ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 8-ին Հայաստանի խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արտասանած պաշտպանական ճառը՝ ի սատարումն Սասուն Միքայելյանի, արժանի է ամենայն գովասանքի և, անշուշտ, կներառվի փաստաբանության դասագրքերում: Հատկապես դուր եկավ պասաժն այն մասին, թե իբր՝ ինչի՞ց է Էդմոն Մարուքյանը եզրակացրել, թե Սասուն Միքայելյանը շարժվում է իր կողմը։ Գուցե հուզված Սասունը որոշել էր դուրս գալ ծխելու և հանդարտվելո՞ւ։ Ինչո՞ւ է սադրիչ Մարուքյանն ընդառաջ գնացել նրան։

Փաշինյանի մտքի խորությունը հիշեցրեց «Միմինո» ֆիլմի այն դրվագը, երբ Ֆրունզիկ Մկրտչյանի հերոսը դատավարության ընթացքում ամեն կերպ փորձում է արդարացնել Վախթանգ Կիկաբիձեի կերտած կերպարին: Եվ ասում, թե երբ հարձակման զոհը թաքնվեց զուգարանում, «Միմինոն» պարզապես քաղաքավարի թակեց դուռն ու ասաց, որ ինքն էլ է ուզում... Ճիշտ է, Փաշինյանը չնշեց, թե ինչպես է ստացվել, որ Սասունի բռունցքը զարկվել է Մարուքյանի դեմքին։ Բայց դատելով ամենից՝ այդ Մարուքյանի դեմքն է անհաջող զարկվել Սասունի բռունցքին, կամ էլ, ծայրահեղ դեպքում, Սասունի բռունցքն ընդդիմադիր խմբակցության առաջնորդի դեմքին հայտնվել է զուտ պատահաբար։ Մոտավորապես ինչպես հանրահայտ կինոնկարի հիշյալ դրվագում, երբ Ֆրունզիկի կերպարը դատավորին պատմում է, թե ինչպես է «Միմինոն» աթոռով պատահաբար դիպչել ջահին։ Դե, այն, իբր՝ վենետիկյան ապակուց…

Չկարծեք, թե մենք չափազանցում ենք։ Հենց այդպես էլ կմատուցվի։ Իսկ ուրիշ ինչպե՞ս։ Չէ՞ որ բոլորն էլ տեսել են տեսանյութի մանրամասն կադրերը, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես Փաշինյանի աջակցության խմբի խուլիգան խաժամուժը հարձակվեց Նարեկ Մալյանի վրա հենց նրա տան շեմին։ Որքա՜ն ջրեր են հոսել այդ օրվանից... Ասում են, թե գործը հետաքննվում է: Հավանաբար, այդպես էլ կա։ Քննիչներն արդեն երկար ամիսներ տքնաջան ուսումնասիրում են տեսանյութի կադրերը, որոնք հայտնի են տասնյակ հազարավոր մարդկանց։ Չէ՞ որ, ինչպես ասում է վարչապետը, քննիչները մեզանում գերծանրաբեռնված են, ուստիև պետք չէ մեղադրել նրանց, որ մեր իշխանությունների պարբերական խելացնորություններից հոգնած՝ նրանք շարունակ սևեռուն դիտում են տեսանյութի կադրերը, դիտո՜ւմ ու դիտում... Այն երկրում, որտեղ Փաշինյանը հռչակել է օրենքի գերակայություն և որտեղ նա ոչինչ չի թելադրում ո՛չ դատավորներին, ո՛չ ուժային կառույցներին, այդ քրեական գործը կոչվում է, երևի, մոտավորապես այսպես. «Գործ այն մասին, թե ինչպես Նարեկ Մալյանը իր տան շքամուտքի մոտ սայթաքեց մի խումբ երիտասարդների վրա»։

Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս է կոչվում Նիկոլի հռչակած օրենքի երկրում «Հայելի» ակումբի խմբագրության գրասենյակի վրա հարձակման փաստով հարուցված գործը։ Քանի որ այդ պարագայում նույնպես ամեն ինչ բարեխղճորեն նկարահանված է տեսախցիկով և տեղադրված համացանցում։ «Գործ այն մասին, թե ինչպես էին երիտասարդները ձվերով անցնում «Հայելի» ակումբի խմբագրության մոտով, սակայն խմբագրության դուռը կտրեց նրանց ճանապարհը, հարձակվեց ձվերի վրա և, հնարավորություն չտալով երիտասարդներին հասցնել դրանք թավային, դատապարտեց նրանց սոված ու չարքաշ գոյության»։

Դե, և հավանաբար, արդեն հարուցվել ու ամբողջ թափով հետաքննվում է քրեական գործն այն մասին, թե ինչպես է Արթուր Դանիելյանի քիթը զարկվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի գլխին և դրանով իսկ կոպիտ ոտնձգություն կատարել երկրի սահմանադրական կարգի դեմ։ Ըստ էության, եթե երկրի երկրորդ նախագահը մեղադրվում է երկրում սահմանադրական կարգը տապալելու մեջ, որի նախագահն էր ինքը այդ պահի դրությամբ, ուրեմն ինչո՞ւ պիտի Դանիելյանի քիթն անպատիժ մնա։

Ինչ վերաբերում է Արտակ Մանուկյանին և Վահե Ղալումյանին, որոնք խորհրդարանական տուրուդմփոցի ընթացքում դրսևորելով բացառիկ խիզախություն և ամենաիսկական պատգամավորական վեհանձնություն, հարվածում էին Մարուքյանին թիկունքից, դրանով իսկ կատարելով վարչապետի պատգամն ու մեկ առանձին վերցրած երկրում իրականացվող «սամասուդի» օրինակ ցույց տալով երիտասարդ սերնդին, ապա այստեղ, ինչպես ընթերցողն արդեն կռահեց, նույնպես ամեն ինչ պարզ է. Մարուքյանի ստոր ընդդիմադիր ծոծրակը սխալ պահի հայտնվել էր սխալ տեղում։

Основная тема:
Теги: