ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ՝ ԹԱԹԱՐԱՑՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱՑՈՒՄ․ ՄԱՍ I

News.am-ը ներկայացնում է հրապարակումների շարք՝ նվիրված ադրբեջանցի ժողովրդի ձևավորմանը, ադրբեջանական պետության քաղաքականությանը, պահանջատիրություններին և կեղծիքներին: «Ադրբեջանական ժողովրդի ձևավորումը (թաթարացումից մինչև ադրբեջանացում)» հոդվածի հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Ներկայացնում ենք հոդվածաշարի առաջին մասը։

Ադրբեջանը մի երկիր է, որին մենք պետք է շատ լավ, խորը իմանանք, ընդ որում պատմությունը, քաղաքականությունը, էթնոազգային առանձնահատկությունները անհրաժեշտ է ուսումնասիրել օբյեկտիվորեն, համակողմանիորեն՝ նվազագույնի հասցնելով շահարկումներն ու հույզերը: Միայն այս կերպ մենք կկարողանանք արդյունավետորեն հակազդել այնտեղից եկող սպառնալիքներին, որոնք իրենց էությամբ ոչ միայն և ոչ այնքան ռազմական են: Իմանալով անցյալը և հասկանալով ներկան՝ մենք կկարողանանք անցյալն իրատեսորեն և ճշգրիտ կանխատեսել:

Ադրբեջանում պետականաշինության առանցքային գործոնը, որը մեծապես որոշում է այս պետության աշխարհաքաղաքականությունը, արտաքին և ներքին քաղաքականությունը, նրա գաղափարախոսությունը, ադրբեջանցի ժողովուրդն է, նրա էթնոազգային առանձնահատկությունները, որտեղ կարևորագույն բաղադրիչներից մեկը այս ազգի ձևավորման գործընթացն է:

Ադրբեջանցի ժողովրդի ձևավորումը աշխարհաքաղաքական ամենահետաքրքիր նախագծերից մեկն է, որը սկսվել է 19-րդ դարում և, ըստ էության, շարունակվում է մինչ օրս: Այս ժողովրդի ձևավորումը տեղի ունեցավ «վերևից» և արդյունք էր ռազմավարական և մարտավարական աշխարհաքաղաքական հաշվարկների, որոնք կապված էին ռազմավարական նշանակություն ունեցող անդրկովկասյան տարածաշրջանի համար մեծ տերությունների պայքարի հետ: Այս ժողովրդի ձևավորումը սկսվել է Ռուսական կայսրությունում` Ռուսաստանին Անդրկովկասի միավորումից հետո, շարունակվել է ԽՍՀՄ տարիներին և դեռևս չի ավարտվել:

Նոր ադրբեջանցի ժողովրդի ձևավորման գործընթացը անցել է «թաթարացում-թրքացում-ադրբեջանականացում» շղթայով: Ավելի երկարատև և ավելի քիչ կեղծվել է առաջին փուը՝ թաթարացումը: Ավելի կարճ, բայց ավելի կեղծված վերջին փուլն է՝ ադրբեջանականացումը:

Պետք է նշել, որ այս գործընթացի հիմնական փուլերը միմյանց տրամաբանական շարունակությունը չեն եղել և նույնիսկ չեն կանխորոշում միմյանց: Դրանցից յուրաքանչյուրը առանձին գործընթաց էր, որը շարունակություն չէր նախատեսում: Մի փուլը մյուսով փոխարինելը և ազգային ինքնության «վերաձևավորման» նպատակի համար այս կամ այն ռազմավարության ընտրությունը արդյունք էին գլոբալ բնույթի արմատական աշխարհաքաղաքական տեղաշարժերի և դրանց հանդեպ ռուսական, իսկ այնուհետև խորհրդային իշխանությունների արձագանքների:

Թուրքական տարրը՝ Սեֆևիդյան Իրանում

Նախքան ադրբեջանցի ժողովրդի ձևավորման գործընթացի իրականացումը դիտարկելը, անհրաժեշտ է համառոտ դիտարկել Սեֆևիդների օրոք Իրանի էթնոքաղաքական առանձնահատկությունները: Սեֆևիդյան Իրանը և նրա առաջին ղեկավար Իսմայիլ շահը կարողացան մշակել հատուկ պետական գաղափարախոսություն, ինչը դարձավ մի տեսակ իմունային համակարգ, որը պաշտպանում է Իրանը մինչ օրս: Այստեղ ակնառու է նաև մի շատ հետաքրքիր զուգադիպություն: Իսմայիլ շահը, լինելով մի մարդ, որի երակներում հոսում էր իրանցիների, թուրքերի և այլ ժողովուրդների արյունը, լինելով մահմեդական՝ փաստացի անձնավորում էր Իրանը, որը գրեթե 9 դար օտար տիրապետության պայմաններում, համարյա արմատապես փոխվելով և դառնալով տարասեռ էթնիկ խմբերի կոնգլոմերատ, այնուամենայնիվ կարողացավ վերջապես վերստեղծել իր անկախ ազգային պետականությունը:

Սակայն նոր՝ Սեֆեվիդյան Իրանը իր էթնոքաղաքական կառուցվածքով տարբերվում էր Աքեմենացիների, Արշակունիների և Սասանյանների դարաշրջանի Իրանից: Եթե մինչ արաբական նվաճումները իրանական տարրը միշտ պետության հիմնական էթնոքաղաքկան միջուկն էր, ապա Սեֆևիդների օրոք իրավիճակն արդեն այլ էր: Ավելին, օտար տիրապետության հարյուրամյակներից և Իրանի էթնոազգային կազմում փոփոխություններից հետո անհնար դարձավ վերականգնել իրանական բաղադրիչի դերն ու տեղը, ինչպես դա նախկինում էր: Իրանական անկախ պետականությունը վերականգնելու և պահպանելու միակ միջոցը դարձավ իրանական և թուրքական տարրերի՝ նոր Իրանի երկու հիմնական միջուկների սինթեզը, որտեղ, որպես ցեմենտի բաղադրիչ, հանդես էր գալիս շիաների իսլամը:

Իրանական պետականության վերականգնումից առաջ Իրանը, ինչպես արդեն նշվեց, ավելի քան 9 դար գտնվում էր օտարերկրյա տիրապետության տակ: Արաբները կառավարում էին Իրանը 636 թվականից մինչև 11-րդ դարը: Այնուհետև սկսվեց թյուրք-մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանը: Միայն 1502-ին Իրանը վերականգնեց իր անկախությունը, և ստեղծվեց Սեֆևիդների տերությունը:

Այստեղ հարկ է նշել, որ չնայած դարերի թյուրքական տիրապետությանը, թյուրքական տարրը չի համախմբվել մեկ էթնոսի մեջ, ինչը արդյունավետ հնարավորություն էր ընձեռում պահպանելու Իրանի ներքին միասնությունը և նրա տիտղոսային պետականաձևավորման էթնոազգային բաղադրիչի երկմիջուկ բնույթը: Թյուրքական տարրը շատ բազմազան էր, այն ընդգրկում էր թրքացման ենթարկված տարբեր ժողովուրդների, և շիիզմի ընդունումից հետո այս զանգվածը, փաստորեն, տարանջատվեց Անատոլիայի և Կենտրոնական Ասիայի թյուրքական զանգվածից՝ ոչ միայն աշխարհագրական և քաղաքական, այլև էթնոմշակութային առումով: Պարսկաստանի թյուրքերի ինքնության հիմքը շիականությունն էր և ցեղային պատկանելությունը:

News.am