ԱՌԱՋԻՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՐՐՈՐԴԸ, ԵՎ ԴԵՊԻ ՎԱՂՎԱ ՕՐ

Երբ ինչ-որ բան սխալ է ընթանում, մտաբերում ես աստվածաշնչյան կանոնները՝ անարդար գործերի համար մինչև յոթը պորտ հատուցման մասին, և մխիթարվում ես նրանով, որ նախնիներդ, ըստ երևույթին, սխալ են ապրել, ահա և ստիպված ես պատասխան տալ սեփական և այլոց մեղքերի համար: Ճիշտ է, ուղղագիծ հայացք նետելով դեպի հետ (անձամբ ինձ իմ յոթը պորտը հայտնի է), տեսնում ես, որ մերոնք առանձնակի ծանր մեղքեր չեն գործել։ Գուցե, դրա համար էլ չի ընդհատվել հեռվից դեպի XXI դարասկիզբ ձգվող իմ ուղիղ թելը։ Սակայն բավ է անձնականի մասին։

Առաջին Հանրապետության օրը հայացքով ընդգրկենք մեր ժամանակակիցներին, որպեսզի ևս մեկ անգամ համոզվենք, որ անքննելի են Աստծո ճանապարհները։ Հատկապես երբ մարդիկ զբաղվում են քաղաքականությամբ։ Մանավանդ երբ դա միանգամայն հակացուցված է նրանց։ Բայց հասարակության մեջ հնչող բազմաթիվ ամպագոռգոռ բացահայտումներն այն մասին, որ «թագավորը մերկ է», արդյունք չեն տալիս։ Արդյունքներ կարող են լինել այն ժամանակ, երբ մենք բոլորս մնանք առանց վարտիքի։ Իսկ «թագավորներին» թվում է, թե իրենք դեռ յոթ պորտ շարունակ ապրելու են նույնքան կուշտ ու անհոգ, որքան այսօր:

... Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկուսուկես տարի, Երկրորդը՝ 71, այս տարի կլրանա Երրորդի 29 տարին: Այս 29 տարիները տարբեր են եղել կրքերի թեժությամբ, աղետների քանակով ու խնդիրների լուծումների բարդությամբ: Իզուր չէ, որ 80-ականների վերջին հաջորդած ողջ ժամանակաշրջանն անվանեցին «խառնակ» ժամանակներ։ Ինչ-որ մի պահ թվաց, որ դա հետզհետե նվազում է, և հողը մեր ոտքերի տակ ամրանում է։ Սակայն հաջորդ 2 տարիները (2018-ի մայիսից մինչև 2020-ի մայիս) սաստիկ հետ շպրտեցին մեզ:

Դարձյալ նույն խնդիրներն ու մարտահրավերները, նույն աշխարհագրական «կուպեն»՝ քնադարակներին տեղավորված «սիրելի» հարևանների հետ, կենաց ու մահու հազարամյա պայքարը։ Ամեն ինչ նույնն է։ Միայն մենք այն չենք, ինչ 30 տարի առաջ. թե՛ քանակով, թե՛ հատկապես որակով։ Ինչպես վերևները, այնպես էլ ներքևները։ Մենք աշխարհի հետ մեկտեղ փոխվել ենք բնավ ոչ դեպի լավը։ Բայց մեր այս նոր վիճակով էլ այնուամենայնիվ պարտավոր ենք կառուցել մեր տունը, տնկել ծառը և ծնել տղաներ ու աղջիկներ՝ յոթերորդ և յոթ հարյուր անգամ յոթերորդ պորտն արդար գործերով շարունակելու համար։ Եվ անել դա հայրենի հողի վրա, որպեսզի այնտեղ լինեն նրանք, ովքեր կնշեն Առաջին, Երկրորդ և Երրորդ Հանրապետությունների տարեդարձները։

 СардарапатԱռաջինը ծնվեց ծանրագույն պայմաններում ՝ Առաջին համաշխարհային պատերազմի մոխրացած փլատակների վրա։ Մենք հնարավորություն ստացանք Հայկական լեռնաշխարհի համեմատաբար ընդարձակ մասում հավաքել Ցեղասպանությունից փրկված հայրենակիցներին և կառուցել երկիր, որի հետ շատերը ստիպված կլինեին հաշվի նստել։ Չստացվեց։ Այն դատապարտված էր. առաջին հերթին այս աշխարհի հզորների խարդախության ու ստորության պատճառով։ Դեռ լավ է, որ գոնե մի պատառիկ հող բաժին հասավ հայերին։ Այդ պատառիկի վրա ծաղկեց Երկրորդ Հանրապետությունը՝ զերծ աղքատներից, անգրագետներից ու անօթևաններից։ Երկիր, որով հիանում էին բարեկամները, որին նախանձում էին թշնամիներն ու չարակամները։

Աշխարհն իմացավ, որ կա մի ժողովուրդ, որից ծնունդ են առել մեծն Արամ Խաչատրյանը, Վիկտոր Համբարձումյանը, Միկոյանները, Հովսեփ Օրբելին, Հովհաննես Բաղրամյանը, Մարտիրոս Սարյանը, Ալիխանյանները, Ալեքսանդր Թամանյանը, Վահրամ Փափազյանը, Տիգրան Պետրոսյանը և շատ ուրիշներ։

XX դարավերջին Խորհրդային Միությունը փլուզվեց, և մենք մի քանի տարվա ընթացքում ամբողջությամբ վերապրեցինք անցնող հարյուրամյակի բոլոր արհավիրքները. ցեղասպան գործողություններ Ադրբեջանում, փախստականների հեղեղ, աղետալի երկրաշարժ, պատերազմ, շրջափակում, սով՝ հացի քարտերով, ցուրտ ու մութ օրեր բնակարաններում, չարաղետ սեփականաշնորհում՝ արտագաղթի դրդող գործազրկության հետ մեկտեղ։ Բոլոր վրիպումներով, սխալներով ու հանցագործություններով հանդերձ՝ Երրորդ Հանրապետությունը կառուցել հաջողվեց։ Հաջողվեց կատարել գլխավոր խնդիրը՝ համայն հայությամբ պաշտպանել Արցախը, հայոց հողի այն մասը, առանց որի մնացած Հայաստանը չի կարող ապրել, առանց որի մեր «կուպեում» կպակասի մեկ ուղևոր, հուրախություն մյուսների։ Ո՞վ է այդժամ նշելու հայոց պետականության հոբելյանը։

Հիրավի, երիցս անքննելի են Տիրոջ ճանապարհները։ Ո՞վ կարող էր ենթադրել, որ Առաջին Հանրապետության 100-ամյակին գլխավոր գործող անձը կլինի մի մարդ, որը, գնահատելով Հայաստանի պատմությունը, գրել է. «…Մեր նախնիները մեզ ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների և անբարոյականության այնպիսի պաշար են թողել, որը հաղթահարելը, ինչպես պարզվում է, դժվար է, ծայրահեղ դժվար»։ Նա հոբելյանական ամբիոնից սրբապղծորեն նույն հարթության վրա դրեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը, որոնք հայերին փրկեցին համատարած բնաջնջումից, և 2018 թվականի ապրիլին քաղաքական քայլքի սիրահարի «հեղափոխական» երթը Գյումրիից Երևան։ Հոբելյանական հանդիսությունների ժամանակ տեղ չգտնվեց հայոց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի համար, սակայն պատվավոր հյուրերի թվում էր երգիչ Էլթոն Ջոնը՝ ոչ այն է ամուսնու, ոչ այն է կնոջ հետ։ Եվ դա՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսների հիշատակի օրը

Պատմությունը այնուամենայնիվ բավական ճշգրիտ գիտություն է: Պետք է միայն ուշադիր վերլուծել ժամանակագրությունը, համադրել նախորդ ժամանակների համանման օրինակների հետ, և վաղվա օրը նման մոտեցման դեպքում ընդհանուր առմամբ կանխատեսելի կլինի։ Պարզապես մարդկանց համբերությունը չի բավականացնում տարեգրությունը կարդալու և դրանից դասեր քաղելու համար։ Ահա և ոտքը դնում ենք նույն փոցխին։

Երբ տարեգրություն ես վարում ու հիշում իրադարձությունների հերթագայությունը, հանկարծ զգում ես, որ ժամանակի մեքենայի հայտնագործման ճանապարհին ես. տեսակավորում ես փաստերը, երևույթների և ուժերի բնութագրիչները, գործող անձանց արարքները, արձանագրում ես, թե ինչի են դրանք հանգեցրել, և գիտակցում, որ հազվադեպ բացառություններով ՝այդպես էլ պետք է լիներ։ Ուրեմն, կարելի է վերաբեռնել պատմական նյութը, նորովի գործարկել ժամանակների երգեհոնիկն ու ընդհանուր գծերով գուշակել, թե ում տանը և ինչ երաժշտություն կհնչի վաղը։

Վերջին երկու տարիները եղել են ամենասկանդալայինը, ամենավնասաբերը, ամենավտանգավորը Երրորդ Հանրապետության կյանքում։ Այստեղ խնդիրն ամենևին էլ միայն Նիկոլ Փաշինյանի կերպարը չէ. արկածախնդիր մտածելակերպով անձնավորության, որը ոչինչ չի արել երկրի անկախության համար, որը լի է առողջ դատողության կորստի շեմը հատող ծայրահեղ հավակնություններով։ Նման կերպարին ոչ մի դեպքում չէր կարելի վստահել ժողովրդի ճակատագիրը, այսպես ասած՝ «միջուկային պորտֆելը» ։ Քանզի բացարձակապես գլուխ չհանելով կառավարման գործից, նա սկսեց բախտիբերի սեղմել ձեռքի տակ ընկած բոլոր կոճակները, առանց հասկանալու (իսկ գուցեև հասկանալով), թե ինչի կհանգեցնի դա:

Այս տարիներին ինձ հաճախ են ասել. «Իսկ ինչո՞ւ չէիք պախարակում նախկին իշխանությանը։ Չէ՞ որ նրանք նույնպես սաստիկ մեղավոր են այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ 2018-ի մայիսին…»։

Իհարկե, մեղավոր են ։ Բայց նախ՝ չի կարելի համեմատել առաջին երեք նախագահներին այս բախտախնդիր կերպարի, երկրի առաջին դեմքի այս ողորմելի դերակատարի հետ։ Ինչ ասես արժե հենց թեկուզ նրա էկրանային հիստերիան՝այն բանից հետո, երբ օրինաստեղծ գործունեության կարկառուն ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը Երրորդ Հանրապետության խորհրդարանում ծեծի ենթարկեց ընդդիմադիր Էդմոն Մարուքյանին... Այստեղ առանց հայոց լեզվի իմացության էլ օտարերկրացիների մոտ միտք կառաջանա, որ վարչապետը կարիք ունի դիմելու հոգեբանի, իսկ գուցեև հոգեբույժի։ Բայց դրա փոխարեն՝ մարդը ձեռքը պահում է երկրի զարկերակին։

Իսկ նախորդներին քննադատելու առնչությամբ՝ նշեմ, որ հարկ եղած դեպքում (առանց մականունների, սկանդալների և թյուրքալեզու հայհոյանքների, ինչպես դա անում էր «Հայկական ժամանակը») «Գոլոս Արմենիի»-ն միշտ էլ քննադատել է և՛ նախագահներին, և՛ վարչապետներին, և՛ խոսնակներին։ Իմ կողմից մի հատված մեջբերեմ «Երբ ենք հրավառություն կազմակերպելու» հոդվածից (2007թ. մայիս, «ԳԱ», ՀՀԿ գրասենյակում հետընտրական հրավառության հետ կապված)։ Այդտեղ ես ուղիղ տեքստով գրում եմ այն ամենը, ինչ մտածում եմ ձևավորված իշխանական վերնախավի մասին, հետևյալ եզրափակիչ պասաժով. «Ժամանակ չկա։ Մենք առանց այդ էլ անհույս հետ ենք մնում քաղաքակրթության դյուրաշարժ մասից, քանզի նրա վերնախավը չի ննջում։ Նա գործում է։ Նա չի տրվում կիրակնօրյա ծիսական որկրամոլությանը՝ առավոտյան խաշ, ցերեկը խորոված ու երեկոյան քյուֆթա գրաֆիկով։ Դրա համար նա ժամանակ չունի։ Իսկ մեր էլիտայի մեծամասնությունը՝ ունի։ Թեև վաղուց ժամանակն է, որ հասկանա. նման «էլիտայի» համար մակդիր է ծառայում այն ածականը, որը ձևավորվում է նշված կերակրատեսակների մարսման արդյունքում հաջորդ օրն առաջացող նյութի անվանումից»:

Սա գրվել է Ռոբերտ Սեդրակիչի կառավարման օրոք, վերաբերում է նաև Սերժ Ազատիչի ժամանակների վերնախավին, թեև, իհարկե, շատ բան էր արդեն փոխվում երկրորդ և երրորդ նախագահների ջանքերով, բայց պոպուլիզմն ու ինտերնետ-համավարակը իշխանության բերեցին նրանց, ում համար պետք է հորինել ինչ-որ նոր տերմին, քանզի «տգետը», «դիլետանտը», «թերուսը», «տխմարը», «անգրագետը» և այլն պիտանի չեն։ Երևույթը բնութագրելու համար դրանց պետք է ավելացնել սեփական առաքելության նկատմամբ պաթոլոգիական վստահությունը և անվերջանալի մակաբուծումը նախկիններին քննադատելու վրա, ինչից վաղուց արդեն մի տեսակ քաղաքական քյալլագյոզության հոտ է փչում։ Եթե անձնավորենք՝ «նիկոլոգյոզության»։

Երրորդ Հանրապետության հասարակ քաղաքացին, նույնիսկ ամենամիամիտն ու 2 տարի առաջ «նիկոլագյոզությամբ» հմայվածը, ցանկանում է իմանալ, թե ինչ լավ բան կարող է նա առաջարկել իրեն, բացի այն հմայախոսություններից, որ նախկինները վատն էին։ Երբ քաղաքական գործիչը մշտապես որոճում է երեկվա թեման, ուրեմն այսօր նա ասելիք չունի, իսկ վաղը հաստատ կհայտնվի աղբանոցում։

Ամեն բան անցողիկ է, կանցնի նաեվ «հեղափոխությունը»։ Այն արդեն վերջին շնչում է, և լավ հոտառություն ունեցող իշխանավորները առանց ժամանակի մեքենայի էլ զգում են դա: Պատմական նյութը ներբեռնված է, դիալեկտիկայի օրենքները պտտում են երգեհոնիկի բռնակը, և որքան երկար ձգվի այս գործընթացը, այնքան ողբալի կլինեն արդյունքները նրանց համար, ում բախտը ժպտաց 2018 թվականի մայիսին: Նրանց ավելի ձեռնտու է հնարավորինս շուտ ազատել տարածքը։

Ու թող հույս չունենան, թե իրենց կառավարման ժամանակաշրջանը մարդիկ հիշելու են այնպես, ինչպես հիշում են Առաջին, Երկրորդ և Երրորդ Հանրապետությունները, նախքան «հեղափոխությունը»։ Թող «կուպեի» հարևանները հույսեր չփայփայեն, թե «հեղափոխականները», պարսից Դարեհ արքայի խորհրդով, կպառակտեն հայերին այնպես, որ հնարավոր կլինի հաղթել նրանց։ Չի՛ ստացվի։ Կարսի ողբերգությունը, որ տեղի ունեցավ, երբ ընկավ Առաջին Հանրապետությունը, չի՛ կրկնվելու Արցախում։ Այն կարգախոսը, թե կա լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի (այլ ոչ թե Արցախի) և Ադրբեջանի համար, քաղաքական աբսուրդի ժանրից է։ Աջ ու ձախ կողմի մեր հարևանների համար ընդունելի է միայն հայերի վերջնական ցեղասպանությունը՝ Հայկական լեռնաշխարհում նրանց առկայության բոլոր հետքերի ոչնչացումով։ Նա, ով չի հասկանում դա, խաբում է ինքն իրեն, յուրայիններին, և իրավունք չունի կանգնել ղեկին։

Հեռացեք համեմատաբար հաշտ ու խաղաղ։ Չէ՞ որ եթե արյուն հեղվի ներսում կամ սահմանների վրա, ապա պատասխան եք տալու ձեր յոթը պորտով: Եթե բախտ ունենաք արժանանալ սերունդների։ Հեռացեք: Դուք սպառել եք քաղաքական տխմարության թույլատրելի ողջ սահմանաչափը։ Առաջին, Երկրորդ և Երրորդ Հանրապետությունների հերոսները (օրհներգի տողերին համապատասխան) հանուն երկրի ազատության կյանք են զոհել բնավ ոչ նրա համար, որ վարչապետը կորոնավիրուսային ժամանակաշրջանում ապշեցուցիչ լկտիությամբ խորհուրդ տա իրեն իշխանության բերած «ազատ ու հպարտ» քաղաքացիներին. «Եթե չեք կարող դիմակ գնել, տանը կարեք ու կրեք…»: Այնինչ սա ամեն անկյունում փակցված փաշինյանական կարգախոսների փայլուն տրամաբանական փոխակերպումն է. «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքն է»։

Այս կարգի ղեկավարները վաղվա օրը չունեն։ Մենք ունենք։ Միայն թե հեռացողներն ավելի լավ է չշրխկացնեն դուռը: Երկիրը մոտենում է անիշխանության։ Սա ձեր հիմնական ձեռքբերումներից մեկն է, որի համար պատասխան եք տալու պատմության առջև։ Բայց արդեն այն բանից հետո, երբ գնահատական կտան ժամանակակիցները։