Արմեն Պողոսյան. Հայաստանում ընտանիքի ծախսերի 65 տոկոսն ուտելիքի ծախսերն են

Հայաստանում կաթի օրական սպառումը կազմում է առնվազն 20 մլ, իսկ հացի սպառումը՝ 450 գրամ, ինչը զարմանալի է, քանի որ շատ զարգացած երկրներում կաթի օրական սպառումը կազմում է միջինում 200 մլ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով՝ դա խոսում է բնակչության ցածր գնողունակության մասին:

«Հայաստանում ընտանիքի ծախսերի 65%-ն ուտելիքի ծախսերն են, ինչը աղետալի ցուցանիշ է` համեմատած զարգացած երկրների հետ: Եթե այդ 65%-ին ավելացնենք նաև պետական ծառայությունները, ապա ևս 30% կլինի: Ինչ վերաբերում է գներին, ապա , մեր գնահատականներով, անցած տարվա համեմատ մրգերի գներն աճել են 5-10%-ով»,-նշեց փորձագետը:

Պողոսյանը հիշեցրեց վարչապետի խոսքը, ով հայտարարել էր, որ տնտեսության զգալի աճ է եղել, սակայն այժմ դրան խանգարել է կորոնավիրուսը: «Սակայն բնակչությունն այդ ժամանակ ևս չի զգացել փոփոխությունները: Բացի այդ, մինչև համաճարակը արտահանման և ներմուծման սալդոն գրանցել է 3 տոկոսանոց բացասական ցուցանիշ»,-նշեց նա, տեղեկացնում է News.am: