10 ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐ ԴԱՐՁԱՆ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐ
Մրցույթում հաղթած 10 տաղանդավոր երեխաներ դարձան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ: Նրանց հանձնվեցին տարեկան անվանական կրթաթոշակի վկայականներ, յուրքանչյուր ամիս նրանց կփոխանցվի 100 եվրոյին համարժեք դրամ:
«Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հաշվի առնելով Հիմնադրամի առաքելությունները, այս տարվա սկզբին որոշում կայացրեց սահմանել կրթաթոշակ Հայաստանի տաղանդավոր պատանի կատարողների համար։ Հայաստանի երաժշտական դպրոցներում ուսանում են բազում տաղանդավոր երեխաներ, և այս կրթաթոշակը, ինչպես նաև հիմնադրամի կազմակերպած այլ ծրագրերը հնարավորություն կտան երեխաներին կրթվել և հմտանալ իրենց մասնագիտության մեջ՝ բարձրացնելով իրենց կատարողական վարպետությունը: Կազմակերպելու ենք վարպետության դասեր աշխարհի լավագույն պրոֆեսորների և աշխարհահռչակ արտիստների հետ։ Այս կրթաթոշակը սահմանելու հարցում շատ մեծ է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի դերը. հենց նրա օգնությամբ մենք կարողացանք հայթայթել սահմանված կրթաթոշակի համար գումար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը իր ողջ կազմով նույնպես միացել է այս նախաձեռնությանը, և մենք հնարավորություն ունենք մեր կրթաթոշակառուներին ոչ միայն տրամադրել նվագախմբի բոլոր համերգների տոմսեր, այլ նաև հանդիպումներ կազմակերպել նվագախմբի կողմից Հայաստան հրավիրված հայտնի երաժիշտների հետ, ապահովել նրանց մասնակցությունը նվագախմբի փորձերին, ինչը մեծ փորձ կլինի մեր պատանիների համար»,- ասաց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր- Հովակիմյանը:
Նա նաև ափսոսանք հայտնեց, որ այս անգամ մարզային երաժշտական դպրոցների երեխաները չկարողացան ընդգրկվել ծրագրում. « Մրցույթին մասնակցած, բայց ծրագրում չընդգրկված երեխաների համար հիմնադրամը կկազմակերպի կրթական հետաքրքիր նախագծեր, որոնց մասին մենք հիմա ունենք տարբեր քննակումներ։ Ցանկությունը մեծ է, որ մարզերի երեխաներին նույնպես հնարավոր լինի հետագայում ընդգրկել կրթաթոշակի ծրագրում: Մենք պետք է օգնենք մարզերի երեխաներին զարգացնել իրենց կատարողական վարպետությունը»:
Մրցույթին մասնակցած երեխաները ուղարկել են տեսաձայնագրություններ իրենց կատարումներով, իսկ ընտրությունը կատարել է միջազգային հանձնաժողովը, որի կազմում են աշխարհում ամենամեծ ճանաչում ունեցող հայազգի երաժիշտները՝ Էդվարդ Հայրապետյան (կոմպոզիտոր), Վահագն Պապյան (Թել Ավիվի Սամուել Ռուբին երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, դիրիժոր և դաշնակահար), Սուրեն Բագրատունի (Միչիգանի պետական համալսարանի երաժշտական քոլեջի պրոֆեսոր, թավջութակահար) և Բորիս Ալլախվերդյան (Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, կլարնետահար)։
Մրցույթին մասնակցել են 85 երեխաներ, որոնցից ժյուրին ընտրել է 10 առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների՝
1. Բոյաջյան Դավիթ Հարությունի – ջութակ – Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
2. Անիսիմովա Ասյա Իգորի – ջութակ - Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
3. Հակոբյան Մարի Արմանի – թավջութակ - Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
4. Հեքեքյան Հայկ Տիգրանի – հոբոյ - Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
5. Գասպարյան Տիգրան Արմենի – հոբոյ - Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց
6. Տոնոյան Դավիթ Արաիկի – ֆագոտ - Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
7. Գալստյան Սաթենիկ Արտյոմի - գալարափող - Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
8. Առաքելյան Միհրան Աշոտի – շեփոր - Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
9. Դավթյան Սամվել Կարենի – տրոմբոն - Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
10. Սարգսյան Գուր Գոռի – դաշնամուր - Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց
Նշենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը, որն իր գործունեությունը մեկնարկել է 2019 թվականից, սահմանում է «Երաժշտություն հանուն ապագայի» տարեկան անվանական կրթաթոշակ 10-16 տարեկան տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար:
Հիմնադրամի գործունեության մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել կայք հետևյալ հղումով ՝ http://www.m4f.foundation/hy: