զգալիորեն նվազել են նաև անշարժ գույքի գործարքները: Սա երկրում ձևավորում է անշարժ գույքի գների նվազման սպասում: Ճգնաժամից հետո զգալիորեն կկրճատվի նաև գրասենյակային տարածքների վարձակալության պահանջարկը, ասաց նա՝ հավելելով, որ միջազգային կազմակերպություններից մեկի գնահատականներով՝ ՀՀ աշխատող քաղաքացիների 40%-ը կարող է տնից աշխատել:

Եթե այս ամենին գումարենք գույքահարկի մասին նոր օրենքի բացասական ազդեցությունը, ապա անշարժ գույքի շուկայում մենք պետք է ակնկալենք զգալի անկում: «Այս անկումը կարող է հանգեցնել ծայրաստիճան բացասական հետևանքների, բավական է հիշել 2008 թվականին ԱՄՆ-ի ճգնաժամը»,- ասաց նա: Ներկա պայմաններում, նրա կարծիքով, «միայն ուժեղ ինֆլյացիան և դոլարի փոխարժեքի անկումը կարող են փրկել Հայաստանը»:

«Գույքահարկի հաշվարկման կարգը այս փուլում փոխելը վաղաժամ է»- ասել է Օսիպյան

Այս փուլում գույքահարկի հաշվարկման կարգը փոխելը վաղաժամ է: Այս մասին այսօր, հուլիսի 2-ին, քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ և BMS բանկային կառավարման դպրոցի հիմնադիր Աշոտ Օսիպյանը:

Նրա խոսքերով՝ բարեփոխման նպատակը գույքահարկի հարաբերակցության ավելացումն է՝ այժմյան 0,2%-ից մինչև 2%, սակայն սա չպետք է լինի ինքնանպատակ, պետք է հաշվի առնել բնակչության եկամտի մակարդակը: «Հայաստանը չպետք է համեմատվի Ղազախստանի հետ, որտեղ գործում է հարկային նման համակարգ, և նույնիսկ հարևան Վրաստանի հետ: Մենք պետք է համեմատվենք ինքներս մեզ հետ և փնտրենք զարգացման մեր սեփական ուղին»,- ասաց նա:

Սրա հետ մեկտեղ, գույքահարկի հարաբերակցությունը ՀՆԱ-ին ավելացնել հնարավոր է ոչ միայն հաշվարկված հարկային բազայի ընդլայնման, այլև գույքի ծավալի ավելացմամբ, շինարարության ծավալների մեծացման և ստվերից գույքը հանելու միջոցով: Նա ընդգծեց, որ Հայաստանում կան անշարժ գույքի բազմաթիվ օբյեկտներ, որոնք գրանցված չեն, կամ ունեն անավարտ շինարարության կարգավիճակ, և, հետևաբար, հարկերը չեն վճարում ամբողջությամբ: Միաժամանակ, Օսիպյանը համաձայնեց անշարժ գույքի հարկը վերանայելու անհրաժեշտության հետ, բայց ոչ այս փուլում: «Համավարակի պայմաններում երկրները խուսափում են հարկային ոլորտի բարեփոխումներից, ներկայում պետությունները հիմնականում կենտրոնացած են ֆինանսական ներարկումների միջոցով տնտեսության խթանման վրա»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ արդեն այսօր անշարժ գույքի շուկայում դիտարկվում են բացասական սպասումներ, և այս բարեփոխումը միայն կուժեղացնի դրանք: Ավելին, բարեփոխումը բացասաբար կանդրադառնա շինարարության ոլորտի վրա: «Շինարարական ընկերությունները նախընտրում են խուսափել էլիտար շենքերի շինարարությունից, Երևանի կենտրոնում շինարարությունից, որովհետև այլևս անշարժ գույքի այս կատեգորիայի պահանջարկ չի լինի»,- ասաց Օսիպյանը: Իր հերթին, տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը նշեց, որ Երևանի կենտրոնում նոր շինությունների տեղ արդեն չկա: Եթե բարեփոխումը հանգեցնի բյուջետային բնակարանների շինարարության ծավալի ավելացմանը, ապա սա միայն ողջունելի կլինի: «Եթե Երևանի կենտրոնում շինարարության փոխարեն սկսեն կառուցապատել Արաբկիր, Դավիթաշեն և մյուսլ համայնքները, ապա կարելի կլինի դրական համարել այս բարեփոխումը»,- ասաց նա:

News.am