ԼԱՆՑԱՐՈՏԵԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԻՆՔՆԻՆ ԱՐԴԵՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Դե ահա, Հայաստանում բանը հասավ նաև Լանցարոտեի կոնվենցիայի վավերացմանը. առավել քան կասկածելի հերթական փաստաթղթի, որն իբր կոչված է պայքարել երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ։
Դեռեվս 2019 թվականի նոյեմբերին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց հավանություն տալ վերոնշյալ փաստաթղթի վավերացմանը, որը կոչվում է «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»: Նշենք, որ կոնվենցիան կնքվել ու ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանցարոտեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), ուժի մեջ մտնելով 2010 թվականի հուլիսի 1-ին՝ հինգ պետությունների կողմից վավերացվելուց հետո:
Եվրոպայի խորհրդի կայքում նշվում է, թե «սույն կոնվենցիան առաջին գործիքն է, որը սահմանում է երեխաների նկատմամբ սեռական չարաշահումների տարբեր ձևերը որպես քրեական հանցագործություն, այդ թվում՝ տանը կամ ընտանիքում ուժի, հարկադրանքի կամ սպառնալիքի կիրառմամբ կատարված բռնությունը»:
Թվում է, ի՞նչ կասկածելի բան կարող է լինել այստեղ։ Սակայն, ինչպեսև Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի պարագայում, կարծես թե երեխաների պաշտպանությանն ուղղված սույն փաստաթուղթը ստորջրյա խութեր է պարունակում։ Ասենք՝ ի՜նչ խութեր. ժայռե՛ր։
Օրինակ, կարդում ենք վերոշյալ կովենցիայի 2-րդ հոդվածը՝ «Խտրականության արգելման սկզբունքը» անվանումով։ «Կողմերը պետք է ապահովեն, որպեսզի սույն Կոնվենցիայի դրույթները՝ մասնավորապես տուժածների իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող միջոցառումներն իրականացվեն առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից…»։ Ի՞նչ «սեռական կողմնորոշման» մասին է խոսքը, մի հարցնող լինի: Չէ՞ որ կոնվենցիան վերաբերում է երեխաների՛ն։
Իսկ ահա 6-րդ հոդվածը. «Երեխաների ուսուցումը». «Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ… Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում…»։
Սեռական լուսավորության դասեր տարրական դպրոցում և «սեռական կողմնորոշմամբ» փոքրիկներ... Իսկ չէ՞ որ դա հենց այն է, ինչին տարիներ շարունակ ձգտում են հասնել Հայաստանում Սորոսի կողմից շռայլորեն ֆինանսավորվող և ԼԳԲՏ հանրության օրակարգն առաջ մղող կազմակերպությունները։ Այդպե՞ս են պատրաստվում պաշտպանել մեր ամենքիս երեխաներին մեր կառավարությունն ու քաջարի խորհրդարանը։
«Խոսքը հերթական կրկնահատակ փաստաթղթի մասին է,- «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը: - Եթե Լանցարոտեի կոնվենցիայի երկրորդ հոդվածում խոսվում է այն մասին, որ տուժած երեխաների (սեռական բռնության զոհերի) իրավունքներն ու պաշտպանությունը պետք է իրականացվեն բացի ամենից նաև սեռական կողմնորոշման հատկանիշով, ապա սա նշանակում է, որ դրա հեղինակները փաստում են. կան միասեռական երեխաներ։ Իսկ արդեն վեցերորդ հոդվածում պետությունը պարտավորեցնում է դպրոցներում (այդ թվում՝ տարրական) ընդունել սեռական դաստիարակության ծրագրեր: Բազմապատկենք երկուսը երկուսով և կստանանք արդյունքը. եթե պնդվում Է, թե կան միասեռական երեխաներ, ապա սեռական դաստիարակության ծրագրում էլ պետք է ներառվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են համասեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը, գումարած վաղ սեքսուալացման ուղեգծի հաստատումը, որպեսզի երեխաներն ամենավաղ հասակից արդեն իմանան, թե ինչ բան են սեռական հարաբերությունները, սեռական ակտը և այլն: Այս ամենը, մեծ հաշվով, ինքնին արդեն բռնություն է երեխաների և մանկական հոգեբանության նկատմամբ: Եվ ուղիղ ճանապարհ դեպի մանկապղծության օրինականացում։ Բացի այդ, եթե կոնվենցիան կարգադրում է դպրոցում սեռական դաստիարակության դասեր անցկացնել վաղ տարիքից, իսկ մենք շատ լավ գիտենք, թե որ կազմակերպություններն են Հայաստանում մշակում նման ծրագրերը, ապա իրադարձությունների հետագա զարգացումն ակներև է.Լանցարոտեի կոնվենցիայի վավերացումից հետո պետությունը պարտավոր կլինի ընդունել դրա կատարումն ապահովող համապատասխան օրենքներ: Որից հետո ԼԳԲՏ հանրության առանձնահատուկ իրավունքներն առաջ մղող հասարակական կազմակերպությունները, ինչպիսիք են Լարա Ահարոնյանի կողմից ղեկավարվող «Կանանց ռեսուրսային կենտրոնը» և արևմտյան գրանտներով սնվող այլ հայտնի կազմակերպություններ կսկսեն հայկական դպրոցներում անհապաղ ներդնել արդեն շատ վաղուց գրված ծրագրերը երեխաների սեռական դաստիարակության վերաբերյալ: Այսինքն ամեն ինչ ընթանում է սորոսականների ծրագրով։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ հապճեպորեն մեր խորհրդարանը, օգտվելով արտակարգ դրությունից ու կարանտինից, քննարկեց հարցն ու հավանություն տվեց վերոնշյալ կոնվենցիայի վավերացմանը…»։
Մի՞թե դա կարող էր վրիպել ուշադրությունից։ Մինչդեռ, չնայած նույնիսկ արտակարգ դրության ռեժիմին, հասարակությունն արձագանքեց շատ արագ։ Մասնավորապես, Ֆեյսբուք սոցցանցում արդեն ակտիվորեն ստորագրություններ են հավաքվում Լանցարոտեի կոնվենցիայի՝ երեխաների պաշտպանությամբ քողարկվող հերթական ծուղակի վավերացման դեմ…