Տարոն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ՓՈՍԻՑ, ՈՐԻ ՄԵՋ ԻՆՔՆ Է ԸՆԿԵԼ

Տավուշում իրավիճակի սրացումը Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության շարունակությունն է: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է ադրբեջանագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական կողմը փորձում է հնարավոր ամեն առիթ օգտագործել ուժի սպառնալիք կիրառելու համար: Բացի այդ, մյուս կողմից էլ, իրենք իրենց հասարակությանը մշտապես «կերակրում են» ատելության քարոզչությամբ՝ տալով հույսեր, որ ադրբեջանական բանակը հզոր է, իսկ հայկական բանակը չունի որևէ ուժ: Այսինքն չափից մեծ հույսեր, և հանկարծ նրանք սադրիչ գործողություններ են դիմում և տեղում ֆիասկոյի են ենթարկվում»,- նշել է նա:

Փորձագետը նշել է, որ հիմա Ադրբեջանը փորձում են քայլեր իրականացնել իրենց իսկ ընկած փոսից դուրս գալու համար:

Այդպես, նրա խոսքով, Ադրբեջանը մշտապես փորձում է կեղծ տեղեկատվություն տարածելու փորձեր ձեռնարկել՝ իրենց կրած անհաջողություններից հասարակության ուշադրությունը շեղելու համար

«Սա, իր հերթին, արդեն հանգեցրել է երեկ գիշերը հրետանու և տանկի գործադրմամբ խախտման և առավոտյան վերսկսված խախտումների, ինչը, ըստ էության, վերածվել է ավելի երկարատև գործողությունների, որի ընթացքում փորձում էին շտկել ձախողումները, սակայն գիշերը ևս լուրջ վնասներ են կրել, այդ թվում, կա դեռևս չհաստատված տեղեկատվություն դիրք կորցնելու մասին»,- նշել է Հովհաննիսյանը:

Փորձագետը նշել է, որ այս պահի դրությամբ Ադրբեջանն իր համար շատ բարդ իրավիճակում է հայտնվել և փորձում է խորը բացերը փակել տեղեկատվական քարոզչությամբ, այդ թվում կեղծ տեղեկատվության տարածման միջոցով, որի հիմանական կետերից մեկն այն է, որ հայկական կողմը լուրջ կորուստներ է կրել:

Բացի այդ ադրբեջանագետը ուշադրություն է գրավել հարևան երկրի սոցիալ-տնտեսական բարդությունների վրա:

«Կարծում եմ, նրանք փորձում են մի քանի ճանապարհով բնակչության դժգոհությունը ցրել երկրի ղեկավարությունից»,- նշել է նա:

Ընդ որում Հովհաննիսյանը հայտնել է, որ հետագա սրացման հավանականությունը կախված է Ադրբեջանի նյարդերի ամրությունից:

«Եթե ադրբեջանական կողմի նյարդերը տեղի տան և հասկանալով իր այստեղի ձախողուումը որոշի մեկ այլ հատվածում դիմել սադրանքի, ապա սա կարող է վերածվել ավելի մեծ բանի: Եթե ոչ, ապա հայկական կողմն այստեղ արդեն իսկ զգալի առավելություն ունի, և որևէ խնդիր չկա հակառակորդին մեկ այլ հատվածում պատժելու կամ ճնշելու»,- նշել է փորձագետը:

Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրման մասին

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ավելի ուշ, Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:

Հայկական կողմից կորուստներ չկան: ՊՆ խոսնակի հաղորդմամբ, այսօր թեթև մարմնական վնասվածներ են ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան:

Նովոստի-Արմենիա