ԵՐԲ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է
Ըստ վիճակագրական կոմիտեի վերջին հաշվետվության, Հայաստանի տնտեսության երկու առանցքային ոլորտներում արդեն մի քանի ամիս շարունակ էական անկում է արձանագրվում: Խոսքն առևտրի մասնահատվածի և ծառայությունների ոլորտի մասին է։ Այսպես, հունվար-մայիսին առևտրի ծավալը կրճատվել է 10,8%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 4,2% տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նկատենք, որ սրանք այն ոլորտներն են, որոնք ապահովում են տասնյակ հազարավոր աշխատատեղեր, և ընդհանրապես՝ տնտեսության տոնուսը։
Այստեղ լավատեսները կարող են ասել, թե տարվա կեսը դեռ առջևում է, իրավիճակը կարող է փոխվել դեպի լավը: Սակայն դրական կանխատեսումների համար, ավա՜ղ, ոչ մի հիմք չկա։ Հակառակը, նշված ուղղությունների պարագայում ակներև է, որ շարունակվելու է լուրջ անկում արձանագրվել։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ ճգնաժամի պայմաններում բնակչության եկամուտները նվազում են, ինչի բացասական հետևանքները չեն կարող իրենց վրա չզգալ առևտուրն ու ծառայությունների ոլորտը։ Խնդիրն այն է, որ այդ բնագավառների շարժիչ ուժը՝ զբոսաշրջությունը, կաթվածահար է։
Երկրի տնտեսական կյանքում առհասարակ զբոսաշրջության դերի ու տեղի մասին չենք խոսի։ Նշենք միայն, որ եթե վերջին երկու տարիներին եղել են ինչ-որ շոշափելի դրական տնտեսական միտումներ, ապա դրանք վերաբերել են հիմնականում զբոսաշրջության ոլորտին։ Մասնավորապես, անցած տարի, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստան է այցելել ավելի քան 1 մլն 800 հազար զբոսաշրջիկ։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին տուրիստական այցելությունների թիվը հասել է 1 մլն 500 հազարի։ Այնպես որ զարգացման դինամիկան այստեղ ակներև է։ Բայց հարցը միայն դա չէ։ 1,8 միլիոն զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 1,5 միլիարդ դոլար։ Այդ թիվը ստացվել է այն հաշվառումով, որ Հայաստանի ԿԲ-ի տվյալներով՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր այցի ընթացքում մեր երկրում ծախսում է 880 դոլար։ Եվ, բնականաբար, այդ գումարները ծախսվում են առևտրի ու ծառայությունների ոլորտներում։ Այստեղ, թերևս, արժե հիշեցնել Հայաստանի կառավարության ղեկավարի նախորդ տարվա հայտարարություններից մեկը։ Անցած տարվա օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հաղորդեց, որ առաջին կիսամյակում երկիր են այցելել 12,8%-ով ավելի շատ զբոսաշրջիկներ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, նշելով, որ 2019-ի առաջին 6 ամիսների ընթացքում զբոսաշրջիկները մեզ մոտ 120 միլիոն դոլարով ավելի շատ գումար են ծախսել, քան նախորդ տարի։ Փաշինյանն ընդգծեց, որ «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել»:
Այս ամենը անցած տարի էր։ Իսկ այս տարի... Զբոսաշրջությունը գործնականում վախճանվել է։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ առևտրի ու ծառայությունների նույն այդ ոլորտները զրկվել են հարյուր միլիոնավոր դոլարներից։ Դա նշանակում է, որ Հայաստանի նույն այն քաղաքացին, որը կարող էր 120 միլիոնից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել, այժմ զրկված է այդ հնարավորությունից։ Հաշվի առնելով, որ տեսանելի ապագայում զբոսաշրջության ոլորտում իրավիճակի նույնիսկ աննշան փոփոխություններ ակնկալելն անհնար է համաճարակաբանական իրավիճակի պատճառով, պետք է խոսել այն մասին, որ առևտրի և ծառայությունների ծավալների անկումը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ: Իսկ դա, ըստ էության, գրեթե մեկուկես միլիարդ դոլար է, որը տարվա արդյունքներով չի հայտնվել առևտրային- սպասարկումային շրջանառության մեջ։ Համաձայնեք, մեզ համար դա վիթխարի գումար է։
Թվում է, թե ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է գոնե փորձի փրկել զբոսաշրջությունը, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաև անկում ապրող առևտուրն ու ծառայությունների ոլորտը։ Թվում է, թե գոնե ներքին զբոսաշրջությանը կարելի էր մի փոքր աջակցել։ Սակայն նա ոչ միայն չի ձեռնարկում նման փորձեր, այլև առհասարակ շարունակում է կործանել տուրիստական ոլորտը։ Բավական է հիշել երկրի քաղաքացիներին ուղղված այն կոչը, որ չայցելեն ռեստորաններ, չգնան պիկնիկների, չմեկնեն տեսարժան վայրեր։
Թե ինչի վրա է հույս դրել իշխանությունը՝ սոցիալ-տնտեսական անդունդ երկրի անկումը կանխելու առումով, դժվար է ասել։ Փոխարենը՝ դժվար չէ նկատել, որ կառավարության գործողությունները, ավելի ճիշտ՝ անգործությունը, միայն արագացնում են անկման այդ գործընթացը։