Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Արման Բաբաջանյանի կայքի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Հովսեփյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և նրա ծնողների հայցադիմումն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ «1in.am» լրատվականի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Նշված լրատվականում  տեղեկատվություն էր հրապարակվել առ այն, թե «ԶՊՄԿ-ի հետ աշխատող բեռնափոխադրման ընկերությունը միայն Վանեցյանի հորը չի պատկանել և տարիներ առաջ Վանեցյանը և Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին են համատեղ ձեռնարկել լոգիստիկ բիզնես, որի միջոցով Քաջարանից տեղափոխում են Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությունից հումք համապատասխան նշանակման վայրեր»:

Արթուր Վանեցյանը և նրա ծնողները հայտարարել են, որ տվյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում եւ դատական հայցով պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, պարտավորեցնել պատասխանողին հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։

ՓԱՍՏԻՆՖՈ