ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Ադրբեջանի զինված ուժերն օգտագործում են քաղաքացիական բնակավայրը հրետանային մարտկոցները քողարկելու համար, հուլիսի 14-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: Եվ հավելել. «Արբանյակային լուսանկարների հիման վրա ներկայացված են Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են: Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել»։
RAZM.INFO մասնագիտացված կայքն ավելի վաղ հրապարակել էր արբանյակից արված լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, որ նշված ադրբեջանական գյուղը հնարավոր բոլոր կողմերից բառացիորեն օղակված է հրետանային տեխնիկայով: Բնական է, որ ձգտելով ոչնչացնել այդ կրակակետերը, որտեղից թիրախավորված հրակոծվում են ՀՀ բնակավայրերը, հայկական կողմը հարկադրված և ակամայից վտանգում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կանխամտածված կերպով թիրախի վերածված խաղաղ բնակիչներին։ Ընդ որում խոսքը մեկ գյուղի մասին չէ. նույնը վերաբերում է նաև Ղազախի շրջանի Խանլըղլար գյուղին։
Արցախյան հակամարտության պատմությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունը թիրախի վերածվել իր իսկ ղեկավարության ջանքերով, որը հետապնդում է քաղաքական, իսկ հաճախ՝ ընդհանրապես անձնական շահադիտական նպատակներ։ Բավական է հիշել «դասական» օրինակը. 1992թ. փետրվարի 26-ի աղդամյան, այսպես կոչված՝ Խոջալուի իրադարձությունները։ Իրենց՝ ադրբեջանցիների, այդ թվում նաև քաղաքապետի վկայություններն ապացուցում են, որ Ադրբեջանի ղեկավարությունն անուշադրության է մատնել տեղի բնակիչներին տարհանելու բազմաթիվ խնդրանքները՝ դրանով իսկ նրանց զոհաբերելով այդ երկրի ներքաղաքական գժտություններին և հայատյացության մոլուցքին։
Բավական է հիշել նաև այն ժամանակ դեռևս լրագրող Ֆաթուլլաևի հոդվածներից մեկի վերնագիրը. «Անասունները դուրս են բերվել, իսկ մարդիկ՝ոչ», ինչն առավել քան խոսուն վկայում է սեփական բնակչության հանդեպ Ադրբեջանի բոլոր ժամանակների և գույնի իշխանությունների վերաբերմունքի մասին։
Մարտական դիրքերն ու ռազմական տեխնիկան, մասնավորապես՝ հրետանային մարտկոցները բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայելու պրակտիկան Բաքվին բնորոշ այդ վերաբերմունքի դրսևորումներից մեկն է Ադրբեջանի քաղաքականության մեջ: Նպատակն այնքա՜ն ակնհայտ է, այնքան նսեմ ու զազրելի. դրդել հայկական կողմին կրակ բացել, իսկ հետո մեղադրել քաղաքացիական օբյեկտների ու խաղաղ բնակչության գնդակոծման մեջ։ Նման գործելաոճի վառ օրինակ դարձավ 2016-ի հուլիսին տեղի ունեցած միջադեպը, երբ Ադրբեջանը ՀՀ ԶՈՒ-ին մեղադրեց սահմանամերձ գյուղում 2-ամյա աղջկա և նրա տատիկի սպանության մեջ:
Մինչդեռ ճշմարտությունն այն էր, որ ադրբեջանցի զինվորականները հայկական դիրքերի ուղղությամբ ռեակտիվ կայանքներից կրակ էին բացել հենց այդ բնակավայրից՝ դրդելով, բնականաբար, պատասխան հրակոծման։ Այսինքն, ինչպես այն ժամանակ նշեցին հայ փորձագետները, վայ-ռազմիկները պարզապես թաքնվել էին քաղաքացիական բնակչության թիկունքում՝ թիրախ դարձնելով իրենց իսկ ցեղակիցներին, կանանց ու երեխաներին։ Ոչ միայն գերազանց գիտակցելով, որ պատասխան հարվածը կարող է զոհերի հանգեցնել խաղաղ բնակչության շրջանում, այլև ձգտելով հենց դրան։ Որից հետո աղմուկ բարձրացրեցին ողջ աշխարհում ՝ հայկական կողմին մեղադրելով երեխայի սպանության մեջ։
Այսօր, ըստ էության, ստեղծվել է նույնպիսի իրավիճակ, և Երևանը դա համոզիչ կերպով ապացուցում է արբանյակից արված լուսանկարներով, փաստերով ու քարտեզներով։ Հասկացնելով, որ հենց Ադրբեջանի այդ մարտավարությունը կարող է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի պատճառ դառնալ, քանզի Հայաստանն ու Արցախը երբեք պատերազմ չեն վարել խաղաղ քաղաքացիների դեմ և չեն թիրախավորվել նրանց, առավելևս՝ կանանց ու երեխաներին։ Այս կանխադրույթը պետք է հնարավորինս լայնորեն տարածել, նամանավանդ միջազգային կազմակերպություններում ու տարբեր կառույցներում, այդ թվում ՝ իրավապաշտպան։ Քանի որ տվյալ դեպքում հարկավոր է խոսել ոչ միայն բարոյական նորմերի (Բաքվի համար դա վաղուց դատարկ հնչյուն է), այլև միջազգային հումանիտար իրավունքի (ՄՀԻ) կոնկրետ նորմի խախտման մասին ։
Մասնավորապես, ԿԽՄԿ-ի կայքում ռազմական հանցագործությունների սահմանումների թվում նշվում է թիվ 156 նորմը, որում կա այսպիսի կետ. «ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն չունեցող քաղաքացիական բնակչությանը կամ առանձին քաղաքացիական անձանց հարձակման օբյեկտ դարձնելը»:
Հենց դա է արել ու անում Ադրբեջանը տարիներ շարունակ՝ հանցագործություններ կատարելով սեփական բնակչության դեմ։ Զոհաբերելով կանանց, երեխաներին, ծերերին՝ միակ նպատակով. նրանց սպանության մեջ այնուհետ մեղադրել Հայաստանին։ Վերածելով մարդկանց ոչ միայն պարզապես կենդանի վահանի ու թիրախի, այլև իրական թնդանոթային մսի։ Անողորմաբար, առանց վարանելու և առանց որևէ զղջման:
«Ադրբեջանը մշտապես էլ իր տեխնիկան տեղակայել է բնակավայրերում, տեղից կրակ բացել՝ կենդանի վահան դարձնելով իր բնակավայրերն ու քաղաքացիներին։ Սա նոր մոտեցում չէ, ավելին՝ մի քանի դեպքեր են եղել, երբ այդ կրակակետերը լռեցնելուն ուղղված գործողություններից հետո, երբ վերոնշյալ բնակավայրում հասարական նշանակության շինություն է տուժել, տեղի բնակիչները միջադեպի մեջ ոչ թե մեզ էին դատապարտում, այլ իրենց ռազմական հրամանատարությանը։ Սրա մասին տեղյակ են նաև այն միջազգային կառույցները, որոնք միջնորդական, հումանիտար կամ մեկ այլ ձևով առնչվում են Հայաստանին, Արցախին կամ Ադրբեջանին»,-այդ առնչությամբ գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Նույնիսկ եթե միջազգային կառույցները տեղյակ են այդ հանցավոր գործելակերպին, միևնույն է, հայկական կողմը պարտավոր է շեփորել այդ մասին։ Բարձրաձայն և ամենուր։ Դրանով իսկ պաշտպանելով ոչ միայն իր քաղաքացիներին, այլև կատարելով բարձր մարդասիրական առաքելություն, որը պարզապես անըմբռնելի է Ադրբեջանի հանցավոր իշխանությունների համար։