HOMO SOROSIKUS-ՆԵՐԸ ԶՐԿՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ

Homo sorosikus ցեղի հայրենի ենթատեսակի ամենավառ նմուշները հարձակման են անցել իրենց կողմից երբեմնի պաշտելի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Արսեն Խառատյանը, Դանիել Իոննիսյանը, Արթուր Սաքունցը։ Այսպես ասած ՝ լավագույններից լավագույնները, հավատարիմներից հավատարիմները, նրանք, ովքեր ոչ այնքան վաղ անցյալում պատրաստ էին հանուն իրենց վարչապետի և՛ կրակը նետվել, և՛ ջուրը, և՛ շեփոր փչել։

Իսկ հիմա պատրաստ են նրան թեկուզ ողջ-ողջ տապակել, գրեթե բռնապետ են անվանում։ Այն էլ նրան, մեր ժողովրդականի՛ն... Իսկ ողջ պատճառն այն է, որ իրենց երբեմնի սիրելի վարչապետը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այն նույն Լուկաշենկոյին, որին բազմիցս դիմել է իր դիրքորոշումներին աջակցելու խնդրանքով, լինի դա գազի գնի, թե այլ հարցերում։ Դե, ախր ո՛նց չշնորհավորես։ Մանավանդ որ ո՞վ է հիշելու շնորհավորանքի մասին մեկ-երկու ամիս հետո։ Այն էլ եթե հաշվի առնենք նոր թեժ թեմաներ հրամցնելու Նիկոլի տաղանդը…

Իսկ ինչ վերաբերում է homo sorosikus-ների արդար զայրույթին... Չարժե խաբվել: Դժվար թե դա վկայում է նրանց սկզբունքայնության մասին։ Չէ՞ որ իրենց նախկին ընկերն արդեն բազմիցս ցուցաբերել է բացարձակ անսկզբունքայնության օրինակներ, շատ ավելի նշանակալի, քան Լուկաշենկոյին հղած շնորհավորանքը։ Բավական է հիշել ընդդիմադիր կարգավիճակում եղած ժամանակ վարչապետի հայտարարությունները և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ՀԱՊԿ-ի մասին, և՛ «ոչ իսկական թագավորի»՝ Հայաստանի նախագահ, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանի, և՛ «Սերժ Սարգսյանի հագով կարած» Սահմանադրության, և՛ վարչապետի լիազորությունները սահմանափակելու, ընտրությունների ու կուսակցությունների մասին նոր օրենքներ ընդունելու անհրաժեշտության, և՛ այն մասին, որ ՀՀ քաղաքացիները «տուգանքի մատերիալ չեն», և շատուշատ այլ բաների։ Ինչից այսօր մնացել են լոկ հիշողություններ, ոմանց համար՝ տխուր, ոմանց համար՝ հաճելի։ Բայց այդ հարցերի նկատմամբ նախկինում հնչեցրած իր «սկզբունքային» մոտեցումներից Փաշինյանի նահանջն առանձնապես չէր մտահոգում homo sorosikus-ներին, իսկ այ Լուկաշենկոյին շնորհավորելը խոր հիասթափություն ու անհանդուրժողականություն առաջացրեց։

Կարծում ենք, դա պատահական չէ, և մեր խայտաբղետների պահվածքի հիման վրա կարելի է նույնիսկ հեռուն գնացող աշխարհաքաղաքական հետևություններ անել։ Բանն այն է, որ homo sorosikus-ներն առանց պատճառի սկզբունքայնություն չեն ցուցաբերում. նրանք դա անում են բացառապես այն դեպքում, երբ պատվեր է իջեցված։

Իսկ դա նշանակում է, որ Բելառուսի նախագահի ընտրություններն Արևմուտքում լեգիտիմ չեն ճանաչվի։ Իսկ Լուկաշենկոյի համաձայնությամբ Վիլնյուս մեկնած Սվետլանա Տիխանովսկայան կհռչակվի Բելառուսի վտարանդի նախագահ, և համապատասխան նախապատրաստում անցնելուց հետո, չի բացառվում, ժամանակի հետ իսկապես կզբաղեցնի այդ պաշտոնը։ Շատ բան այստեղ, իհարկե, կախված է հետագա գործընթացներից, թեև ռուս լիբերալներն արդեն շնորհավորում են նրան ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

Այս ամենը նշանակում է, որ Լուկաշենկոյի համար վրա են հասել սև օրեր։ Իսկ բացի այդ, դա նշանակում է, որ homo sorosikus ցեղի ամենագլխավոր համաշխարհային առաջնորդների ամենամեծ խարույկի շուրջ անցկացվող գլխավոր խորհրդակցությունում Նիկոլ Փաշինյանն այսուհետ զրկված է վստահությունից։ Չարդարացրեց։

Основная тема:
Теги: