ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴՆԵՐԸ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՎԵՐՋԱԿԵՏԵՐ ԴՆԵԼ

Օրերս Lydian Armenia ընկերության մի քանի աշխատակիցներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց, որպեսզի 1200 մարդու անունից նամակ հանձնեին վարչապետին՝ պահանջելով վերականգնել աշխատանքի իրենց իրավունքը: Ակցիան կարծես թե սովորական էր, այն առանձնապես չէր տարբերվում բողոքի տասնյակ այլ միջոցառումներից, երբ մարդիկ այս կամ այն պահանջն են ներկայացնում կառավարությանը։ Սակայն իրավիճակն այնուամենայնիվ եզակի է նրանով, որ կառավարությունից պահանջվում է ընդամենը վերջակետ դնել ձեռնարկության շուրջ ծավալված էպոպեային։ Որոշում կայացնել, ինչպես ասում են՝ կա՛մ դես, կա՛մ դեն։ Որոշում, որին մարդիկ սպասում են արդեն երկու տարի շարունակ։

Առհասարակ LYDIAN ARMENIA-ի հետ կապված պատմությունը կարելի է համարել գործող իշխանության այցեքարտը, կառավարության նույնիսկ ոչ թե արդյունավետության, այլ սկզբունքորեն նրա գործունակության պատկերը: Իշխանափոխության առաջին իսկ օրերից խնդիրը դարձավ կոնկրետ լուծումներ փնտրելու և գտնելու ունակության յուրօրինակ տեստ։ Լուծումներ, որոնք գուցեև նույնիսկ սխալ կլինեն, բայց գոնե ինչ-որ որոշակիություն կմտցնեն, մի կողմից՝ ձեռնարկության ու նրա աշխատակիցների, մյուս կողմից՝ բնապահպանների ճակատագրում։ Եվ ընդհանուր առմամբ այստեղ ամենևին էլ կարևոր չէ, թե ով, ինչ ուժեր են կանգնած է կողմերից յուրաքանչյուրի հետևում, ում և ինչ շահեր են այստեղ բախվում։ Կարևորն արդեն միայն մեկ բան է. երկրի հազարավոր քաղաքացիների կառավարությունը երկու տարի շարունակ պատանդ է պահում Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցում տիրող անորոշությանը: Չէ՞ որ նույնիսկ վատթարագույն որոշումն ավելի լավ է, քան որևէ որոշման բացակայությունը։ Ի վերջո, ձեռնարկության աշխատակիցները, իմանալով, որ դա (ձեռնարկությունը) չի գործելու, կգնային այլ աշխատանք, եկամտի այլ աղբյուր փնտրելու: Բայց ողջ դժբախտությունն այն է, որ նրանք նույնիսկ դա չեն կարող անել, քանի որ կառավարությունը չի կարողանում կողմնորոշվել՝ գործելու է արդյոք ձեռնարկությունը, թե ոչ:

Պետք է նշել, որ որոշում կայացնելու և այդ որոշման կատարումն ապահովելու կառավարության անկարողությունն իր գինն ունի։ Տվյալ դեպքում խոսքը դրամական արտահայտություն ունեցող գնի մասին է։ Նախևառաջ նշենք, որ ձեռնարկությունում ներդրվել է մի քանի հարյուր միլիոն դոլար, և ներդրողները վաղ թե ուշ փոխհատուցում կպահանջեն Հայաստանի կառավարությունից՝ հարկադրված պարապուրդի երկու տարիների համար։ Կպահանջեն դատական կարգով և, ամենայն հավանականությամբ, դատարանը (միջազգային արբիտրաժը) կբավարարի այդ պահանջը։ Բացի այդ, ձեռնարկության մի խումբ նախկին աշխատակիցներ արդեն դատական հայց են ներկայացրել ՀՀ ոստիկանության դեմ՝ պահանջելով անիրավաչափ ճանաչել նրա (ոստիկանության) անգործությունը։ Վերջերս մամլո ասուլիսի ժամանակ նրանք (նախկին աշխատակիցները) հայտնեցին, որ հայցին կմիանա ևս 300 մարդ, և եթե դատարանը բավարարի հայցը, ապա ի հայտ կգա չվճարված աշխատավարձերի փոխհատուցման հարցը։ Իսկ դրանք միլիոնավոր դոլարներ են։

Ամեն դեպքում Ամուլսարի էպոպեան, որը ձգվում է արդեն երկու տարի, կարող է տասնյակ միլիոնավոր դոլարներ նստել բյուջեի վրա։ Բայց դա պետության կրած վնասի լոկ մի մասն է։ Բացի այդ, նախ՝ պետք է հաշվի առնել, թե երկու տարվա ընթացքում ինչպես է անդրադարձել ողջ այս պատմությունը երկրի ներդրումային գրավչության վրա։ Պարզ է, որ հավանական ներդրողները, նայելով ձեռնարկության շուրջ տեղի ունեցող ամենին, դադարել են մտածել անգամ Հայաստանում ներդրումների հեռանկարների մասին։ Երկրորդ, պետք է հաշվի առնել, թե որքան հարկ չի ստացել գանձարանը ձեռնարկության պարապուրդի պատճառով։ Գումարած, իհարկե, խնդրի սոցիալական տեսանկյունը, առանցքայիններից մեկը։ Եվ այստեղ նույնպես համատարած կորուստներ են. աշխատատեղերի կորուստ, բնակչության եկամուտների կորուստ։

Անգործությունը, թերևս, այս կառավարության տարբերիչ առանձնահատկությունն է։ Բազմաթիվ առանցքային հարցեր պարզապես թողնված են ինքնահոսի։ Իսկ չէ՞ որ, ինչպես ասում են, ճգնաժամի մեջ ենք։ Եվ այս պայմաններում կառավարության իներտությունն ուղղակի կործանարար է երկրի համար։ Քանզի խնդիրները գնալով ավելի են շատանում, իսկ կառավարությունն ի վիճակի չէ վերջակետեր դնել։ Համապատասխանաբար, դրանք խորանում ու աճում են ձնահյուսի պես, իսկ պետությունն ու հասարակությունը՝ դառնում կառավարության անգործության պատանդը…

Основная тема:
Теги: