«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԾԱԽՍԵՐ ԵՎ «ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

Դեռևս հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ հարկային պարտավորությունների գանձման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է։ Եվ բացատրեց դա, բնականաբար, կորոնավիրուսային իրողությամբ և անկում ապրող տնտեսության վրա դրա ազդեցությամբ։ Մինչդեռ այսօր արդեն ակնհայտ է, որ իրավիճակն այդ առումով առավել քան տագնապալի է։ Բյուջեի եկամուտներն էապես կրճատվում են, հարկային եկամուտները՝ այդ թվում։ Ընդ որում բյուջետային միջոցները ծախսվում են, ըստ էության, առանց հաշվի առնելու մուտքերի կրճատման գործոնը։

Ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին հարկերի և տուրքերի գծով Հայաստանի բյուջեն ստացել է 680, 2 մլրդ դրամ: Դա ավելի քան 33 միլիարդով ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ըստ էության, խոսքը 4,5% անկման մասին է։ Ընդհանուր առմամբ բյուջեի եկամուտներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կրճատվել են 42 մլրդ դրամով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսինքն 5.5%-ով։ Առաջին հայացքից՝ հարկային մուտքերի և եկամուտների այդպիսի անկումն ընդհանուր առմամբ չպետք է առանձնակի տագնապ հարուցի։ 5 տոկոսով (պլյուս-մինուս) կրճատումը, իհարկե, վատ է, բայց ոչ աղետալի։ Սակայն այստեղ պետք է հաշվի առնել, որ երկրի բյուջեում նախատեսված է գանձարանի եկամուտների առավել քան տպավորիչ աճ՝ նախորդ տարվա համեմատ։ Տարվա արդյունքներով բյուջեն պետք է 13%-ով ավելի շատ եկամուտ ստանա, քան անցած տարի։

Եվ ահա այսօր ստիպված ենք արձանագրել, որ ահռելի աճի փոխարեն մենք ստացել ենք անկում։ Այստեղ, ի դեպ, նշենք, որ անցած տարի ԱԺ-ում 2020թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը անվանեց դա (փաստաթուղթը) «հեղափոխական»։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ ծրագրվում էր եկամուտների աճ նույն այդ 13%-ով և ծախսերի աճ 14%-ով։ Նախագիծը կարելի է անվանել ինչպես ասես, ծրագրել կարելի է ինչ ասես, սակայն իրականությունը, ըստ էության, հրամցրեց միանգամայն այլ բնութագրիչներ։ Այսօր կարելի է վստահորեն ասել, որ 2020-ի բյուջեն եկամուտների գծով հաստատ «հեղափոխական» չի լինելու։ Համենայնդեպս առաջին կիսամյակի արդյունքները վկայում են հենց այդ մասին։

Թեպետ, դա, կրկնեմ, վերաբերում է բյուջեի եկամտային մասին։ Իսկ այ ծախսային մասով կան հեղափոխականություն ակնկալելու բոլոր հիմքերը։ Կրկին իսկ՝ առաջին կիսամյակի արդյունքներով գանձարանը ծախսել է ավելի քան 765 միլիարդ դրամ, մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշը կազմել է 636 միլիարդ։ Այսինքն խոսքը ծախսերի աճի մասին է (նախորդ տարվա համեմատ) ավելի քան 20%-ով։ Դա նույնիսկ ավելին է, քան բյուջեում նախատեսված 14%-ը։

Այսպիսով, արձանագրենք բյուջեի հետ կապված իրավիճակը առաջին կիսամյակի արդյունքներով. մի կողմից՝ կորոնավիրուսի պատճառով գանձարանը նախորդ տարվա համեմատ ստացել է 5%-ով ավելի քիչ եկամուտ, այն դեպքում, երբ նախատեսվում էր 13% աճ: Մյուս կողմից՝ ծախսերի մասով արձանագրվել է 20% աճ, նախատեսված 14%-ի փոխարեն։ Այլ կերպ ասած, մի կողմից՝ կորցնում ենք եկամուտները, մյուս կողմից՝ միջոցները ծախսվում են, ինչպես ասում են, շռայլորեն։

Հարկ կա՞ արդյոք նշել, որ եթե այդ միտումը պահպանվի, ապա արդեն շատ շուտով երկիրը կկանգնի բյուջետային ահռելի ճգնաժամի առջև։ Հարկ կա՞ արդյոք խոսել այն մասին, որ ճգնաժամային շրջանում անհրաժեշտ է պետական միջոցների ավելի խնայողական օգտագործում, մանավանդ երբ դրանց ներհոսքը նվազում է։ Վերջապես, հարկ կա՞ արդյոք ասել, որ նման իրավիճակում բոլորը պետք է չափավորեն ախորժակը, ներառյալ պարգևավճարների վրա նստած պաշտոնյաները։ Այս ամենը վաղուց է ասվել, բյուջետային խնդիրները վաղուց են կանխատեսվել։ Բայց, դատելով ամենից, կառավարությունը դա քիչ է հուզում։ Որքա՞ն ժամանակ նա կարող է այդպես շարունակել։ «Հեղափոխականորեն» ծախսել գանձարանը, չնայած դրա եկամուտների հակահեղափոխական կրճատմանը

Основная тема:
Теги: