Ծնողները պետք է ներկայացնեն թեստի բացասական արդյունքը փաստող տեղեկանք

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել` հայտնելով կորոնավիրուսի պայմաններում նախադպրոցական կրթական հաստատություններում անհրաժեշտ քայլերի իրականացման մասին։

Նշվում է, որ առողջ և անվտանգ պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության տնօրենը։

Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ կորոնավիրուսի զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց, այսինքն` 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, ինչպես նաև խրոնիկ հիվանդություններ ունեցողներին։

«Պետք է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, ինչպես նաև հաստատության հարակից տարածքներում մարդկանց կուտակումները: Հաստատություն հաճախող սաների ընդունումը և ճանապարհումը պետք է իրականացնել հերթի կառավարմամբ (օրինակ՝ կարող են սահմանվել երեխաների՝ նախակրթարան գալու և գնալու ժամային միջակայքեր)»,–նշված է պարետի որոշման մեջ։

Բացի այդ, առաջին անգամ հաստատություն ներկայանալիս՝ ծնողների (խնամակալների) կողմից անհրաժեշտ է ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը փաստող տեղեկանք, եթե նրանք վարակվել են կամ էլ գտնվել ինքնամեկուսացման մեջ։ Թեստի արդյունքի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 օրը:

Նախադպրոցական կրթական հաստատությունները վերաբացելուց 1 օր առաջ, իսկ այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո պետք է ախտահանեն տարածքը, այդ թվում` բակային տարածքի խաղահրապարակը և գույքը՝ կիրառելով առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր:

Ճաշելուց հետո նույնպես պետք է տարածքն ախտահանվի, այդ թվում՝ սեղանները, բռնակները, ծորակները և այն ամենն, ինչին երեխաները կարող են ձեռք տալ։

Հաստատության մուտքերի մոտ անհրաժեշտ է ունենալ առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով տարաներ՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար: Ավելին, ժամանակավորապես առօրյա գործածությունից պետք է դուրս բերվեն այն խաղալիքները, իրերը և մարզագույքը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։

Ինչպես աշխատակիցները, այնպես էլ երեխաները պետք է օրական առնվազն 2 անգամ ջերմաչափվեն։ Ջերմություն ունեցողները չպետք է ներս մտնեն։ Նախակրթարանի ողջ անձնակազմն աշխատանքային և ընդմիջման ժամերին պետք է դիմակներ կրեն։

Ի դեպ, նախակրթական հաստատությունում խմբերը պետք է լինեն առավելագույնը 12 երեխայից բաղկացած, տեղեկացնում է Sputnik Armenia: