ՍՊԻՏԱԿ ԵՎ ԲԵՅՐՈՒԹ. ԱՂԵՏԻ ԵՐԿՈՒ ԳՈՏԻ՝ ՄԵԿ ՃԱԿԱՏԱԳԻ՞Ր

Անբաժան զուգահեռներ Հայաստանում և Լիբանանում տեղի ունեցած աղետների միջև

«Դու ինչ է, մտադիր ես մեկնել Բեյրո՞ւթ». Հոլիվուդյան այս հանրահայտ հումորային կաղապարը, որպես կանոն, ուղղված էր բազմազան հանդերձավորմամբ գերբեռնված, իսկ երբեմն էլ նաև զինված ամերիկացիներին, որոնք ընդամենը պատրաստվում էին որսի գնալ, մեկնել քաղաքից դուրս կամ մանր քրեական հաշվեպարզումի։

Արդեն տասնամյակներ շարունակ բազմաչարչար, հակասություններից ծվատվող Լիբանանի մայրաքաղաքը դարձել է տարբեր ուժերի անհաշտ հակամարտության, քաղաքացիական պատերազմների և ահաբեկչության, մի խոսքով՝ թեժ և ծայրաստիճան անկայուն կետի խորհրդանիշը երկրագնդի վրա: Այսօր դրանց գումարվել են տնտեսական խնդիրները, գործադուլներն ու գործազրկությունը, քաղաքացիական բախումները՝ ճանապարհների արգելափակումով ու հրաձգությամբ, ընդ որում է՛լ ավելի ծանրացած COVID-19-ի համաճարակի մոլեգնությամբ։ Եվ ահա օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտում Բեյրութի ծովային նավահանգստում։ Բեյրութը հայտարարված է աղետի գոտի։ Զգացողական հիշողության մեջ անմիջապես հառնեց աղետի մեկ այլ գոտու՝ մեր Սպիտակի երկրաշարժի արդյունքում տեղի ունեցածի պատկերը…

Իհարկե, ողբերգության մասշտաբներով Բեյրութն ու Սպիտակը անհամեմատելի են, բայց եթե ելնենք մեր անցանկալի, բայց հարկադիր ձեռք բերած փորձից, Լիբանանի մայրաքաղաքը դատապարտված է վերականգնման ծանր ու քրտնաջան գործընթացի տարիների, եթե ոչ տասնամյակների։ Ընդհանուր վնասը Լիբանանի իշխանությունները գնահատում են 3-5 մլրդ դոլար (այլ գնահատականներով՝ մինչև 15 մլրդ դոլար), իսկ դա երկրի ՀՆԱ-ի գրեթե 10%-ն է: Մայրաքաղաքի նահանգապետ Մարվան Աբբուդի խոսքերով՝ պայթյունից այս կամ այն չափով վնասվել է քաղաքի կեսը (մեր կողմից նշենք, որ հիմնովին ավերված է երկրի կարևորագույն նավահանգստային ենթակառուցվածքը, որն ընդունում էր ներկրվող ապրանքների, այդ թվում շինանյութերի զգալի մասը), ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթևան, իսկ քաղաքը, ինչպես ժամանակին Սպիտակը կամ Գյումրին, ասես մարտական գործողությունների գոտի լինի: Բեյրութը հայտարարվել է աղետի շրջան, սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ, և իշխանություններն այսօր լուծում են բնակչության կենսական խնդիրները՝ տուժածներին սնունդ և գոնե ինչ-որ ժամանակավոր ապաստան տրամադրելու հետ կապված:

