ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐՈԼԻՆԳԸ, ՆԻԿՈԼԻ ԱՆԳԼԵՐԵՆՆ ՈՒ ԹՐԱՄՓԻ ԻՆՏԵԼԵԿՏԸ

Քանի դեռ Հայաստանի բնակչությունն ապրում է ամենօրյա և նույնիսկ ամենժամյա ստրեսային ռեժիմում, փորձելով գուշակել՝ հնարավոր է արդյոք ավելի ցած գլորվել, թե արդեն հասել է հատակին, ԱՄՆ դեսպանությունը հայտնեց մի ապշեցուցիչ նորություն։ Պարզվում է, որ մենք՝ ՀՀ բնակիչներս, չենք գիտակցում սեփական երջանկությունը, քանզի ապրում ենք ժողովրդավարության բարելավման երկամյա ամենաբարձր ցուցանիշն արձանագրած երկրում։ Չե՞ք հավատում։ Ոչ բուն փաստին, ոչ էլ նրան, որ ժողովրդավարության փարոսի՝ Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ունակ են նման մակարդակի տրոլինգի՞։ Եվ շատ իզուր։

«Երեվանում ԱՄՆ դեսպանատունն ուրախությամբ արձանագրում է, որ ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի, Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, որպիսին այս զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել։ USAID Armenia-ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար»,- ասվում է փաստաթղթում, որը կարելի է գտնել դեսպանության կայքում:

Ահա այսպես. ուրախությամբ արձանագրում են և խոստանում աջակցել ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ճանապարհով առաջ տանող բարեփոխումներին։ Այլ կերպ, քան Հայաստանի կառավարությանն ու անձամբ վարչապետ Փաշինյանին հասցեագրված շատ նուրբ տրոլինգ, այս ցնցող հայտարարությունն ընկալել, համաձայնեք, դժվար է։ Քանզի ժողովրդավարության տարբեր ոլորտների փորձագետների գնահատականներով. լինի դա մարդու իրավունքները, մամուլի ազատությունը, թե օրենքի գերակայությունը, երկրում ստեղծված է միանգամայն այլ, ճիշտ հակառակ պատկեր։ Եվ մենք խորապես համոզված ենք, որ ԱՄՆ դեսպանությունը, լինելով սթափ դատող ու ողջամիտ, պարզապես չէր կարող չնկատել այդ առավել քան տագնապալի միտումները, որոնք վկայում են ժողովրդավարության նորմերից Հայաստանի իշխանությունների հիմնավորապես հեռանալու մասին։

Դե, իսկ եթե միսս Թրեյսին ու իր գործընկերներն այնուամենայնիվ փոքր-ինչ կորցրել են սթափ դատողությունն ու ընկել որոշակի ամնեզիայի մեջ, ապա հիշեցնենք ամերիկացի պատվարժան դիվանագետներին բազմաթիվ փաստերից լոկ մի քանիսը։

Սկսենք խոսքի եվ ԶԼՄ-ների ազատությունից։ Տակավին վերջերս՝ մայիսի 3-ին, Մամուլի ազատության համաշխարհային օրը Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես եկավ ազատ մամուլի վրա ՀՀ իշխանությունների կողմից գործադրվող ճնշման մասին հայտարարությամբ ՝ նշելով, որ «այսօր իշխանությունը զերծ չի մնում ոչ յուրային մամուլի միջոցների նկատմամբ առնվազն սոցցանցային հարձակումներից, այդ գործում օգտագործվում են իշխանության կողմից ուղղակի կամ անուղղակի վերահսկվող կեղծ օգատատերերը, այսպես կոչված՝ ֆեյքերը»։

Ապրիլի 29-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մինչև մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաճախացել են լրագրողների նկատմամբ ճնշման կիրառման դեպքերը: «Եթե ընդհանուր գնահատական տանք, ապա պետք է ասել, որ տվյալ ժամանակահատվածը բավական լարված էր` կապված մասամբ կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումների հետ»,- ասաց նա։ Մեր կողմից հավելենք, որ Հայաստանը իշխանությունների ջանքերով հայտնվել է այն հազվագյուտ երկրների խայտառակ ցուցակում, որոնք փորձել են օգտագործել արտակարգ դրության ժամանակաշրջանը խոսքի և մամուլի ազատությունը սահմանափակելու համար։

