ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՁևԱՎՈՐՈՒՄԸ. ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԷԹՆՈԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ ՄԱՍ II
News.am-ը ներկայացնում է հրապարակումների շարք՝ նվիրված ադրբեջանցի ժողովրդի ձևավորմանը, ադրբեջանական պետության քաղաքականությանը, պահանջատիրություններին և կեղծիքներին: «Ադրբեջանական ժողովրդի ձևավորումը (թաթարացումից մինչև ադրբեջանացում)» հոդվածի հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Ներկայացնում ենք հոդվածաշարի երկրորդ մասը։
Անդրկովկասը՝ Ռուսաստանի կայսրության կազմում
Անդրկովկասի միավորումից հետո Ռուսաստանի կայսրությունը ստացավ ռազմավարական կարևորագույն տարածաշրջան, որի նկատմամբ վերահսկողությունը զգալիորեն բարձրացնում էր երկրի անվտանգության մակարդակը և հնարավորություն էր տալիս լուծել Մերձավոր և Միջին Արևելքում ռազմավարական կարևորագույն աշխարհաքաղաքական մի շարք խնդիրներ:
1804 - 1813 թվականներին Ռուսական կայսրությունը իր վերահսկողության տակ առավ Անդրկովկասի մեծ մասը, բացառությամբ՝ Երևանի և Նախիջևանի խանությունների, ինչն ամրագրված էր 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրով: 1828-ին Ռուսաստանի կայսրության կազմի մեջ մտան Էրիվանի և Նախիջևանի խանությունները, որոնց միավորմամբ նույն թվականին ձևավորվեց Հայաստանի մարզը:
Անդրկովկասի էթնոազգային աշխարհաքաղաքականությունը
Անդրկովկասը, ինչպես արդեն նշվել է, միշտ առանձնացել է բազմազան էթնոազգային կազմով, ինչը, բնականաբար, հաշվի է առնվել ցարական կառավարության կողմից՝ իր վարչատարածքային քաղաքականությունն անցկացնելիս: Սակայն աշխարհաքաղաքական ավելի գործուն արդյունքի հասնելու համար, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանի էթնոքաղաքական առանձնահատկությունները, տարածաշրջանային և համաշխարհային տերությունների շահերն ու նպատակները, վարչատարածքային քաղաքականությանը զուգահեռ, անհրաժեշտ էր համապատասխան քաղաքականություն վարել էթնոազգային հարթությունում:
Այս խնդիրը հատկապես արդիական էր Արևելյան Անդրկովկասում: Այստեղ ցարական իշխանությունները բախվեցին բավական հատուկ իրավիճակի: Բանն այն է, որ Անդրկովկասի՝ Ռուսական կայսրության մեջ մտնելու պահին այստեղ ապրում էր թյուրքալեզու բնակչության բավական մեծ զանգված, որը դեռևս չէր կազմում ամբողջական ժողովուրդ: Ինչպես ավելի վաղ նշել էինք, սա պայմանավորված էր Սեֆևիդների ժամանակաշրջանի Իրանի առանձնահատկությամբ և դրա հաջորդ դինաստիաներով, երբ թյուրքական տարրը չհամախմբվեց միասնական էթնիկ խմբում՝ որպես ինքնության հիմք պահպանելով շիականությունը և ցեղային պատկանելիությունը, ինչը հնարավորություն տվեց պահպանել Իրանի ներքին միասնությունը և դրա տիտղոսային պետականաձևավորման էթնոազգային երկմիջուկայնությունը:
Սակայն եթե Պարսկաստանի կազմում սա ռազմավարական կարևոր հրամայական էր, համեմատաբար կայուն իրավիճակ, երկրի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը և նրա միասնության երաշխիք, ապա Ռուսաստանի կազմում այսպիսի կազմաձևով իրավիճակն այլ բան էր: Կարող էր ստեղծվել մի իրավիճակ, որի դեպքում իր նախկին պետությունից կտրված և, համապատասխանաբար, իր էթնոքաղաքական կառուցվածքում գերիշխող դիրքից զրկված բավական բազմազան էթնիկ զանգվածի միջավայրում ստեղծվեին նոր էթնոքաղաքական «բյուրեղացման» անխուսափելի գործընթացներ։
Այս բյուրեղացումը կարող էր առաջացնել աշխարհաքաղաքական բնույթի նոր և անցանկալի խնդիրներ: Չնայած էթնիկ բազմազանությանը՝ այն ժամանակ, երբ Արևելյան Անդրկովկասը մտավ Ռուսաստանի կայսրության կազմի մեջ, վերը նշված էթնոկրոնական զանգվածը պահպանեց էթնոազգային ինքնության երկու հիմնական բաղադրիչը՝ լեզուն և կրոնը: Իրանի կազմում, ինչպես արդեն նշվեց, գերիշխողը կրոնական բաղադրիչն էր՝ շիականությունը, իսկ ցեղային և լեզվական պատկանելիությունը ավելի շուտ ենթաէթնիկ հատկանիշներ էին: Ռուսաստանի կազմում, իր նախկին միջավայրից կտրված, շիական էթնոկրոնական զանգվածը, բնականաբար, կարող էր ձգտել դեպի Իրան:
Մյուս կողմից, Ռուսաստանի կազմում, որը արդյունաբերական, տնտեսական և մշակութային առումով անհամեմատ ավելի առաջադեմ էր, քան տարածաշրջանային պետությունները, լեզուն, որպես էթնոազգային բաղադրիչ, կարող էր դառնալ կրոնին համարժեք ինքնության բաղադրիչ, իսկ հետո դառնալ որոշիչ բաղադրիչ, հատկապես 19-րդ դարում դրա բուռն զարգացման շրջանում: Այս դեպքում կարող էր սկսվել Արևելյան Անդրկովկասի թյուրքական էթնոքաղաքական զանգվածի աշխարհաքաղաքական և էթնոմշակութային ձգտումը դեպի Թուրքիա:
և առաջին, և երկրորդ սցենարները չէին բխում Ռուսաստանի շահերից, ուստի անհրաժեշտ էր հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի կանխվեն այդ երկու հնարավորությունները:
Սակայն աշխարհաքաղաքական բնույթի կարևոր որոշումների կայացումը, հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջաններում, պահանջում էր էթնոմշակութային առանձնահատկությունների, սոցիալական իրավիճակի, պատմության և տարածքում բնակվող, մասնավորապես, ուշադրության կենտրոնում գտնվող ժողովուրդների կյանքի այլ կողմերի մանրակրկիտ ուսումնասիրում:
Հարկ է նշել, որ Արևելյան Անդրկովկասի ժողովուրդների ուսումնասիրությունը և բնակչության էթնոազգային կազմի նկարագրությունը սկսվել է դեռևս մինչ Ռուսաստանին տարածաշրջանի միավորումը: Արևելյան Անդրկովկասի մասին միանգամայն հետաքրքիր տեղեկություններ կան 1715-18 թվականներին Պյոտր I-ի կողմից Պարսկաստան ուղարկված Արտեմի Պետրովիչ Վոլինսկու դեսպանության անդամ շոտլանդացի Ջոն Բելյեի աշխատության առաջին մասում: Ներկայացնեմ հատվածներից մեկը, որն առնչվում է Շիրվանի էթնոազգային կազմին. «Շամախի քաղաքը գտնվում է Հյուսիսային լայնության մոտ 40 աստիճանում: Անցյալում այն եղել է Միդիայի մասը, հիմա Շիրվան կոչվող մեծ Նահանգի մայրաքաղաքն է… Բնակիչների մեծ մասը Պարսիկներ են. այնտեղ կան նաև զգալի թվով Վրացիներ և Հայեր: Այնտեղի ժողովուրդը խոսում է Թուրքերեն, բայց պաշտոնյաները՝ Պարսկերեն: Այնտեղի օդը շատ ավելի կազդուրիչ է, քան Կասպից ծովի մոտ գտնվող մյուս քաղաքներում»:
Այնուհետև Կովկասի թյուրքերեն բարբառները ռուսական գիտական հանրույթում սկսեցին դիտարկել որպես թաթարերենի բարբառներ: Դժվար է միանշանակ ասել, թե դա ինչով էր պայմանավորված: Հնարավոր է, որ դա կապված էր այն հանագամանքի հետ, որ մոնղոլ-թաթարական հարձակումները սկսվելուց հետո և հետագա հարյուրամյակների ընթացքում ռուսական աշխարհի համար թյուրքերի հիմնական ներկայացուցիչները եղել են թաթարները, որոնց լեզուն նույնականացվել է փաստացի բոլոր թյուրքական բարբառներին: Այսպես՝ Անդրկովկասը նկարագրող պաշտոնական հրապարակումներից մեկում նշված է, որ «Թաթար ցեղին են պատկանում՝ 1) թաթարները, 2) թուրքերը (օսմանլիները), 3) սելջուկ թուրքերը, 4) ղազախները կամ ղազախցիները»:
Անդրկովկասի միանգամայն հետաքրքիր ազգագրական նկարագրություն ունի ռուսաստանցի բնագետ և ճանապարհորդ, բալթյան գերմանացիներից ծագող Յոհան Անտոն Գյուլդենշթեդտը, որը եվրոպացիներից առաջիններից մեկն է հետազոտել Հյուսիսային Կովկասի ժողովուրդների կենցաղն ու մշակույթը և եղել է Վրաստանում ու Անդրկովկասում: Խոսելով Արևելյան Կովկասի թաթար ժողովուրդների մասին՝ Գյուլդենշթեդտը նրանց երեք խմբի է բաժանում՝ կումիկյան, թերեքեմենյան կամ թրութմենյան և նոգայան: Նա նշում է, որ նրանք խոսում են նույն թաթարերենով, որը շատ տարածված է Կովկասում, չնայած այդ լեզուները միանգամայն տարբեր են: Գյուլդենշթեդտը համեմատում է թուրքերեն, թերեքեմեներեն, կիմիկերեն և նագայերեն բարբառների նմանությունը իտալերենին, իսպաներենին և պորտուգալերենին:
