ՀԱՊԿ. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԵՐ ՁԳՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՇԱՀԵՐԸ

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմել է բնավ ոչ օգնության համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի արձագանքը հայ-ադրբեջանական սահմանի վրա Ադրբեջանի գործողություններին:

«ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- նշել է Քոչարյանը։ Խոսելով իրավիճակը լիցքաթափելու ՀԱՊԿ-ի կոչի մասին, փոխնախարարը նշել է, որ կազմակերպությունը զգուշացրել է, որ եթե լարվածությունը չթուլանա, և հայկական կողմը դիմի օգնության համար, իրենք ստիպված կլինեն միջամտել։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ըստ էության, Քոչարյանը սպառիչ պատասխան տվեց նրանց, ովքեր հայ-ադրբեջանական սահմանին վերջին ահագնացման բառացիորեն առաջին իսկ րոպեից նետվեցին դատապարտելու... ոչ թե Ադրբեջանին՝ ագրեսիայի հերթական ակտի համար, այլ ՀԱՊԿն, մեղադրելով կազմակերպությանն անգործության մեջ և կոչ անելով դադարեցնել Հայաստանի անդամակցումը դրան (կազմակերպությանը): Իբր՝ մեր ինչի՞ն է պետք ՀԱՊԿ-ը, եթե չի կարողանում աջակցել մեզ՝ ռազմաքաղաքական դաշնակցին։ Ասել է թե՝ պետք է շտապ դուրս գալ այդ անօգուտ միավորումից։

Հիմա դատողություններ չենք անի, թե ով և ինչու է շահագրգռված ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցում։ Դա վաղուց է հայտնի։ Չենք խոսի նաև այն մասին, որ երկրի ելքը անվտանգության մի համակարգից դեպի... ոչ մի տեղ, շատ լուրջ խնդիրներ է ստեղծում նրա համար։ Նամանավանդ Հայաստանի պարագայում, որը շրջապատված է բացահայտ թշնամական պետություններով։ Այս ամենը ակնհայտ է։ Տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է. իր պատասխանատվության գոտում նման սրացումների նկատմամբ կազմակերպության արձագանքի համարժեքության և հայտարարությունների մակարդակով իր դաշնակցին ցուցաբերվող միանշանակ ու անվերապահ աջակցության բացակայության։ Այն, ինչում հաճախ են մեղադրում ՀԱՊԿ-ին։

Պետք է խոստովանել, որ խնդիրն իսկապես գոյություն ունի և բնավ ոչ մեկ տարի։ Ավելին, հայկական կողմն ավելի վաղ հնչեցրել է դա բազմիցս։ Դեռևս 2015 թվականին, երբ թուրքական ՌՕՈՒ-ն խոցեց ռուսաստանյան Սու-24-ը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացումը թուրքական զինված ուժերի կողմից լուրջ մարտահրավեր դարձավ ահաբեկչության հակազդմանը, Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: Յուրաքանչյուր օժանդակություն ահաբեկչությանը ենթակա է խիստ քննադատման:

Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը: ՆԱՏՕ-ի երկրների, ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը՝ բոլորի և բոլորը մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության և բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարևորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք։ Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ»։

Չէինք ասի, թե Երեվանի կշտամբանքն այն ժամանակ անմիջապես տվեց ակնկալվող արդյունքը, թե ՀԱՊԿ երկրները սկսեցին համերաշխորեն դատապարտել Բաքվի ագրեսիվ գործողությունները։ Բայց խնդիրը մատնանշվեց, ընդգծվեց և արդիականացվեց։ Իսկ գլխավորը. Հայաստանը ցույց տվեց իր շահագրգռվածությունը ՀԱՊԿարդյունավետության բարձրացման ու ամրապնդման, նրա վարկի և հեղինակության բարելավման հարցում։ Սակայն արմատապես հակառակ գործընթաց ծավալվեց, ինչպես հայտնի է, թավշե իշխանության հաստատումից հետո։ ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղար գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործը լուրջ վնաս հասցրեց կազմակերպության հեղինակությանը և հաստատ չամրապնդեց Երևանի դիրքերը բուն ՀԱՊԿ-ում։

Այստեղ, ի դեպ, ընդգծենք մի փոքր, բայց պերճախոս հանգամանք։ Այդ պայմաններում (Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործ, նրան պաշտոնից հետ կանչելու նախաձեռնում Երևանի կողմից) հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքը բավական հստակ էր։ Մասնավորապես, 2018 թվականի սեպտեմբերի 21-ին կազմակերպության մամլո ծառայությունը հայտնեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել ահագնացումը հայ-ադրբեջանական սահմանին։ «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի, ինչպես նաև դրան սահմանակից Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծության հաճախակի դարձած դեպքերի առիթով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Հաշվի առնելով ՀԱՊԿ-ին կից Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի տեղեկատվությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին մշտական խորհրդի նիստի ընթացքում, կոչ ենք անում դադարեցնել կրակոցները և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության թեժացումը` ՀԱՊԿ անդամ պետության` Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքի ավելացում թույլ չտալու նպատակով»,- ասվում էր հայտարարության մեջ:

Այսօր հայ-ադրբեջանական սահմանի վրա լարվածության թեժացման համատեքստում գնալով ավելի բարձր են հնչում ՀԱՊԿանօգտակարության, իրադարձությունների նկատմամբ կազմակերպության անհամարժեք արձագանքի և այդ միավորումից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության մասին հայտարարությունները։ Այո, կրկին իսկ, խնդիրներ կան կազմակերպությունում միասնական դիրքորոշման, «մեկը՝ բոլորի և բոլորը մեկի համար» նույն այն սկզբունքի առումով: Բայց արժե, թերևս, հարցեր տալ. վերջին երկու տարիների ընթացքում ի՞նչ է արել Երևանը՝ այդ խնդիրը լուծելու և ընդհանրապես բարձրացնելու համար այդ կազմակերպության գործունեության արդյունավետությունը, որի անդամ է։ Ի՞նչ քայլերով է Երևանը ցույց տվել իր շահագրգռվածությունը ՀԱՊԿ-ի ամրապնդման հարցում։ Բացի ՀԱՊԿ-ի հեղինակությանը հարված հասցնելուց և սեփական դիրքորոշումը թուլացնելուց, հայկական կողմը վերջին երկու տարիներին ոչ մի ավանդ չի ներդրել կազմակերպության աշխատանքում։

Основная тема:
Теги: