Պետրոս ԱՆԱՆԻԿՅԱՆ. ՊԵՏՔ ՉԷ ՎԱԽԵՆԱԼ ՆԱԽԱՐԱՐ ՓՈԽԵԼՈՒՑ, ՆԱԽԱՐԱՐԻՆ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ ԱՅՆՔԱՆ, ՄԻՆՉԵՎ ՆՈՐՄԱԼ ՄԱՍՆԱԳԵՏ ԳԱ

Մեր առողջապահության նախարարությունն այս ամիսների ընթացքում ամեն ինչ արեց, որպեսզի երկարաձգի կորոնովիրուսի համավարակի ընթացքը և մաքսիմալ հեռացնի կորության թեքումը դեպի ուղիղը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռազմավարական բարեփոխումների ազգային խորհրդի համահիմնադիր Պետրոս Անանիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում կորոնավիրուսի դեմ պայքարը։

Պրոֆեսորի դիտարկմամբ՝ կորոնավիրուսով վարակվածների այն քանակն ունենք, որոնք առաջացնում են հակամարմիններ, բայց կարճատև։

«Եթե մենք կարողանայինք տոտալ թեստավորում անել, ինչի մասին ես դեռ մարտի վերջին էի ասում, երևի այս պատկերը կունենայինք երկու ամիս առաջ և էլի կարող էինք ասել, որ մեր լավացածների քանակը ավելի շատ է, քան հիվանդներինը։ Հետո մի մոռացեք, որ ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն՝ News.am) տվյալներով, կորոնավիրուսով հիվանդների 80 տոկոսը առանց սիպտոմի է, և այդ մարդիկ ոտքի վրա են անցկացնում, չիմանալով նույնիսկ՝ հիվա՞նդ են, թե՞ ոչ։ Իսկ քանի որ թեստավորում են այն մարդկանց, որոնք ախտանշաններ ունեն, դա խոսում է այն մասին, որ հավանական է մենք մեծ քանակի հիվանդացած-լավացածներ ունենք»,- ընդգծեց բժշկական գիտությունների դոկտորը։

Ըստ նրա՝ այսօր պոլիկլինիկաները խայտառակ վիճակում են, քանի որ դրանք հանդիսանում են կորոնավիրուսի տարածման օջախներից մեկը։

Պետրոս Անանիկյանը բավարար չի համարում առողջապահության նախարարության աշխատանքը։ Նա համեմատություն է անում և ընդգծում՝ աշխատանքի արդյունքը պետք է տեսանելի լինի։

«Եթե արհեստավորը 4 ամսում չի կարողանում աթոռ սարքել, էլ ի՞նչ արհեստավոր։ Ո՞նց կարելի է գոհ լինել նրա աշխատանքից։ Ամեն ինչի արդյունքը պետք է երևա իր դրական ընթացքով, մենք ոչ մի դրական ընթացք չենք տեսնում բացի այն, որ միակ երկիրն ենք, որտեղ արտակարգ իրավիճակը 5 ամիս շարունակվում է։ Բացի դրանից ինձ համար անհասկանալի է, որ պարետի կամ առողջապահության նախարարի կողքին համաճարակաբան չկա։ Այնպիսի օրենքներ են հանում, որոնք հակասում են բժշկական օրենքներին»,- ասաց Պետրոս Անանիկյանը՝ օրինակ բերելով պարետի այն որոշումը, որ մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց հնարավորություն է տրվում հանրային բաց տարածքներում դիմակ չկրել, եթե վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդությունը վկայող փաստաթուղթ։

«Այդ մարդիկ ամենախոցելին են։ Ես համարում եմ, որ ընդհանրապես պետք է արգելվեր այդ մարդկանց տնից դուրս գալ։ Եվ այդ մարդկանց ընտանիքի անդամներին պարտադրել շատ զգույշ լինել և հետևել նրանց։ Նման մարդիկ այդքան էլ շատ չեն։ Հիմա այդ մարդիկ պետք է փողոց դուրս գան, նաև պետք է թուղթ բերեն բժշկից։ Թուղթը պետք է լինի պոլիկլինիկայից, հիվանդանոցներում թուղթ չեն տալիս, այնտեղ էպիկրիզ են տալիս։ Պետք է գնան պոլիկլինիկա այդ թուղթը ստանալու, առանց այդ էլ պոլիկլինիկաները գերծանրաբեռնված են, իսկ ադ մարդիկ գնալով պոլիկլինիկա, բավականին մեծ տոկոսային հարաբերությունով կարող են վարակվել, իսկ նրանց վարակումը բերելու է ծանր ընթացքի, ինչի պատճառով կարող են լինել նաև մահվան դեպքեր։ Այսինքն՝ այս օրենքը բժշկական տեսանկյունից ոչ մի կերպ հիմնավորված չէր, էլ չեմ ասում, որ ոստիկանը ո՞նց կարող է ստուգել՝ դա ճի՞շտ թուղթ է, թե՞ չէ։ Այսօր կարող են համակարգչի միջոցով ամեն ինչն էլ նկարել, ո՞նց են ստուգելու։ Սա աբսուրդ է, չի կարելի»,- շեշտեց նա։

Պետրոս Անանիկյանը անհիմն է համարում դիմակ կրելու պարտադրանքը։ Նա շեշտում է, որ սովորական բժշկական դիմակների անցքերն ավելի մեծ են, քան վիրուսի տրամագծերը։

«Ես հիշում եմ, որ Չինաստանից մասնագետները գնացել էին Ռուսաստան խորհուրդներ տալու, առաջին հերթին նա դիմակը հանեց և ցույց տվեց, որ երկու դիմակ է հագել։ Ասում էր՝ սա գոնե էլի ինչ-որ ձևով պահում է։ Կան հատուկ դիմակներ, որոնք ավելի պաշտպանիչ են, բայց դրանց գինը 800-ից 1500 դրամ է։ Կառավարությունը եթե կարողանար իրեն թույլ տար այդ դիմակներից բոլորի համար գնել, դա երևի ավելի օգուտ կլիներ»,- նկատում է նա։

Պետրոս Անանիկյանը նկատել է նաև, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում հսկողությունն ավելի ուժեղ է, քան ծայրամասերում։

«Երևանի կենտրոնական մասում ոստիկանությունը ամեն քայլափոխի կա, բոլորին ստիպում են դիմակ հագնել, տուգանում են։ Ես մի քանի անգամ տեսել եմ, որ տուգանում են միայնակ կանանց, մեծահասակներին, մենակ քայլող մարդկանց, իսկ եթե երիտասարդ խմբեր են, նրանց ոստիկանությունը չի մոտենում, երևի այստեղ խնդիրներ ունեն»,- պատմեց պարոն Անանիկյանը, ապա հավելեց

«Երկու խոսք ավելացնեմ, չնայած, դա մեր թեմային չի առնչվում, բայց ստացվում է, որ Կենտրոնի բանկչության վրա ինչ-որ վենդետա է իրականացվում, և՛ դիմակները, և՛ գույքահարկը, և՛ կոմունալ ծախսերը։ Իսկ եթե գնաք Զեյթուն, Շենգավիթ, Դավիթաշեն, Նորքի զանգվածներ, մեծամասնությունն առանց դիմակի է ման գալիս, իսկ եթե մտնեք որևէ բակ, դուք կտեսնեք տասնյակ մարդկանց առանց դիմակների, նարդի են խաղում, երեխաները վազվզում են, մարդիկ բացօթյա տարածքում շնչում են, ճի՛շտ են անում, և ես չեմ ասի, որ իրենց մոտ շատացել է կորոնավիրուսը, այսինքն՝ եթե դիմակն օգուտ տար և անհրաժշետ լիներ, մենք հիմա պետք է ունենայինք խայտառակ ձևի տարածված համաճարակ Հայաստանով մեկ, մենք դա չունենք, այսինքն՝ կորոնավիրուսն ունի իր տոկոսը, և դիմակը դրանից չի փրկում»,- ընդգծեց նա, հավելելով, որ օրինակ՝ խանութում դիմակ կրելը ճիշտ է։

Բժշկական գիտությունների դոկտորն անդրադարձավ նաև այն օրինագծին, որով առաջարկվում էր արտակարգ դրության ժամանակ բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը կազմակերպող բոլոր բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն առողջապահության նախարարարությանը փոխանցելուն։

«Մեր նախարարը չգիտես ինչու ուզում է, որ մասնավոր հիվանդանոցներն էլ իրեն ենթարկվեն։ Առանց այդ էլ յուրաքանչյուր բուժհաստատություն պարտավոր է կատարել նախարարի հրամաններն ու որոշումները։ Այսինքն՝ այդ տեսակետից ոչ մի խնդիր չկա, միակ խնդիրն է, որ նա ուզում է իր ներկայացուցիչներին նշանակել ղեկավարներ։ Չեմ ուզում խորանալ այդ պատճառների մեջ, թող ամեն մեկը հասկանա, ինչպես ուզում է»,- ընդգծեց նա, ապա անդրադարձավ օրինագծով նախատեսվող տուգանքներին։

«Բոլոր երկրներում աշխատում են իրենց բժիշկների համար մաքսիմալ կոմֆորտ վիճակ ստեղծել, որոնք անձնազոհ պայքարում են կորոնավիրուսի դեմ, իսկ մեր նախարարը ենթադրելով, որ ինչ-որ մի բժիշկ կարող է հանկարծ ինչ-որ հարցում չլսել, 300000-անոց տուգանք է նախատեսում, հարց է ծագում՝ էդ որ բժշկին ես 300000 դրամ աշխատավարձ տալիս, որ էդպիսի տուգանքներ ես ուզում գրել։ Պարզ է՝ իր միլիոններով ստացած պարգևավճարներից ինքը կարող է մուծել, իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի ինքը օրական 300000 մուծի իր անմասնագիտական ղեկավարման համար»։

Պետրոս Անանիկյանն այնքան էլ համաձայն չէ, որ առողջապահական համակարգը փոքր է և չի կարող դիմադրել վարակին։ Ըստ նրա՝ մենք հնարավորություն ունեինք և պետք է պատրաստ լինեինք տնային պայմաններում բուժել վարակակիրներին։

«Մենք պետք է պատրաստեինք մեծ թվով մասնագետներ, որոնք կարողանային տնային ամբուլատոր պայմաններում այդ հիվանդներին բուժել, որովհետև մենք կարող ենք ասել, որ եթե մենք ռեալ մոտենանք, հիվանդանոցային բուժման կարիք ունի հիվանդների մոտ 5%, ինչը մեծ չէ»,- ընդգծեց նա՝ պարզբանելով, որ դա կազմակերպական խնդիր է։

«Պատերազմական վիճակում, որի հետ հիմա համեմատում են կորոնավիրուսը, ոչ ոք հրամանատարին թույլ չի տալիս երկարատև սխալներ կատարել։ Եթե հրամանատարը վատն է, կամ նա իր ջոկատը մահվան է տանում, իրեն ժամանակին փոխում են։ Պետք չէ վախենալ նախարար փոխելուց, պետք է նախարարին փոխել և փոխել այնքան, մինչև գա նորմալ մասնագետ, որը բավականին արագ կկարողանա այդ ամեն ինչը կարգավորել։ Այստեղ մի խնդիր էլ կա, որ նրան կառավարությունը պետք է աջակցի ամեն հնարավոր ձևով, և ոչ թե այսպես անմիտ որոշումներով, այլ ռեալ, որ պետք են այսքան թեստեր, այսքան ֆինանս և այլն։ Էլ չեմ ասում այն մասին, որ հարց տվեցին, ասացին՝ ինչո՞ւ եք ստիպում, որ հիվանդացած, լավացած մարդիկ էլ դիմակ հագնեն, ասում է՝ իմունիտետը լավ չի զարգանում։ Կներեք, էլ ի՞նչ վակցինացիայի մասին է խոսքը։ Դա նույնպես բժշկական անգրագիտությունն է։ Ճիշտ է՝ ասում են, որ հիմա կան ինչ-որ վակցինաներ, որ իրենք են մտնում օրգանիզմի մեջ, գենետիկ ֆոնը փոխում և արտադրում, բայց դրանք փորձված բաներ չեն, մենք այն ազգը չենք, որն իրավունք ունի փորձադաշտ դառնալու որևէ վակցինայի համար»,- ընդգծեց նա։

Մեր հարցին, թե կորոնավիրուսի դեմ պայքարում լավագույն տարբերակը մեծ քանակով թեստավորում անե՞լն է, պարոն Անանիկյանն ասաց, որ կան տարբեր թեստեր, որոնցից ոչ բոլորն են ճիշտ։ Այնուամենայնիվ, լայնածավալ թեստավորում անելն ըստ նրա՝ ճիշտ կլիներ։

«Չնայած այսօր ունենք շատ դեպքեր, երբ բժիշկներն ասում են, որ թեստերն իրենց համար ոչ մի որոշիչ նշանակություն չունեն, և պետք է անպայման թոքերի KT հետազոտություն անել։ Օրինակ՝ Ֆրանսիայում, պարզվեց, որ այնտեղ կորոնավիրուսը հոկտեմբերից կա, այնպես որ դա էլ մի քիչ հարաբերական է։ Ես համարում եմ, որ խնդրին պետք էր մոտենալ համաճարակային օրենքների համաձայն, որոնք տարիներ շարունակ նշված են դասագրքերում և դրանից ելնելով պայքարել։ Դա ավելի արդյունավետ կլիներ»,- ընդգծեց նա։

Դրանցից մի քանիսը նշելու՝ մեր խնդրանքին ի պատասխան, պարոն Անանիկյանը ընդգծեց, որ ինքը համաճարակաբան չէ։

«Ես համարում եմ, որ դրանով պետք է զբաղվեն մասնագետները, որոնք դժբախտաբար լռում են, կամ էլ նամակներ են գրում նախարարությանը, բայց լսողն ո՞վ է»,- ասաց նա։

Պետրոս Անանիկյանը նաև դիմեց կառավարությանը

«Սիրե՛ք ձեր ժողովրդին, խղճացեք, մենք այն ազգը չենք, որ կարող է դիմանալ այս ամենին։ Չի կարելի մեզ այսքան ճնշել, վախեցնել, և ամեն ինչում մեղադրել ժողովրդին։ Համավարակը չի վերջանում՝ ժողովուրդն է մեղավոր, դա շատ սխալ մոտեցում է»։

News.am