Մեր փորձով կարող ենք կանխատեսել տվյալ դեպքում այն ձևակերպման ընդունելիությունը, որն ասում է, թե «չկա աշխարհում ավելի մշտական բան, քան ժամանակավորը», քանզի Հայաստանում առ այսօր, երկրաշարժից 32 տարի անց, մի քանի հազար ընտանիք դեռևս ապրում է պիտանիության բոլոր ժամկետները սպառած «տնակներում»։ Ի դեպ, Բեյրութում ավերածությունները է՛լ ավելի զգալի կլինեին,եթե չլիներ հարվածային ալիքի մի մասն իր վրա վերցրած և դրա հետևանքով ամբողջությամբ ավերված հացահատիկային խոշոր էլեվատորի բազմահարկ շենքը։ Արդյունքում ցորենի մոխրացած ռազմավարական պաշարը պայմանավորեց ևս մեկ լուրջ ռիսկ. իշխանությունները հայտարարել են պարենի հնարավոր անբավարարության մասին, քանի որ առանց այդ էլ տնտեսական խոր ճգնաժամ ապրող երկրում մնացել է ընդամենը մեկ ամսվա հացահատիկ:

Հայաստանի համար Լիբանանի վիշտը կրկնակի հասկանալի է. չէ՞ որ այդ երկրում ապրում է ընդարձակ հայ համայնք, որը տասնամյակներ շարունակ կառուցել է իր ազգային, կուսակցական, բարեգործական, կրոնական, կրթական, մշակութային և մարզական կառույցները, որոնք զգալի վնաս են կրել պայթյունի հետևանքով: Բացի այդ, մեր հայրենակիցներից շատերը մնացել են անօթևան, նրանցից 11-ը, ըստ վերջին տվյալների, զոհվել են, ևս 250-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Ամենամեծ վնասը կրել հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը։ Լիբանանի ՀՅԴ ԿԿ անդամ Հակոբ Հավաթյանի խոսքերով՝ նյութական վնասն աննախադեպ է։

Այն, որ Բուրջ Համուդը և ընդհանրապես Լիբանանի մայրաքաղաքը կստանան համաշխարհային, այդ թվում՝ համահայկական համակողմանի աջակցություն, կասկածից վեր է։ Մինչ վարչապետ Փաշինյանը իր մամուլի խոսնակի շուրթերով բավականին զավեշտալի կերպով փորձում էր պարզաբանել, որ Հայաստանից մարդասիրական օգնությամբ ինքնաթիռը կմեկնի միայն օգոստոսի 8-ին, այսինքն աղետից չորս օր անց (մինչդեռ նման դեպքերում թանկ է գրեթե ամեն րոպեն) քանի որ պետք է, իբր, սպասել տուժածների «կարիքների գնահատմանը» (հավանաբար Փաշինյանի աշխատակազմի համար իսկապես յոթ փակի տակ պահվող գաղտնիք են նման իրավիճակներում անհրաժեշտ ապրանքները), արդեն Բեյրութ էին թռչում մարդասիրական բեռով ինքնաթիռներ, բժիշկներ ու փրկարարներ Ֆրանսիայից և Ռուսաստանից, իսկ բազմաթիվ այլ երկրներ հապշտապ պատրաստում էին համանման առաքելություններ։ Դեռ լավ է, որ, ինչպես միշտ (օրինակ, «հայկական ծիրան» գործողության ժամանակ, երբ կառավարությունը կրկին անտեսեց խնդիրը), չհիասթափեցրին և օպերատիվ օգնություն ցուցաբերեցին հայ մեծահարուստներն ու մեկենասները. մասնավորապես՝ Սամվել Կարապետյանի «Տաշիր» հիմնադրամը 200 հազար դոլար է հատկացրել Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու վերականգնման համար, ևս 10.000-ական դոլար նրանից կստանան պայթյունից զոհվածների ընտանիքները՝ առանց բացառության, իսկ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը տուժածներին կուղարկի 100 մլն դրամ, այսինքն՝ նույնպես մոտ 200 հազար դոլար։

