ԱԼԻԵՎԸ ԼԿՏԻԱՆՈՒՄ Է, ԵՎՐՈՊԱՆ՝ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ. ՖՐԱՆՍԻԱ, ԴՈՒ ԳՈ՞Հ ԵՍ

ԵԱՀԿ-ում սկանդալ է բռնկվել, որի կենտրոնում կրկին հայտնվել է Ադրբեջանը։ Այս անգամ Բաքվի դեմարշը կապված է ֆրանսիացի դիվանագետ Արլեմ Դեզիրի հետ, որի թեկնածությունը նոր ժամկետի է առաջադրվել որպես զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ։ Քանի որ Դեզիրը իր առաջին ժամկետի ընթացքում հետևողականորեն և սկզբունքայնորեն պաշտպանել է ադրբեջանական լրատվամիջոցների, լրագրողների իրավունքներն ու ազատությունները և «հանդգնել» է քննադատել իշխանություններին, Իլհամ Ալիևը վաղուց էր քեն պահում նրա դեմ։ Եվ ահա եկավ վրեժխնդիր լինելու ժամանակը։ Քանզի չի՛ կարելի ոտնձգություն կատարել մտքով անցածն անելու նախագահի սրբազան իրավունքի դեմ և սեփական ժողովրդավարական օյիններով խցկվել ալիևյան սուլթանություն։

Խնդրի էությունը հետևյալն է.Ադրբեջանը արգելափակել է կազմակերպության մի շարք ղեկավարներին հերթական եռամյա ժամկետով պաշտոնում նշանակելու մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի որոշման նախնական փաթեթը։ Արգելափակման պատճառը Ֆրանսիայի ներկայացուցիչ Արլեմ Դեզիրն է։ Քանի որ նշանակումները ԵԱՀԿ անդամ երկրների կողմից կատարվում են մեկ ընդհանուր փաթեթով, Բաքվի ԱԳՆՄշտական խորհրդին բողոքի նոտա է հղել ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի պաշտոնում ֆրանսիացի դիվանագետի վերանշանակման առնչությամբ:

Ամեն ինչ շատ պարզ է. Դեզիրը բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները և քննադատել պաշտոնական Բաքվին խոսքի ազատության և լրագրողների իրավունքների խախտումների համար՝ ընդհուպ մինչև բռնակալ-նախագահի կողմից բանտ նետվածներին ազատ արձակելու կոչեր։ Ադրբեջանի ԱԳՆդիվանագիտական նրբանկատությամբ անվանում է դա «Ադրբեջանում խոսքի ազատության հետ կապված իրավիճակի չափից ավելի քննադատում» Դեզիրի առաջին ժամկետի ընթացքում՝ 2017 թվականից սկսած։ Իսկ քանի որ ԵԱՀԿ խորհրդում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ապա Բաքվի ԱԳՆ-ի գործողությունները կարող են հանգեցնել նրան, որ կազմակերպությունը «գլխատված» կմնա մինչև սեպտեմբեր։

Ինչպես արդեն նշվել է, սա առաջին «բիծը» չէ, որը մթագնել է Ադրբեջանի հարաբերությունները միջազգային հեղինակավոր կառույցի հետ։ Ամեն ինչ սկսվեց դեռևս 2013 թվականին, երբ երկրի իշխանությունները, Եվրոպական և միջազգային տարբեր կազմակերպություններին երկրից փաստացի վռնդելու ընդհանուր արշավի շրջանակներում՝ 2014 թվականի հունվարի 1-ից իջեցրեցին Բաքվում ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակը մինչև նախագծերի համակարգողի նվաստացուցիչ աստիճանի։ Այնուհետ հաջորդեց այդ գրասենյակի ղեկավարի՝ ադրբեջանական ծագումով ֆրանսիացի Ալեքսիս Շահտահտինսկու հետ կապված սկանդալը, որը ամերիկացիների ու եվրոպացիների կողմից խիստ քննադատության ենթարկվեց այն բանի համար, որ իր պարտականությունները կատարում էր ավելի շուտ Ադրբեջանի նախագահի շահերին, քան ԵԱՀԿ կանոնադրությանն ու առաքելությանը համապատասխան։

Արդյունքում Շահտահտինսկու մանդատը չերկարացվեց և նրան հետ կանչեցին պաշտոնից։ Դա զայրույթի նոպա առաջացրեց Ալիևի մոտ, որը սպառնաց այդ դեպքում վերջնականապես փակել ԵԱՀԿ գրասենյակը։ Կազմակերպության ղեկավարությունը չտրվեց բացահայտ շանտաժին, ինչի համար էլ հատուցեց. 2015-ին ԵԱՀԿ-ն զրկվեց նույնիսկ նախագծերի համակարգողի կարգավիճակից, գրասենյակը փակվեց արդեն վերջնականապես։ Դրանից հետո տարածաշրջանում ԵԱՀԿ միակ գործող ներկայացուցչություն դարձավ երևանյան գրասենյակը, ինչը ալիևյան նախանձկոտ հոգին ոչ մի կերպ չէր կարող հանդուրժել։ Արդյունքում առաջին իսկ հնարավորության դեպքում, օգտվելով վետոյի իրավունքից, Ադրբեջանը 2017 թվականին հասավ ներկայացուցչության փակմանը նաև Հայաստանում...