Ապրիլի 19-ին, իսկ այնուհետ ապրիլի 20-ին Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հարձակվեց մամուլի վրա՝ գործածելով պետության ղեկավարի համար անթույլատրելի բառապաշար և մեղադրելով ԶԼՄ-ների 99%-ին ու լրագրողների 70%-ին վարձվածության և ծախվածության մեջ։ Ընդ որում չնշելով ոչ մի կոնկրետ օրինակ, անուն կամ ԶԼՄ-ի անվանում։ Այդ աննախադեպ և վարչապետի ու նախկին լրագրողի համար անվայել հարձակումը խստորեն դատապարտվեց լրագրողական հանրության ներկայացուցիչների կողմից, իսկ «Մեդիա Պաշտպան» հասարակական նախաձեռնությունը հայտարարեց, որ նման մեղադրանքները լուրջ վնաս են հասցնում մեդիայի և բիզնեսի հեղինակությանը։

Այն ԶԼՄ-ների անվանումները նշելու կոչին, որոնք, Փաշինյանի խոսքերով, աշխատում են պատվերով, հաջորդեց մեռյալ լռություն. վարչապետի մեղադրանքներն այդպես էլ մնացին անհասցե և հախուռն։

Եվ եթե դեսպանատունը հղում է կատարում «FreedomHouse»-ի զեկույցին, ապա մենք նույնպես կներկայացնենք միջազգային, ընդ որում՝ մասնագիտական կառույցի գնահատականը։ Այս տարվա փետրվարի 14-ին «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարեց, որ մտահոգ է Հայաստանում լրագրողների դեմ հալածանքի ուժգնացմամբ, որտեղ նրանք ենթարկվում են զրպարտության մեղադրանքով քրեական հետապնդման և իրենց աղբյուրների պաշտպանության իրավունքի դեմ հարձակումների: «Մեզ մտահոգում է հայկական լրատվամիջոցների դեմ հայցերի միտումը։ Դատական համակարգը մանիպուլյացիաներ է իրականացնում, որպեսզի սկսի վիրավորական օրինական գործընթացներ, ուղղված ԶԼՄ-ների բերանը փակելուն ու նրանց աշխատանքին խոչընդոտելուն»,- նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Ժաննա Կավելյեն:

Բնականաբար, մենք կարող էինք ներկայացնել էլի բազմաթիվ համանման գնահատականներ ու փաստեր։ Եթե ԱՄՆ դեսպանատունն այս իրավիճակը ուրախ գնահատում է որպես չտեսնված առաջընթաց ժողովրդավարության հիմնարար ոլորտներից մեկում, ապա մեզ էլ ուրիշ ոչինչ չի մնում, քան ընկալել դա որպես տրոլինգ։

Այժմ՝ այն մասին, թե ինչ է կատարվում, ինչպես պաթոսով արտահայտվում են ամերիկացի դիվանագետները, օրենքի գերակայության մասով։

Այս ոլորտում վերջին նորությունը ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումն է, որը մասնագետների կողմից գրեթե միաձայն գնահատվում է որպես քաղաքացիների գույքն առանց դատ ու դատաստանի զավթելու օրինականացված հիմք: Ավելի վաղ օրինականացվեց իրազեկիչների ինստիտուտը, և կառավարությունը սկսեց ակտիվորեն խրախուսել մատնությունները՝ կոչ անելով քաղաքացիներին «գործ տալ» հարևանների, ընկերների, պաշտոնյաների, բոլոր նրանց դեմ, ովքեր իրենց աչքին կոռուպցիոներ կթվան։ Պետք չէ փորձագետ լինել՝ հասկանալու համար, որ Հայաստանում կատաղի տեմպերով վերածնվում են բռնաճնշումների ստալինյան դարաշրջանի մեթոդները։

Իսկ այ արդարադատության երիտասարդ նախարարը, որին չի վիճակվել ապրել այդ սարսափելի ժամանակներում, վստահ է, որ մատնությունների մեջ ոչ մի դատապարտելի բան չկա, և մտադիր է շարունակել քարոզել անանուն իրազեկիչների էլեկտրոնային ցանցի զարգացման օգտին։ Ընդգծում եմ. անանո՛ւն։ Այսինքն այն, ինչը նորմալ ժողովրդավարական երկրներում չի կարող առաջացնել որևէ այլ վերաբերմունք, բացի նողկանքից, Հայաստանի կառավարությունը բարձրացրել է օրենքի աստիճանի և ամեն կերպ խրախուսում է։

Թեպետ, ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել նույն այդ արդարադատության նախարարից, որն արդարացնում է վարչապետի ևս մեկ աննախադեպ քայլը՝ դատարանների շրջափակումը ։ «Դատարանների շրջափակումը հանրության ուշադրությունը հրավիրելու համար էր, որ այս համակարգում անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, որպեսզի հանրության վստահությունը այդ համակարգի նկատմամբ աճի և մենք ակնկալենք որակյալ արդարադատություն»,- դեմքի ծանրակշիռ արտահայտությամբ հայտարարեց Ռուստամ Բադասյանը՝ անկեղծորեն չնկատելով, որ բացահայտ անհեթեթություն է դուրս տալիս:

Հետաքրքիր է, ԱՄՆ դեսպանությունը կարո՞ղ է օրինակ բերել թեկուզ մեկ ժողովրդավարական երկիր, որտեղ պետության ղեկավարը կոչ է արել արգելափակել դատական ատյանների մուտքերն ու ելքերը։ Հետաքրքիր է, ԱՄՆ դեսպանությունը կարո՞ղ է օրինակ բերել որևէ այլ երկիր, որտեղ իշխանությունների բոլոր ռեսուրսներն ու ջանքերն ուղղված լինեն իշխանության երրորդ ճյուղի ՝ դատական համակարգի դեմ հաշվեհարդար տեսնելուն՝ «որակյալ արդարադատության» քողի տակ։ Հետաքրքիր է նաև, հայտնի՞ է արդյոք դեսպանատանը որևէ այլ երկիր, որի ղեկավարը հրապարակավ վիրավորել է ոչ միայն լրագրողներին, այլև դատավորներին՝ անվանելով նրանց «վնգստացող»։

Եթե ոչ, ապա պետք է խոստովանել, որ մենք ՝ Հայաստանի քաղաքացիներս, ապրում ենք այնպիսի ժողովրդավարության պայմաններում, որի նմանը չկա աշխարհում ոչ մի տեղ, այդ թվում ՝ ԱՄՆ-ում։

Ինչ վերաբերում է մեկ այլ առանցքային ոլորտին՝ մարդու իրավունքներին, ապա այստեղ էլ հարկ չկա հեռուն գնալ՝ ապացուցելու համար, որ ԱՄՆ դեսպանատունը չի գտել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ իր իրական վերաբերմունքն արտահայտելու այլ միջոց, քան տրոլինգը։ Ահա թարմ մեջբերում մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից. «2019 թվականը Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի համար անչափ լարված էր: Հայցերի և բողոքների, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ դատական հայցերի թիվը գործնականում եռապատկվել է: Օրինակ, եթե 2016 թվականին ստացվել է 5113 դիմում և բողոք, ապա 2019 թվականին այս թիվը հասել է 13140 նիշին: Ավելին. 2020 թվականը նույնպես արդեն չափազանց լարված է: Այս տարվա առաջին 4 ամսում միայն դիմումներն ու բողոքները 75 տոկոսով գերազանցում են անցյալ տարի ստացածների թիվը»։

Օմբուդսմենը կրկին, արդեն որերորդ անգամ անդրադարձավ նաև հայ հասարակության մեջ ատելության խոսքի աննախադեպ աճին և մարդկանց յուրայինների ու օտարների բաժանելու վտանգավորության թեմային: Եթե ամերիկյան դեսպանությունը տեղյակ չէ, թե հատկապես ով է այդօրինակ միտումների հրահրողն ու նպատակաուղղված բորբոքողը, ապա բավական է հիշեցնել այն սպառնալիքները, որոնցով կանոնավորապես հանդես է գալիս պետության ղեկավարը. «ծեփել պատերին», «փռել ասֆալտին», «պոկել թաթիկները» և այլն։

Հարգարժան դիվանագետներին հիշեցնենք նաև, որ երկու տարվա ընթացքում չի եղել և ոչ մի դեպք, երբ հրապարակավ հնչեցված սպառնալիքը, ինչպես նաև իրավապահ կառույցների կողմից վարչապետի հնչեցրած սպառնալիքների իրագործումն արժանացած լինի օրենքով նախատեսված պատժի։ Սա՝ «օրենքի գերակայության» առնչությամբ։ Ընդ որում այն իրավապաշտպան կազմակերպություններից ոչ մեկը, որոնք նախկին իշխանության օրոք ազատ ու անխնա քննադատում էին կառավարությանը՝ դրա համար շռայլ վարձատրություն ստանալով արևմտյան հովանավորներից, այդ թվում՝ ԱՄՆ–ից, այսօր ասես ջուր են առել բերանն ու պապանձվել։ Որովհետև վերածվել են իշխանության կցորդի և դրամաշնորհներ են ստանում արդեն լռելու, այլ ոչ թե քննադատելու համար։ Ահա այսպիսի «վճարովի» իրավապաշտպաններ ունենք այսօր։ Դա նորմա՞լ է, միսս Թրեյսի։

Հետաքրքիր է, կարո՞ղ է արդյոք ԱՄՆ դեսպանատունը նշել նույնպիսի մեկ այլ ժողովրդավարական երկիր, որտեղ պետության ղեկավարն անպատիժ ու մշտապես հանդես է գալիս սպառնալիքներով, նրան ենթակա մարմիններն իրականացնում են այդ սպառնալիքները՝ «ասֆալտին փռելով» անմեղ մարդկանց, իսկ իրավապաշտպաններն անվրդով նայում են այդ ամենին, նույնիսկ հանուն պարկեշտության հարկ չհամարելով ծպտուն անգամ հանել։

Կցանկանայինք իմանալ նաև ԱՄՆ դեսպանության կարծիքը Հայաստանի խորհրդարանում մայիսի 11-ին տեղի ունեցածի մասին։ Դա ժողովրդավարություն է, թե՞ ամենաիսկական խուլիգանություն իշխանության խմբակցության կողմից։ Իսկ ժողովրդավարության տեսանկյունից ինչպե՞ս կարելի է գնահատել այդ խմբակցության ղեկավարի առաջարկած ցինիկ գործարքը, այսպես ասած՝ զույգ-զույգ մանդատ վայր դնելու վերաբերյալ։

Թեպետ, բավ է հարցեր տանք։ Ծիծաղելի կլիներ կասկածի տակ առնել այն, որ ԱՄՆ դեսպանատունը շատ լավ գիտի այս ամենի մասին, ինչպես նաև Հայաստանում «ժողովրդավարության» անթիվ-անհամար այլ դրսևորումների։ Օրինակ, այն մասին, թե ինչպես է ընթանում երկրորդ նախագահի դատավարությունը, որը, իրավագետների ճնշող մեծամասնության կարծիքով, վստահորեն կարելի է անվանել իրավաբանական կամայականության գագաթնակետ։ Որում խախտված են մարդու գրեթե բոլոր իրավունքներն ու իրավական նորմերը։ Եվ դա՝ բացարձակապես անկախ երկրորդ նախագահի ու նրա գործունեության նկատմամբ վերաբերմունքից։

Հաշվի առնելով ասված ամենը, ոչ մի կասկած չի մնում, որ ԱՄՆ դեսպանությունը, որի համբերությունը սպառվել է Հայաստանի իշխանությունների կողմից ժողովրդավարության նորմերի զանգվածային ոտնահարմանը հետևելով, իր վերադասի՝ Պետդեպարտամենտի առաջարկով նման անսովոր մեթոդ է ընտրել սեփական վրդովմունքն արտահայտելու համար։ Անկեղծորեն երախտապարտ լինելով նման օբյեկտիվ գնահատականի համար, առաջարկում ենք առաջավոր փորձի փոխանակում կատարել։ Այն է՝ ՀՀ վարչապետին գործուղել ԱՄՆ, ուղիղ Սպիտակ տուն, որպեսզի փոխանցի ժողովրդավարության կառուցման իր մեթոդները։

Մենք վստահ ենք, որ նույնիսկ այնպիսի ժողովրդավարական երկրում, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, այդ եզակի փորձը կարող է օգտակար լինել։ Նիկոլը կարող է նաև նոր, աննկարագրելի վառ գույներով հարստացնել Դոնալդ Թրամփի բառապաշարը։ Սովորեցնել նրան հայհոյանքներ տեղալ դատավորների ու լրագրողների հասցեին. չէ՞ որ Դոնալդը, իր ողջ արտասովորությամբ հանդերձ, առայժմ չի կարողանում դա անել։ Դե ուրեմն՝ թող փորձի։ Իսկ մենք այստեղից՝ Երևանից, արդեն դառը փորձով հմտացած, արդարաբար կգնահատենք նրա հաջողություններն այդ ասպարեզում։

Միայն մեկ խնդրանք. տրամադրել լավ թարգմանիչ։ Նիկոլի անգլերենը գումարած Թրամփի ինտելեկտը. այս պայթուցիկ խառնուրդը, համաձայնեք, կարող է ցնցել մարդկությանը ցանկացած կորոնավիրուսից շատ ավելի ուժգնորեն։ Աշխարհը պարզապես չի դիմանա ժողովրդավարության այդպիսի մակարդակին