ՄԱՐԴԻԿ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ, ԿԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ, ԻՍԿ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԳԻՍՏ ԵՆ ՎԱՅԵԼՈՒՄ

Պատերազմի ժամանակ դասալիքների հետ խոսակցությունը կարճ է…

ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում: Կարո՞ղ է արդյոք սահմանադրական կարգին սպառնացող վտանգի պայմաններում արձակուրդ գնալ մայրաքաղաքի քաղաքապետը։

Կարո՞ղ է արդյոք վարչապետն ընտանյոք հանդերձ հանգստանալ Սեվանում, երբ երկրի սահմանների մոտ ընթանում են հակառակորդի լայնածավալ զորավարժություններ, և կա մեր տարածք ներխուժելու վտանգ: Մենք պետություն ենք, թե՞ լոկ դրա պես մի բան։ Ընդ որում եթե վարչապետը հանգստանում է, այսպես ասած՝ չկտրվելով արտադրությունից, ապա քաղաքապետին արդեն օրը ցերեկով մոմով են փնտրում, նրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ…

Ինչպե՞ս կարող է քաղաքապետը գնալ արձակուրդ, երբ կորոնավիրուսի տարածման պայմաններում ամեն օր հողին ենք հանձնում 10-ական մարդու և ուրախանում, եթե մահացածների թիվը մեկ օրում կրճատվում է մինչև 5-ի: Ինչպե՞ս կարող է քաղաքապետը հանգստանալ, երբ քաղաքը թաղված է աղբի մեջ՝ Սարյանի պուրակից մինչև ծայրամասեր։ Ընդ որում, բարեկարգման աշխատանքներ չգիտես ինչու տարվում են հենց Սարյանի արձանի հարակից պուրակում, որպեսզի քաղաքացիները կարծեն, թե քաղաքային իշխանությունն աշխատում է ամենուրեք։ Համատարած աչքակապությո՛ւն։

Սանիտարական աշխատանքներ, բազմաբնակարան շենքերի մուտքերի ախտահանում, հասարակական տրանսպորտի սրահների և կանգառների ախտահանում կատարվում է խիստ անկանոն կամ չի կատարվում ընդհանրապես։ Սկզբում տեսախցիկների առաջ ցուցադրաբար ախտահանում էին տրանսպորտի կանգառները։ Հետո քաղաքապետարանը դադարեցրեց այդ աշխատանքները, իսկ փողոցների ախտահանումը սկսեց ֆինանսավորել Գագիկ Ծառուկյանը: Օգոստոսին Երևանը կարող է վերջնականապես վերածվել աղբանոցի, որտեղ թափառում են փողոցային շների ոհմակներ, իսկ քաղաքապետը գնացել է արձակուրդ, «հոգնատանջ է եղել» աշխատանքից... Իրականում Մարությանը դադարել է կատարել քաղաքապետի պարտականությունները արտակարգ դրություն մտցնելուց անմիջապես հետո։ ԶԼՄ-ներում պարբերաբար հաղորդագրություններ էին հայտնվում այն մասին, որ նա հազվադեպ է այցելում ծառայողական աշխատասենյակ, ոչ մեկի հետ չի շփվում, իսկ փաստաթղթերը նրան տալիս են դռան տակից։ Հետո սկսեցին խոսակցություններ շրջել, որ Մարությանի կինը չի թողնում նրան աշխատանքի գնալ, որ չվարակվի ու չվարակի երեխաներին…

Բացառված չէ, որ քաղաքապետն արձակուրդ է գնացել օրինական հիմունքներով, բայց կա հարցի նաև բարոյահոգեբանական կողմը։ Թե՞ նրա պարտականությունների մեջ է մտնում միայն պարգևավճարներ բաժանելը։ Մարությանին պետք է անհապաղ պաշտոնանկ անել՝ «արտակարգ դրության պայմաններում ցուցաբերած անվայել պահվածք» ձևակերպումով։ Երևանում նույնիսկ երեխաներն են խոսում կանացի զգեստներ հագնելու և կնոջ կեղծամներ կրելու մեծ սիրահարի ֆոբիաների ու վախերի մասին։ Քաղաքապետի արձակուրդ գնալը հենց այն ժամանակ, երբ քաղաքում մոլեգնում են կորոնավիրուսն ու հակասանիտարական վիճակը, նույնն է, թե դասալքել մարտական դիրքերը։ Իշխանությունը կառավարության ղեկավարի շուրթերով արձանագրել է, որ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, իսկ պատերազմում ՝ ինչպես պատերազմում, այսինքն՝ դասալիքների հետ խոսակցությունը կարճ է…