Այդպես, ադրբեջանցի բռնապետի ջանքերի և աննախադեպ լկտիության «շնորհիվ», միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը փաստացի մնաց առանց սեփական գրասենյակի։ Պետք է ազնվորեն խոստովանել. տե՛ղն էր իրեն։

Այն ժամանակ՝ 3 տարի առաջ, տարբեր կառույցներ ու առանձին գործիչներ հանդես էին գալիս Բաքվին ուղղված հորդորներով ու կոչերով՝ չանելու դա։ Բայց չհաջորդեցին ո՛չ խիստ քննադատություն, ո՛չ համապատասխան քայլեր։ Ահավասիկ ԵԱՀԿ-ն իր այն ժամանակվա կոնֆորմիզմի համար ներկայումս հատուցում է մասամբ նաև կազմակերպության ղեկավարության աշխատանքի փաստացի կաթվածահարությամբ։ Ընդ որում բոլորի համար էլ պարզ է, թե ինչի է ձգտում Ալիևը. մամուլի ազատության հարցերով այնպիսի ներկայացուցչի նշանակման, որն այնքան էլ սկզբունքային ու պատասխանատու չի լինի իր գործունեության մեջ՝ աչք փակելով իշխանությունների սանձարձակ կամայականությունների վրա։ Այնպիսի մարդու, որի հետ կարելի կլինի պայմանավորվել և փորձել «ընտելացնել». դե ինչ, խավիարային դիվանագիտությունը դեռ ոչ ոք չի չեղարկել։

Իլհամ Ալիևը, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, վաղուց է ձգտում ինդուլգենցիա ստանալ իր երկրում իրականացվող ավտորիտար քաղաքականության և ամենաթողության համար։ Եվ մասամբ հաջողության է հասել այդ հարցում, դրա համար էլ Արլեմ Դեզիրի պես մարդիկ խանգարում են նրան։ Եվ հետևաբար՝ կօգտագործվեն նրա նշանակմանը խոչընդոտելու բոլոր հնարավոր միջոցները։ Այդ թվում՝ որ խրատ լինի հաջորդին. իբր՝ եթե խելոք չմնաս, ապա քեզ էլ  չեն վերանշանակի։ Դեմարշի հաջողության դեպքում Ալիևն իր հաշվին ևս մեկ միավոր կգրանցի Եվրոպայի «վարժեցման» գործընթացում, Իսկ Եվրոպան ևս մեկ աստիճան կիջնի՝ հանուն տնտեսական շահերի բռնապետական ռեժիմներին զիջումներ անելով։

Ողջ այս տգեղ պատմության մեջ կա կոնկրետ Ֆրանսիային վերաբերող ևս մեկ տեսանկյուն։ Հայաստանում այնքան սիրված երկրին, որն իսկապես շատ մոտ է մեզ և բազմիցս ապացուցել է իր հիրավի բարեկամական ու առանձնահատուկ ջերմ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Անցած տարի, սակայն, այդ հարաբերությունները ճաք տվեցին. այն ժամանակաշրջանում, երբ պաշտոնական Փարիզի ջանքերով մեկը մյուսի հետևից դատական կարգով սկսեցին չեղարկվել հումանիտար ոլորտում համագործակցության պայմանագրերը, որոնք ավելի վաղ ստորագրվել էին Արցախի և Ֆրանսիայի տարբեր քաղաքների միջև: Ընդ որում պարզ էր, որ դա արվում է հանուն Ֆրանսիայի կողմից Ադրբեջանում իրականացվող լայնածավալ տնտեսական նախագծերի։ Ալիևը (Ալիևան) խնդրել էր, Մակրոնը՝ համաձայնել։ Եվրոպան՝ ի դեմս պաշտոնական Փարիզի, հերթական անգամ տրվեց բռնապետի շանտաժին և նահանջեց իր կողմից այդչափ բարձրագոչ ազդարարվող մարդասիրական ու ժողովրդավարական արժեքներից։

Այսօր փառապանծ Ֆրանսիան քթին մատնազարկ է ստանում մեծաքիթ բռնապետից, որի երկիրն ունի ընդամենը հարյուր տարվա պատմություն՝ լի մարդկության դեմ հրեշավոր հանցագործություններով, հարևան պետությունների տարածքի հանդեպ անվերջ ոտնձգություններով և ուրիշի մշակույթի անպատկառ գողությամբ, իսկ կառավարվում է բռնապետական վարչակարգի կողմից, որի համար ժողովրդավարական ազատությունների զանգվածային խախտումները գոյության բացարձակ նորմ են: Իսկ երբ ԵԱՀԿ-ում բարձր պաշտոն զբաղեցնող Ֆրանսիայի ներկայացուցիչը ազնվորեն ու պրոֆեսիոնալ կերպով կատարում է այդ խախտումները թույլ չտալու իր պարտականությունները, քինախնդիր մանր բռնապետը ստիպում է եվրոպական մեծ ժողովրդավարություններին հաշվի նստել իր նսեմ քմայքների և շահերի հետ։ Քանզի կոնսենսուս ու ժողովրդավարություն է։ Քանզի պետք է հանդուրժել հանուն նավթի։

Այնպես որ, պարոն Մակրոն, գո՞հ եք։ Ձեզ դո՞ւր է գալիս պարոն Ալիևի պատասխանը Արցախի հետ պայմանագրերը խզելու հարցում ձեր փոքրոգի զիջումներին։ Գուցե խորհեք և հիշե՞ք այնպիսի մոռացված կատեգորիայի մասին, ինչպիսին սեփական և ազգային արժանապատվության զգացումն է, հիշեք ժողովրդավարական և մարդասիրական ճշմարիտ արժեքների մասին։ Գուցե մտաբերե՞ք, ի վերջո, թե ինչ է Եվրոպան և ինչ է Ադրբեջանը՝ իր Ալիևով։

Պետք լինի՝ հարցրեք. կհուշենք։ Ցույց կտանք։ Եվ կապացուցենք։