ՍԵՊՏԵՄԲԵՐ 1996 – ՄԱՅԻՍ 2020
Մայիսի 8-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած իրադարձություններին դեռ կանդրադառնանք բազմիցս։ Եվ պատճառն ամենևին էլ այն տեսարանի ըմբոշխնումը չէ, թե ինչպես էին իշխող խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը «սիրո և համերաշխության թավշե, ոչ բռնի հեղափոխության» համատեքստում ծեծի ենթարկում ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին: Այն, ինչ տեղի էր ունենում խորհրդարանում մայիսի 8-ին, ցուցանշական է նաև այլ իմաստներով։ Խոսենք այդ տեսանկյուններից մեկի մասին։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո շատ էին խոսակցություններն այն մասին, որ դա մի քիչ դեժավյու է («արդեն վերապրած բան»). հիշեցնում է 90-ականների սկզբին Հայաստանում տեղի ունեցած գործընթացները։ Էյֆորիայի ալիքի վրա հեղափոխական պոպուլիստների թիմի իշխանության գալը՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Եվ դրա հետևանքները սոցիալական ու տնտեսական ոլորտում, իրավակարգի բնագավառում, ՀՀՇ առաջնորդի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և այլն, և այդպես շարունակ։ Դե, և թե ի վերջո ինչով ամեն ինչ ավարտվեց։
Երբ երկու տարի առաջ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում և բազմաթիվ հարցեր էին հնչում այն մասին, թե ինչ է լինելու հետո, ես խորհուրդ էի տալիս հիշել 90-ականները. այդ դեպքում իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարները հեշտ է պատկերացնել։ Իհարկե, խոսքն անմիջական զուգահեռների մասին չէ։ Սուբյեկտներն ուրիշ են, նախնական հանգամանքները՝ ուրիշ, ժամանակներն՝ ուրիշ, բայց ընդհանուր միտումներ նշմարվում են։
Կարևոր է հաշվի առնել, որ ներկայումս գործընթացներն ավելի արագ են ընթանում։ Ժամանակն արագացել է, և այդ տեսանկյունից Հայաստանի խորհրդարանում մայիսի 8-ին կատարված իրադարձությունները լավ հուշում են, թե 90-ականների որ փուլում ենք մենք հիմա գտնվում. 1996 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր։ Երբ Հայաստանի խորհրդարանում ճիշտ նույն կերպ ծեծում էին ընդդիմադիրներին և, եթե չենք սխալվում, նույն Սասուն Միքայելյանը «ընդդիմադիրների դաստիարակման» այդ գործընթացի բնավ վերջին մասնակիցը չէր։ Ամեն ինչ դարձ է կատարում ի շրջանս յուր…
Բայց եթե 1996-ը Տեր-Պետրոսյանի կառավարման 5-րդ տարին էր, ապա հիմա դեռ նոր սկսվել է Փաշինյանի կառավարման երրորդ տարին։ Այսինքն ներկա ժամանակի մեկ տարին համապատասխանում է 90-ականների սկզբի երկու տարվան…
Ինչպե՞ս էին զարգանում իրադարձությունները 1996-ի սեպտեմբերին խորհրդարանական ընդդիմադիրներին ծեծի ենթարկելուց հետո։ Առաջին փուլում իշխանությունների տեռորն էր, բայց երկիրն ընկղմվում էր ճգնաժամի մեջ, կորցնում հեղինակությունը միջազգային ասպարեզում, ուժգնանում էր ճնշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, զիջումների գնալու Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը աջակցություն չէր գտնում հասարակության մեջ, և արդյունքում 1998-ի փետրվարին նա հրաժարական տվեց։ Ընդդիմադիրներին ծեծելուց մեկուկես տարի անց։ Հաշվի առնելով, որ հիմա մեկ տարին ընթանում է ինչպես այն ժամանակերում երկուսը, եզրակացնում ենք. մեր իրողությունների պարագայում իշխանափոխություն տեղի կունենա եթե ոչ այս, ապա հաջորդ տարի։
Բացի պատմական զուգահեռներից, ակնհայտ են նաեվ այլ գործոններ, որոնք վկայում են այն մասին, որ ներկայիս իշխանությունների հրաժարականը հեռու չէ։ Ըստ երևույթին, Փաշինյանը նույնպես հասկանում է դա, ինչը դե-ֆակտո խոստովանեց հենց նույն մայիսի 8-ին խորհրդարանի ամբիոնից։ Երբ հուզավառ բղավում էր, թե իշխանությունն ամեն օր ենթարկվում է հոգեբանական ու բարոյական տեռորի, որը սպառնում է փոխարկվել ֆիզիկական տեռորի ... Ի՞նչ է սա, եթե ոչ իշխանության հեղինակազրկման խոստովանություն: Հասարակական կարծիքում նրա ձախողման վկայություն։
Հենց նույն Ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ինչպեսև Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին տարիներին, Երևանը զիջում է իր դիրքերը բանակցություններում և շուտով կարող է հայտնվել նույնպիսի մեկուսացման մեջ, որում Հայաստանը գտնվում էր 1996 թվականի դեկտեմբերի սկզբին՝ ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովում։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Ղարաբաղի հարցում Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն արագացրեց նրա հրաժարականը։ Նույնն էլ Փաշինյանին է սպասում այսօր։
Վերջապես, կորոնավիրուսային ճգնաժամը։ Այն խորացնում է իրավիճակը, և ակներև են դրա հետևանքները տնտեսության ու սոցիալական ոլորտի համար։ Բացասական հետևանքները։ Դա արդեն կոնկրետ անդրադառնում է իշխանությունների վարկանիշի վրա, և եթե իշխանություններն ազնիվ են իրենք իրենց հետ, ապա պետք է ընդունեն, որ կորոնավիրուսը փոխում է իրավիճակը։ Նրանք վերցրեցին իշխանությունը կառավարման կայացած համակարգ ունեցող երկրում. թեկուզ ոչ անթերի, բայց աշխատող համակարգ։ Այս պայմաններում իշխանության եկածների դիլետանտությունը թեև աչքի էր զարնվում, բայց սկզբնական շրջանում չէր հանգեցնում աղետալի հետևանքների։
Հիմա իրավիճակն այլ է։ Ճգնաժամ. և ոչ թե մեկօրյա, այլ երկարաժամկետ։ Ընդ որում խոսքը մարդկանց ոչ միայն բարեկեցության, այլ առաջին հերթին առողջության ու կյանքի մասին է։ Եվ, ինչպես տեսնում ենք, ցուցանիշները տխուր են։ Այսօր երկիրը կարիք ունի արդյունավետ մենեջերների, ինչը բացարձակապես չի վերաբերում այս թիմին։ Եթե իշխանությունն ազնիվ է, ապա ընտրողներին պետք է հնարավորություն տա ասելու իրենց խոսքը։ Իդեալական դեպքում պետք է հիմա ընդունի ընտրությունների և կուսակցությունների մասին նոր օրենքներ, ինչը Փաշինյանը խոստացավ իշխանության գալու դեռ ամենասկզբում, բայց հետո մոռացավ։ Անհրաժեշտության դեպքում իշխանությունը պետք է իրականացնի սահմանադրական փոփոխություններ և արդեն այսօր հայտարարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
Կա՛մ իշխանություններն իրենք կնախաձեռնեն արտահերթ ընտրությունների գործընթաց, կա՛մ կարող է կրկնվել 1998 թվականի սցենարը, երբ Տեր-Պետրոսյանը նախ հրաժարական տվեց, իսկ ընտրություններն անցան արդեն հետո։