Մեզ նույնպես ժամանակին թվում էր, թե ընդգրկված լինելով հսկայական կայսրության կազմում և ընդ որում բազմազան օգնություն ստանալով գրեթե ողջ աշխարհից, տարերքի հետևանքները կարելի կլինի հաղթահարել երկու-երեք տարվա ընթացքում։ Չէ՞ որ ով ասես ու ինչ ասես, որ չէր կառուցում Սպիտակի երկրաշարժի աղետի գոտում։ Ողջ աշխարհն այն ժամանակ օգնության հասավ մեզ, և այդպես էլ մնաց՝ մինչ օրս կանգնած «իտալական ավանի», «ուկրաինական թաղամասի», «ֆրանսիական և չեխական դպրոցների», «նորվեգական ու ավստրիական հիվանդանոցների», «ֆիննական պոլիկլինիկայի», «ռուսական, ուզբեկական և էստոնական բնակելի թաղամասերի» տեսքով։

Սպիտակի երկրաշարժի գոտում կարճ ժամանակաՀԱՏՎԱԾում հզորագույն շինարարական բազա կենտրոնացվեց ողջ Խորհրդային Միությունից. ո՛չ շինանյութի, ո՛չ էլ կադրերի պակաս չենք չունեինք։ Այդուհանդերձ Միության փլուզմանը նախորդած 3 տարիների ընթացքում գոտին վերականգնվեց հազիվ 10-15%-ով, չենք խոսում արդեն հետագա տեմպերի մասին։ Վախենամ, որ Բեյրութի պարագայում նույնպես, որը չունի անվերջանալի ռեսուրսներով հսկայական երկրի կազմում ընդգրկվածության առավելությունները, պետությունը ստիպված է լինելու բախվել ավերվածի վերականգնման ծանր ու երկարատև ժամանակահատվածի, և կյանքն այնտեղ դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինի անվանել նորմալ։ Այս առնչությամբ միանգամայն տրամաբանական է թվում նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի առաջարկը՝ շտապ նախապատրաստելու ժամանակավոր կացարաններ և հյուրանոցային դատարկ համարներ, պատմական հայրենիք տեղափոխվել ցանկացողներին ընդունելու համար:

Բեյրութի պարագայում իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ այդ երկրի ազգային արդյունաբերությունն աննշան է, և շատ բան էր ներկրվում ներկայումս ավերված ծովային նավահանգստի միջոցով։ Այսպիսով, բնակարանների անմիջական վերականգնման (կանգուն մնացած շենքերի ամրացում և նորերի կառուցում, ընդ որում առաջինը շատ ավելի էժան է նստում, քան դրանց քանդումը, փլատակների հետագա մաքրումն ու տեղում նոր տների կառուցումը) և տնտեսական գոնե ինչ-որ ակտիվության համար երկրի իշխանություններից նախ բավականաչափ ժամանակ կպահանջվի ափամերձ տարածքի տարրական մաքրման, փլատակների դուրսբերման և նավահանգստային ենթակառուցվածքի նվազագույն կարգավորման համար, որպեսզի այն կարողանա ընդունել քաղաքի վերականգնման համար անհրաժեշտ բեռները (օդային փոխադրումները, բնականաբար, չափազանց թանկ են նստում)։

Ընդ որում, ինչպեսև Սպիտակի երկրաշարժի դեպքում, պետությունը պարտավոր կլինի բնակարաններով ապահովել պայթյունի ժամանակ դա կորցրած բոլոր անձանց, իսկ մենք հիշում ենք, որ ժամանակին մեզ մոտ բնակարանի կարիք ունեցող քաղաքացիները բաժանված էին ամբողջ 30 կատեգորիայի (փոխհատուցման կհավակնեն և՛ մասնավոր ընկերությունները, և՛ գրասենյակներն ու կազմակերպությունները, որոնց սեփականությունը քանդվել է, ինչը չկար խորհրդային սոցիալիստական Հայաստանում)։ Լիբանանում արդեն կարծիքներ են հնչում, որ «միակ լուծումը ԱՄՀ-ի հետ համագործակցությունն է», իսկ դա, ինչպես մենք գիտենք, գործնականում նշանակում է երկրի բազմամյա պարտքային գերկախվածություն, ինչն ուղեկցվում է այդ միջազգային դոնորական կազմակերպության տարբեր և բնավ ոչ միշտ ազգային շահերից բխող պահանջներով։

Основная тема:
Теги: