Նորատ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՆԴԵՊ

Ադրբեջանը ցուցաբերեց իսկական ագրեսիա, որը բնորոշ է արմատական իսլամիստական պետություններին: Այս մասին News.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարեց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Նրա խոսքերով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը Թուրքիայի քաղաքականության շարունակությունն է:

«Լարվածությունը տեղի է ունենում Թուրքիայի աջակցությամբ, քանի որ այդ մասին խոսեց նաև հենց Թուրքիայի արտգործնախարարը։ Թուրքիան ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրությունը, սակայն միայն իր ձևով: Այդպես են նրանք իրականացնում իրենց քաղաքականությունը՝ գրավելով սիրիական հողերը, Իրաքում կռվում են, Լիբիայում կռվում են, իսկ Հայաստանը ոսկոր է նրանց կոկորդում: Նրանք հայերից խլեցին հողերը, մեկուկես միլիոն հայ մահացավ նրանց ձեռքով, իմ ծնողներին վտարել են իրենց հողերից: Եվ հիմա նրանք որոշել են սկսել նաև Ղարաբաղից: Ղարաբաղը, օրենքով, միջազգային իրավունքի համաձայն, դուրս է եկել Ադրբեջանի՝ ագրեսիվ, ստախոս և արմատական պետության կազմից»,- հայտարարեց Տեր-Գրիգորյանցը:

Գեներալ-լեյտենանտը հիշեցրեց, որ Բաքուն արդեն փորձել է ուժային ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, սակայն, Ղարաբաղին հաջողվել է ջախջախել քանակով և կրակի ուժով իրեն գերազանցող հակառակորդի ուժերին: Այնուամենայնիվ, ինչպես նշեց Տեր-Գրիգորյանցը, թշնամին համառորեն շարունակում է պատրաստվել պատերազմի՝ ակտիվորեն վերազինելով իր ջոկատներն ու ստորաբաժանումները:

«Ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, այդպիսի պայթյունավտանգ տարածաշրջաններին և ագրեսիվ երկրներին արգելվում է զենք մատակարարել, սակայն այդ կանոնները անընդհատ խախտվում են, իսկ ՄԱԿ-ը, չգիտես ինչու, աչք է փակում դրա վրա»,- տարակուսեց գեներալ-լեյտենանտը:

Տեր-Գրիգորյանցի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վաղուց էր պետք քրեական պատասխանատվության ենթարկել և տրիբունալի հանձնել:

Անդրադառնալով այս հարցի վերաբերյալ պաշտոնական Կրեմլի և ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը՝ գեներալ-լեյտենանտը բացահայտ դժգոհություն հայտնեց ռազմական դաշինքում Հայաստանի դաշնակիցների պահվածքից:

«ՀԱՊԿ-ը որևէ միջոց չի ձեռնարկում: ՀԱՊԿ-ը մի տեսակ մահացած կազմակերպություն է: Ես նրանցից երբեք նման բան չէի սպասում»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Գեներալը համոզված է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է գնա Հյուսիսային Կորեայի ճանապարհով՝ հույսը դնելով միայն սեփական ուժերի վրա, ուժեղացնելով իր բանակն ու տնտեսությունը, «հաշվեհարդարի զենք» և «զսպման զենք» պահեստավորելով:

«Հակառակ դեպքում, անհրաժեշտ է նոտայով դիմել ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին՝ պահանջելով թույլ տալ Հայաստանին ձեռք բերել միջուկային զենք՝ ադրբեջանցի ծայրահեղականների սպառնալիքներին հակահարված տալու համար», - ասաց Տեր-Գրիգորյանցը:

Նա դժվարացավ կանխատեսել, թե կարող են արդյոք այս սրացումները հանգեցնել ավելի լայնածավալ ռազմական գործողությունների և պատերազմի: Այնուամենայնիվ, նա նշեց, որ միջազգային հանրությունը, ըստ էության, որևէ կերպ չի արձագանքել Ալիևի հայտարարություններին, թե Երևանը Ադրբեջանի պատմական մաս է, թե Բաքուն բոլոր ջանքերը կգործադրի իր հողերը վերադարձնելու համար: Ավելին, միջազգային հանրությունը, ինչպես նշեց գեներալ-լեյտենանտը, աչք փակեց 2016-ին Ադրբեջանի ագրեսիայի հանդեպ:

«Այժմ Ալիևը հերթական անգամ համոզվեց, որ միջազգային հանրությունը անտարբեր է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հանդեպ: Նա հերթական անգամ համոզվեց, որ ՀԱՊԿ-ը չի պատրաստվում պաշտպանել Հայաստանին»,- պարզաբանեց Տեր-Գրիգորյանցը:

News.am