ՈՎ Է ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՄՂՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ...
Ահաբեկիչները չեն սիրում անվտանգության գեներալներին
«Հինգերորդ շարասյունը դավաճանական կոնգլոմերատ է՝ Ծառուկյան, Վանեցյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան և մյուսներ»,-հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:
Ցանկացած նորմալ երկրում ՊՊԾ գունդը գրաված և 3 ոստիկան սպանած ահաբեկչական խմբի պարագլուխը պետք է դեռ նստած լիներ բանտում: Հայաստանում Ավետիսյանն ու իր հանցակիցները ոչ միայն ազատ արձակվեցին Փաշինյանի աջակցությամբ, այլև ստեղծեցին իրենց կուսակցությունը (քարտուղարությամբ), որն այսօր «հինգերորդ շարասյուն» է կոչում նրանց, ովքեր ծանրակշիռ ներդրում են ունեցել Արցախի ազատագրման և հայոց պետականության զարգացման գործում։
Երեկվա ահաբեկիչները (նախկին ահաբեկիչներ, ինչպես հայտնի է, չեն լինում), որոնք կրակել են պետության վրա, սպանել ու պատանդ վերցրել իրենց հայրենակիցներին, այդ թվում՝ շտապօգնության բժիշկներին, այսօր «հինգերորդ շարասյուն» են անվանում նրանց, ովքեր կյանքի տասնյակ տարիներ են նվիրել երկու հայկական պետությունների կայացմանը։ Վերջին օրերին նրանք «հինգերորդ շարասյուն» են անվանում նաև Գագիկ Ծառուկյանին, որի շնորհիվ տասնյակ հազարավոր ընտանիքներ հուսալի աշխատանք ու կայուն եկամուտ ունեն։ Իսկ դուք, պարոնայք Ավետիսյան և Գարեգին Չուգասզյան, ինչ-որ բան արե՞լ եք երկրի համար։ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի անունն էլ բնավ պատահական չէ այս ցանկում։ Ահաբեկիչները, ինչպես հայտնի է, չեն սիրում անվտանգության գեներալներին։
Հեռախոսային խուլիգանությունը հիբրիդային պատերազմի մա՞սն է
Փաշինյանի քարոզչամեքենան ամեն օր «պողոսների» հեղհեղուկ ուղեղն է մտցնում այն թեզը, թե Ռուսաստանը «հիբրիդային պատերազմ» է վարում Հայաստանի դեմ, իսկ Հայաստանի ներսում «հինգերորդ շարասյունը» աջակցում է մեր պետության դեմ ուղղված այդ «հիբրիդային» ագրեսիային։
Բանն այնտեղ է հասել, որ Արման Բաբաջանյանի թերթը (այն սակավաթիվ պարբերականներից մեկը, որոնք ամբիոն են տրամադրում ահաբեկիչների կուսակցության անդամներին) հայտարարում է, թե իբր՝ 3 մոլերում տեղադրված ռումբերի մասին կեղծ ահազանգերը նպատակ էին հետապնդում ապակայունացնել իրավիճակը և «Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի բաղկացուցիչ մասն էին»: Այդ ի՞նչ աստիճանի պիտի չհարգես ընթերցողներիդ, որ կերակրես կատարյալ խելագարի զառանցանքով։
Թերթը պնդում է, թե այդ զանգերը «ոչ թե խուլիգանություն են, այլ հանցագործություն ընդդեմ պետության», որը կորոնավիրուսի դեմ պայքարի թեժ պահին դարձել է «հինգերորդ շարասյան» թիրախը՝ քաղաքական ցուցանակների ներքո։ Ուրիշ ոչինչ մենք չէինք էլ ակնկալում այն թերթից, որը վարկաբեկում է ազգային հերոսներին և տիրաժավորում «Սասնա ծռերի» գաղափարները։ Ասեմ ավելին, շուտով այդ թերթը կդառնա կուսակցական մարմին, քանի որ Բաբաջանյանը մտադիր է ստեղծել իր քաղաքական ուժը. ոչ այն է կուսակցությունը, ոչ այն է շարժումը։ Հետաքրքիր է, ո՞ւմ փողերով է նա ստեղծում այդ ուժը։ Ովքե՞ր են նրա հովանավորները։