Հանուն արդարության նշենք, որ օգոստոսի 4-ին Մարությանը մամլո ասուլիս էր հրավիրել՝ Մաշտոցի պուրակի հետ կապված իրավիճակը պարզաբանելու և հընթացս էլ գանգատվելու համար, որ ստանում է 429 հազար դրամ աշխատավարձ։ Խեղճը հավանաբար սովամահ է լինում…

Վերավաճառողները գտան ու «համոզեցին» քաղաքապետին

Թաքնվելով բոլորից, քաղաքապետն այդուհանդերձ հասցրեց վնասել Արաբկիր համայնքին՝ արգելելով բացօթյա շուկայի գործունեությունը շաբաթ և կիրակի օրերին։ Այդ արգելքը ահռելի վնաս հասցրեց մոտ 800 մասնավոր տնտեսությունների, որոնք ավելի քան 10 տարի շարունակ հնարավորություն են ունեցել մատչելի գներով թարմ միրգ ու բանջարեղեն մատակարարել մայրաքաղաքի համայնքի բնակիչներին՝ առանց վերավաճառողների:

Շուկայում առեվտուրն ընթանում էր սանիտարական բոլոր նորմերի պահպանումով, ընդ որում բառացիորեն մի քանի քայլ հեռավորության վրա՝ Մաթեմատիկական մեքենաների նախկին ինստիտուտի (Մերգելյան) հարևանությամբ գտնվող փոստային բաժանմունքի մոտ տարիներ շարունակ գործում է շուկա, որտեղ կտորե ծածկերի տակ վաճառում են ասֆալտին դրված ապրանք՝ հիգիենայի բոլոր նորմերի խախտումով, սակայն այդ շուկան Մարությանը չարգելեց:

Հանգստյան օրերին գործող շուկայի փակումից շահեցին միայն վերավաճառողները։ Համայնքի բնակիչների կարծիքով, վերավաճառողներին հաջողվել է ոչ միայն գտնել բոլորից թաքնվող քաղաքապետին, այլև «համոզել» նրան փակել շուկան։ Ֆերմերները բողոքի ակցիա անցկացրեցին կառավարության շենքի մոտ, սակայն նրանց պահանջներին ոչ ոք չարձագանքեց։ Մարդիկ տեսախցիկների առջև բղավում էին, որ Մոսկվայում գործադրում են բոլոր ջանքերը՝ հայկական մրգերը վաճառելու համար, իսկ բուն Հայաստանի մայրաքաղաքում ֆերմերներին արգելում են առևտուր անել:

Գեներալին պաշտոնանկ արեցին, իսկ պատգամավորը պարզապես ներողություն խնդրեց

Երևանի փողոցներում ոստիկանները հետապնդում են այն մարդկանց, որոնք անփույթ են կրում դիմակը կամ փորձում այն վար քաշել՝ մի պահ շունչ առնելու համար։

Վերջերս ԶԼՄ-ներում հրապարակվեց մի լուսանկար, որտեղ ոստիկանները բերման են ենթարկում երկու դեռատի աղջիկների՝ ձեռնաշղթաներ հագցրած: Մինչդեռ ամեն օր նոր մանրամասներ են ի հայտ գալիս «Սպիտակ Շորժա» լողափին տեղի ունեցած սկանդալային երեկույթի վերաբերյալ. որոշ պարբերականներ հավաստում են, որ առանց դիմակների և սոցիալական հեռավորության պահպանման անցկացված այդ երեկույթին ներկա է եղել վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը: Գրում են նաև, որ վարչապետը տեղյակ էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից կազմակերպված լողափային երեկույթի, ինչպեսև այն մասին, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Բերդ համայնքում խնջույք է կազմակերպել 50 հոգու մասնակցությամբ։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպած միջոցառումների ցանկը (օրինակ, ոստիկանապետ Վահե Ղազարյանի խնջույքը «Ծիրանի» ռեստորանային համալիրում) բոլորի շուրթերին է։ Ինչո՞ւ է այդչափ ընտրողաբար գործում փաշինյանական կադրային քաղաքականությունը։ Ինչո՞ւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Արտակ Դավթյանն աշխատանքից հեռացվեց որդու հարսանիքի հաջորդ օրը, որը տեղի էր ունեցել իր իսկ առանձնատանը, այլ ոչ թե ռեստորանում կամ հասարակական այլ վայրում, իսկ Սարգսյանը սահմանափակվեց ներողություն խնդրելով։ Նրան նույնիսկ մանդատից չզրկեցին։

Պատգամավորը երեկույթ կազմակերպեց ողջ Հայաստանին հայտնի լողափում և ոչ մի պատիժ չկրեց, մինչդեռ գեներալին շատ ավելի փոքր զանցանքի համար հեռացրեցին պաշտոնից։ Ինչո՞վ է թելադրված այդչափ ընտրողական վերաբերմունքն իրավախախտների նկատմամբ։ Ինչո՞ւ լուսանկարի աղջիկներին ձեռնաշղթաներ հագցրեցին, իսկ լողափի երեկույթի տասնյակ մասնակիցները հանգիստ ցրվեցին իրենց տները։ Հիշեցնեմ, որ Սևանի լողափերը հեղեղված են ոստիկաններով, որոնք պահանջում են, որ մարդիկ արևայրուք ընդունեն դիմակներով։ Այդ պատճառով օրերս ընդհարում է տեղի ունեցել ոստիկանների և հանգստացողների միջև։

Այս օրերին շատերն էին հիշում, թե ինչպես Սարգսյանը անպատիժ մնաց նախագահի նստավայրում աղջիկների հետ ֆոտոսեսիայից հետո, խոսում 150 հազար դոլար արժողությամբ նրա հայտնի մեքենայի մասին, ինչպես նաև՝ հանրահայտ պապի, որն անուն էր հանել Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին... Սակայն վերադառնանք թեմային, որպեսզի ևս մեկ անգամ շեշտենք. Վարչապետն իր ընտանիքով և մայրաքաղաքի քաղաքապետը հանգստի են մեկնել արտակարգ դրության պայմաններում, երբ երկրում ամեն օր մարդիկ են մահանում, երբ թուրք-ադրբեջանական զորավարժությունները տագնապ են ներշնչում ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև դրա սահմաններից շատ հեռվում։ Իշխանության նման պահվածքը չի կարելի համարժեք համարել։

Եվ էլի մի բան. կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը լավատեսության իրական հիմքեր չի պարունակում, պարզապես սկսել են ավելի քիչ տեստավորել, և օրական 5 մահերի ցուցանիշը պահպանվեց ընդամենը մի քանի օր, որից հետո իրավիճակը կրկին վերադարձավ 10-ի նշագծին:

Տիեզերական վիշտ պատկերեց

Ընտանիքով Սևան մեկնելուց առաջ՝ Փաշինյանը լացակումած ձայնով և դեմքին տիեզերական վշտի արտահայտություն տալով հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որ ավելի քան 700 մահը հանաք բան չէ: Նա սաստիկ ջանում էր անհանգստություն ու կարեկցանք պատկերել։

Հաջորդ օրերին Նիկոլը խորոված էր անում կառավարական ամառանոցում, լողում էր Սևանում ու թքած ուներ արտակարգ դրության վրա, որում իր մեղքով հայտնվել է երկրի ողջ բնակչությունը՝ մեծից փոքր

Մինչ վարչապետն ու քաղաքապետը են վայելում են հանգիստը, մարդիկ շարունակում են մահանալ տասնյակներով, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը չի թաքցնում, որ զորավարժությունների ընթացքում իր պայմանական հակառակորդ է համարվում Հայաստանը։ Զորավարժությունները տևելու են մինչև օգոստոսի 10-ը։

Основная тема:
Теги: