ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2020 թ. հուլիսի 25-ին լրանում է գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգիսի Քոթանջյանի 75 ամյակը։ ԽՍՀՄ տարիներին պատասխանատու պաշտոններ զբաղեցրած և աֆղանական պատերազմի բովով անցած գիտնական - զինվորականը Հայաստանի անկախությունից ի վեր ակտիվորեն ներգրավված է Հայաստանի անվտագության և պաշտպանունակության ամրապնդման գործում։
1990-ականներին ստեղծելով Պաշտպանության նախարարության արտաքին կապերի և ռազմական համագործակցության վարչությունը՝ Քոթանջյանն էական դեր է խաղացել ՀՀ ռազմական դիվանագիտության համակարգի ձևավորման գործում։ Նա ստեղծել և 1998 – 2002 թթ. ղեկավարել է ԱՄՆ-ում ՀՀ առաջին ռազմական գրասենյակը։
Խորապես գիտակցելով ՀՀ-ում անվտանգային հետազոտությունների իրականացման կարևորությունը՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանն ավարտելուց հետո Քոթանջյանը 2004 թ. ձեռնամուխ եղավ դրա մոդելի հիման վրա ՀՀ-ում Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման աշխատանքներին։ Նախ ձևավորվեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, որպես Հայաստանում անվտանգային հետազոտություններ իրականացնող միակ պետական ուղեղային կենտրոն, իսկ 2016 թ. բացվեց Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը։ Հետսառըպատերազմյան աշխարհակարգի կերպափոխման պայմաններում Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, իսկ այնուհետև Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը ակադեմիական ձևաչափով երկխոսության հարթակ էին դարձել աշխարհի առաջատար պետությունների փորձագետների համար, ինչն ամրապնդում էր Հայաստանի Հանրապետության անվտանգային համախումբ ներուժը մեր անկայուն տարածաշրջանում։
Դեռևս 1992 թ. Մոսկվայում ստանալով քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ Քոթանջյանն էական ներբերում է ունեցել նաև Հայաստանում քաղաքագիտական դպրոցի կայացման գործում։ Նրա ջանքերով 2009 թ. Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ստեղծվեց քաղաքագիտության բնագավառում թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններ շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 056 մասնագիտական խորհուրդը: Խորհրդի շուրջ իննամյա գործունեության ընթացքում (2009 – 2018 թթ.) այստեղ պաշտպանվել են գրեթե հարյուր թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, որոնց հեղինակները էական դեր են խաղում հայ քաղաքագիտական մտքի զարգացման գործում։
Հայ երիտասարդ քաղաքագետների գիտական ներուժի համախմբմանն էր միտված նաև Քոթանջյանի կողմից 2011 թ. «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա» հասարակական կազմակերպության ստեղծումը, որտեղ 2018 թ. մարտից Քոթանջյանը զբաղեցնում է պատվավոր նախագահի պաշտոնը։
Ըստ արժանվույն գնահատելով Հայկ Սարգիսի Քոթանջյանի ներդրումը ՀՀ անվտանգային հետազոտությունների դպրոցի ստեղծման և կայացման գործում՝ գիտնական – զինվորականին մաղթում ենք քաջ առողջություն և նորանոր ձեռքբերումներ Հայաստանի Հանրապետության և համայն հայության շահերի առաջ մղման իր անխոնջ ջանքերում։
Բենիամին Պողոսյան,
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն
ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նախկին պետ