«Հինգերորդ շարասյան» մասին արտահայտվեցին ոչ միայն ահաբեկիչները, այլև սորոսական գվարդիան, ներառյալ դրա ամենաերևելի ներկայացուցիչը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրան զայրացրել է, որ Հայաստանում ինչ-որ ուժեր իշխանափոխության համար ներգրավում են կողմնակի ուժերի։ Նույն երգը ծոր տվեց նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը. բա ո՞նց կլիներ առանց նրա։ «Ծառուկյանը պատասխանատու է Կրեմլի, թե՞ ՀՀ քաղաքացու առաջ»,- հարց տվեց ամենայն հայոց գրանտակերը։ Իսկ դուք, պարոնայք, ո՞ւմ շահերն եք սպասարկում. քեռի Սորոսի, թե՞ ձեր պետության։
Սորոսական նոմենկլատուրան խաղում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից
Հայաստանի դեմ իսկապես հիբրիդային պատերազմ է ընթանում, դա վարում են Թուրքիան և Ադրբեջանը։ Այդ երկրների ղեկավարները զուգահեռաբար լոբբինգավորում են ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդումը, գլխավորապես՝ ռուս-թուրքական ռազմավարական խորհրդի շրջանակներում։
Այդ հիբրիդային պատերազմի կարեվոր մասն են կազմում սորոսական նոմենկլատուրայի ներկայացուցիչների ջանքերը հայ-ռուսական հարաբերությունները քայքայելու ուղղությամբ։ Հիշեցնեմ. այն վարկածը, որ Սորոսի հիմնադրամները Հայաստանում գործել և գործում են Իլհամ Ալիևի փողերով, դեռ ոչ ոք չի հերքել։ Այդ գումարները ծառայում են Հայաստանը ներսից փլուզելու նպատակին։ Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցումը այդ ծրագրի մի մասն է, իսկ դրա իրականացումը կավարտվի Ադրբեջանի հերթական ագրեսիայով, որի արդյունքում կարող ենք կորցնել ոչ միայն Արցախը, այլև Զանգեզուրը։
Ներկայիս հակառուսական հիստերիան նպատակ է հետապնդում հերթական բաժանարար գիծն անցկացնել հասարակության մեջ, որն առանց այդ էլ արդեն տրոհված է սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, նախկինների և ներկաների, հների ու նորերի։ Հիմա էլ Նիկոլը որոշել է բաժանարար գիծ անցկացնել ռուսամետների և ռուսատյացների միջև։ Վարչապետի անձնական քարոզչամեքենան արդեն սկսել է կրքեր բորբոքել «հինգերորդ շարասյան» գաղափարի շուրջ, ընդ որում ֆեյքերը ցուցաբերում են պատմական բացարձակ անգրագիտություն, նրանք ոինչ չգիտեն ո՛չ այդ հասկացության ծագման, ո՛չ էլ այն մասին, թե ինչու են այդ շարասյունն անվանում հինգերորդ, այլ ոչ թե վեցերորդ կամ ութերորդ։ Մինչդեռ նրանց, ովքեր տեղյակ են իրադարձություններին, վաղուց հայտնի է, որ «հինգերորդ շարասյուն» Հայաստանում բուծել են տարիներ շարունակ, դրա ստեղծման համար միլիոններ են ծախսվել ժողովրդավարության զարգացման հիմնադրամներից։ Այսօր այդ շարասյունն արդեն իշխանության ղեկին է և սպասարկում է իր տերերի շահերը։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ներքին գործերին միջամտելուն, ապա ուզում եմ հիշեցնել ոչ վաղ անցյալի մի փաստ։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Հայաստանում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպեց «Ելք» խմբակցության հետ և համակողմանի աջակցություն խոստացավ նրան։ Հետագայում այդ դեսպանն ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերեց Նիկոլի ճակատագրին և ակտիվորեն լոբբինգավորեց վարչապետի պաշտոնում նրան ընտրելը նախորդ խորհրդարանի ուժերով։
Ինչո՞ւ այն ժամանակ ոչ ոք ծպտուն անգամ չհանեց Հայաստանի ներքին գործերին անդրօվկիանոսյան գերտերության դեսպանի կոպիտ միջամտության մասին, թեև փաստն ակներև էր։ Իսկ բավական էր ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր մոտ ընդուներ ԲՀԿ խմբակցության պատգամավորներին, սորոսական հանրությունը տիեզերացունց վայնասուն բարձրացրեց մեր ներքին գործերին Ռուսաստանի միջամտության մասին։ Այս վայնասունն ու հակառուսական հիստերիան Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի կարևոր դրվագներն են, իսկ «հինգերորդ շարասյունը», որն օգնում է Թուրքիային և Ադրբեջանին՝ գտնվելով Հայաստանի ներսում, ներկայացված է հիմնականում Սորոսի հիմնադրամների նախկին ու ներկա հասցեատերերով։ Այդ շարասյանը հարում են ԼԳԲՏ հանրության անդամները, ինչպես նաև նրանք, ովքեր հանդես են գալիս ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և քարոզում հօգուտ հայ երեխաների սեռական դաստիարակության՝ սկսած նախադպրոցական հաստատություններից…
Հակառակորդը առաջ է շարժվել դեպի երկրի խորք
Հիբրիդային պատերազմների հիմնական տարրերից մեկը բնակչության զանգվածային հիմարացման գործոնն է՝ շարքային քաղաքացու գիտակցության դեմ ձեռնարկվող սպեցիֆիկ գրոհների միջոցով:
Մարդկանց մշակելու մեթոդները հայտնի են վաղուց: Հիբրիդային պատերազմներ կարելի է վարել միայն այն երկրների դեմ, որտեղ ղեկավարությունը վարկաբեկում է ազգային գաղափարը, ազգային օրակարգը, բնակչությանը պարտադրում պոպուլիստական կարգախոսներ ու նպատակներ, իսկ ժողովուրդը ոչ մի կերպ չի դիմադրում այդ հակաարժեքների արմատավորմանը։ Ձեռքը դնելով խղճին, պետք է խոստովանել, որ պոպուլիստական լոզունգներով հիմարացնելու գործընթացն արդեն վերածել է հայոց քաղաքացիների մի մասին «անգրագետ պողոսների», որոնց դեռևս թվում է, թե իրենք ազատվել են նախորդ իշխանության «լծից», և հիմա «դուխով» կառուցում են ժողովրդավարական հասարակություն։
Ասեմ ավելին. «պողոսների» մի մասը անվերապահորեն հավատում է, թե եթե ոչ այսօր, ապա վաղը Նիկոլը իրենց է բաժանելու Ծառուկյանից խլած միլիոնավոր դոլարները։ Բնակչության հիմարացման և նպատակաուղղված դեգրադացման առումով արտաքին ազդեցության գործակալները բավական մեծ հաջողության են հասել, հիբրիդային պատերազմի այս ճակատում հակառակորդը հիմնավորապես առաջ է շարժվել երկրի խորք, ուստիև հեռու չէ այն օրը, երբ մանկապարտեզներում ու դպրոցներում մեր երեխաներին կներշնչեն, որ նրանք կարող են ինքնուրույն որոշել, թե ով են իրենք՝ տղա, թե աղջիկ…
Օրերս «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Մալյանը հասարակությանը ներկայացրեց 2013 թվականի մի զեկույց, որում սորոսական գործիչ Հովհաննես Հովհաննիսյանը (ներկայումս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) նկարագրում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի առանձնահատկությունները։ «Հայաստանում իշխանությունը բռնազավթված է օտարերկրյա գործակալական ցանցի կողմից, առ այսօր դրա ֆինանսավորման ոլորտում առանց հարկման պտտվել են հարյուրավոր միլիոններ, սորոսական հանրությունը ամենակոռումպացվածն է աշխարհում, Հայաստանում այդ հանրությունը պայքարում է ազգային և հոգևոր ավանդույթների դեմ»,- ընդգծել է Մալյանը: Այդ պայքարն ուղղված է հիմնականում հայկական ավանդական ընտանիքի և նրա արժեքների դեմ։ «Եթե մենք լռենք՝ հետևելով այս ավերմունքին, ապա վաղը այդ մարդիկ կգան մեր ընտանիքներ՝ մեր երեխաների հետևից», - նախազգուշացրեց «ՎԵՏՕ»-ի առաջնորդը: