ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԵԼՑՈՒԿԻՑ ԱՐԴԵՆ ՑՆՑՎՈՒՄ ԵՆՔ

Հիմա ինչ, իշխանության խոստացած «երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն»-ը կարելի է համարել կատարված փա՞ստ։ Ըստ իմքայլականների՝ այո. չէ՞ որ այդ նպատակի ճանապարհին իշխանությանը, ինչպես բազմիցս արձանագրել են դրա առանձնակի վառ ու ոչ այնքան երևելի ներկայացուցիչները, խանգարում էր հենց Սահմանադրական դատարանը։ Իսկ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքը, որի հրապարակումից հետո ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեցվեն, իսկ Հրայր Թովմասյանը կզրկվի ՍԴ նախագահի պաշտոնից՝ մնալով պարզապես ՍԴ դատավոր։

Դեռ վերջերս Միրզոյանն ասել էր, որ այդ փոփոխությունները կստորագրի մեծ հաճույքով։ Նախագահը նրան չզրկեց ոչ միայն սեփական կարևորությունն անձամբ զգալու և Փաշինյանին ու մյուսներին ցույց տալու, այլև իր վրա հոդված կախելու հաճույքից։ Թեև Միրզոյանը մեկօրյա դադար էր վերցրել՝ առանձնակի դյուրազգաց մարդկանց նյարդերի հետ խաղալու համար, բայց երկար, ամբողջ հինգ օր ձգել հաճույքը նրան թույլ չտվեցին։ Թեպետ՝ սա այնպես, իմիջիայլոց։

Ինչ վերաբերում է այսուհետ «երջանիկ անհատին, հոգատար հանրությանն ու հզոր պետությանը», ապա այսօր ակներև է տագնապի և ապագայի անորոշության գնալով ավելի ահագնացող զգացումը: Եվ խոսքը տվյալ դեպքում ոչ միայն և ոչ այնքան սահմանամերձ միջադեպերի մասին է, որոնք սպառնում են վերաճել լայնամասշտաբ պատերազմի։ Այդ առումով ամեն ինչ ծայրաստիճան պարզ է. նման պահերին մեր հասարակությունը մի կողմ է դնում բոլոր խնդիրներն ու տարաձայնությունները և դառնում թշնամուն հետ մղելու պատրաստ մի մեծ բռունցք։

Խոսքը ապագայի համար մարդկանց մտահոգության, անորոշության աճող զգացումի մասին է՝ կապված ընդհանրապես երկրի և մասնավորապես յուրաքանչյուր քաղաքացու սոցիալ-տնտեսական վիճակի հետ։ Ընդամենը երկու տարի առաջ Հանրապետության հրապարակն Ագորա հռչակած իշխանությունը այսօր նույն հրապարակից ոստիկանություն է բերման ենթարկում այն քաղաքացիներին, որոնք փորձում են իրենց դժգոհությունը հայտնել կառավարությանը։ Մարդկանց, որոնք փորձում են տեղ հասցնել իրենց ձայնը, լուծումներ առաջարկում ճգնաժամից դուրս գալու համար, բռնում են թևից, ավելի ճիշտ՝ ոլորում ձեռքերն ու հայդե՝ ոստիկանություն։ Քաղաքացիներին, որոնք փորձում են գոնե փոքրիշատե հստակեցնել իրենց իսկ վաղվա օրը, հասկանալ, օրինակ, թե երբ վերջապես իրենց թույլ կտան աշխատել, որպեսզի գոնե ինչ-որ կերպ գոյատևեն, հոգան իրենց ընտանիքների օրվա հացը, բերման են ենթարկում ոստիկանություն։ Ոչինչ չես ասի. «երջանիկ անհատ, հոգատար հանրություն ու հզոր պետություն»…

Համաձայնեք, եթե Երևանի փողոցներում և մարզերում հարցնեին մարդկանց, թե ինչը կարող է երջանկացնել նրանց, ինչպես կարող է հանրությունը զգալ պետության հոգատարությունը կամ ինչ քայլերից է կախված պետության հզորությունը, ապա դժվար թե պատասխանների մեջ լիներ Սահմանադրական դատարանի հարցը, նամանավանդ մարդկանց ու երկրի համար այսքան ծանր համաճարակաբանական ու սոցիալ-տնտեսական իրավիճակում։ Յուրաժամանակ և որակյալ բուժօգնություն, սերմեր ու պարարտանյութեր մատչելի գներով, վարկային և հարկային արձակուրդներ, սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, կոմունալ ծառայությունների գնաճի բացակայություն... Սա ընդամենը մի փոքր մասն է հասարակ մարդկանց կողմից թվարկված այն ամենից, ինչը թույլ կտա նրանց գոնե փոքր-ինչ ավելի երջանիկ զգալ իրենց, սեփական մաշկի վրա զգալ պետության հոգատարությունը և, այո՛, հզորությունը։ Բայց մարդկանց հետ մեր բոլոր սրտալի խոսակցությունների միջով կարմիր թելի պես անցնում է այն, որ մարդիկ հոգնել ու ճնշված են ատելության, անհանդուրժողականության անդադար բորբոքվող մթնոլորտից, իրենց մշտապես տուգանքների «մատերիալ» զգալուց և իշխանությունը ճանկած մի կույտ տգետների ինքնահաստատումից։

Հետաքրքիր է, իշխանական աշխատասենյակներում ու ծառայողական մեքենաներում բազմած պարոնները տեսե՞լ են, թե որքան երջանիկ տեսք ունեն առանց դիմակների զբոսնող մարդիկ ուշ երեկոյան, երբ փողոցներում ոստիկաններ գրեթե չկան։ Նույնիսկ մաքուր օդում դիմակների պարտադիր լինելու չեղարկումը, բնականաբար՝ ոչ մարդաշատ վայրերում, կարող է գոնե մի փոքր երջանկություն պարգևել մեր քաղաքացիներին։ Հենց այն քաղաքացիներին, որոնց Փաշինյանն ու իր թիմը իշխանության գալու արշալույսին կաթի գետեր ու մեղրաշաքարի ափեր էին խոստանում։

Իսկ երկու տարի անց իրականությունը ցույց տվեց. դիմակ քիթ-բերանին և դժգոհության արգելանք, աշխատատեղերը կրճատվել են տասնյակ հազարներով, փակման սպառնալիքի տակ են ամբողջ բնագավառներ, գյուղացիներին տրվող օգնությունը դադարեցվել է, տրանսֆերտներն ու վճարվող հարկերը՝ նվազել, տասնապատիկ ավելացվել է գույքահարկը, անգետիկներն ընդունվել են բուհեր, իսկ գիտունիկները՝ դուրս մնացել, սեռական «դաստիարակություն» ամենավաղ տարիքից՝ հայրենասիրականի փոխարեն, Հայ Առաքելական Եկեղեցու հավասարեցում աղանդներին... Իսկ իրենց, սիրելիներին՝ աշխատավարձերի բարձրացում և մշտական պարգևավճարներ հարվածային աշխատանքի համար։ Ոչինչ չես ասի. «երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն»... Զգո՞ւմ եք, թե ինչպես եք ցնցվում երջանկության, հոգատարության ու հզորության ավելցուկից։