Գերմանացի գիտնական և ճանապարհորդ Ֆրիդրիխ Մարշալ ֆոն Բիբերշթեյնը, որը ռուսական ծառայության էր ընդունվել, 1798-1799 թվականներին շրջագայել է Կովկասում և հետազոտություն պատրաստել, որը պարունակում է հետաքրքիր տեղեկություններ տարածաշրջանի տեղագրության, պատմության, տնտեսության, բնակչության, կենդանական և բուսական աշխարհի մասին: Բիբերշթեյնը նշում է, որ Արևելյան Անդրկովկասի բնակչությունը չափազանց խայտաբղետ է: Նա նշում է այստեղ թյուրքական բավականին մեծ զանգվածի առկայության մասին և նրանց թաթարներ է համարում, որոնց լեզուն ղրիմյան թաթարների լեզվից տարբերվում է այնպես, ինչպես մալոռուսերենը վելիկոռուսերենից: Բայց մարդաբանական առումով Բիբերշթեյնը կարծում է, որ թաթարները խառը տեսակ են, որոնք վերցրել են հարևան ժողովուրդների, մասնավորապես վրացիների և հայերի հատկանիշները:
Ռուս գիտնական-աշխարհագրագետ Աֆանասի Շչեկատովը, որը նույն ժամանակահատվածում եղել է Կովկասում, նույնպես բավականին հետաքրքիր աշխատություն է պատրաստել՝ Ռուսական պետության աշխարհագրական բառարան, որը լույս է տեսել XIX դարի սկզբին: Արևելյան Կովկասի ժողովուրդներին թվարկելով՝ Շչեկատովը նույնպես հիշատակում է թաթարներին, որոնց բաժանում է հետևյալ խմբերի՝ կումիկներ, նոգայցիներ և թրուխմենցիներ կամ թուրքոմանյան թաթարներ:
Տարածաշրջանը Ռուսական կայրությանը միացնելուց հետո Ռուսաստանում Անդրկովկասի թյուրք/թաթարերեն լեզվի կրողներին սկսեցին անվանել թաթարներ: Ընդ որում՝ Պարսկաստանում դա տեղի չունեցավ, և այնտեղ նրանք մնացին իրենց նախկին կարգավիճակով: Աստիճանաբար ընդունելով ռուսական ստուգաբանությունը՝ Անդրկովկասի թյուրքերին սկսեցին թաթարներ անվանել նաև այլ երկրներում:
Չնայած սկզբնական շրջանում դրա հետ ոչ բոլորն էին համաձայն: Այսպես՝ 1836 թվականի «Կովկասից անդին ռուսական կալվածքների ակնարկ՝ վիճակագրական, աշխարհագրական, տեղագրական և ֆինանսական հարաբերություններում» անվանումով փաստաթղթում նշված է հետևյալը. «Այստեղ անհնար է չբերել չափազանց կարևոր նկատառումներ, որ չնայած թաթարների և մոնղոլների գերազանցությանը, որոնք իրենց տեսակն են դրել այնտեղի բոլոր մուսուլմանների վրա, չեն հանդիպում թաթարների կամ մոնղոլների անվանումներ, չնայած ռուսներն ընդհանրապես նրանց թաթարներ են անվանում»: Այնուհետև հենց այնտեղ էլ նշվում է, որ Շիրվանում գերակայող լեզուն թուրքոմաներենն է, որն ընդհանրապես օգտագործվում է Ադերբաեջանում (Անդրկովկասին հարևան նահանգ Պարսկաստանում – Դ.Բ.) և մեզ մոտ անվանվում է սովորական թաթարական: Այն թուրքերենին այնքան է նման, որ երկու ժողովուրդները կարող են միմյանց հասկանալ: Փաստաթղթում նշվում է նաև. «Հարկ է նկատել, որ Անդրկովկասում համընդհանուր ընդունված այնտեղի մուսուլմաններին թաթարներ անվանելը հիմնազուրկ է, քանի որ նրանց լեզուն չափազանց տարբերվում է թաթարերենից, չնայած, այնուամենայնիվ, դրանք մեկ արմատ ունեն՝ չագաթյան լեզուն»:
Գործնականում նույն ոգով են եղել նաև ռուս թուրքագետ և արևելագետ Իլյա Նիկոլաևիչ Բերյոզինի 1824-1856 թվականներին արևելյան երկրներով կատարած ճանապարհորդության արդյունքներով հրապարակված տվյալները: Մի շարք հետազոտողների կարծիքով՝ սա Արևելքի երկրներով առաջին զուտ գիտական ճանապարհորդությունն էր: Այսպես, Բաքվի լեզուներն ուսումնասիրելով՝ Բերյոզինը նշել է, որ այստեղ խոսել են թյուրքերեն և թաթերեն պարսկերեն բարբառներով, իսկ տեղական թյուրքերեն բարբառը նա որակել է որպես Դերբենթի բարբառից Ադերբիջանի բարբառին անցում: