Ազգային պատկերասրահում վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը

Հայաստանի Ազգային պատկերասրահը երկար դադարից հետո վաղը վերաբացվում է: Առաջնորդվելով ՀՀ պարետի N 253 որոշմամբ՝ թանգարանի այցելուները պետք է պահպանեն հետևյալ կանոնները՝

թանգարանում այցելուները պարտադիր պետք է կրեն դիմակ և պահպանեն սոցիալական հեռավորություն: Այցելության ժամերն են 11.00-20.30։

Ազգային պատկերասրահից հայտնում են, որ վաղը վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: Այն բաց կլինի ընդամենը 4 օր: Նախքան  արտակարգ  դրությունը ձեռք  բերած տոմսերը ուժի մեջ են:

Հիշեցնենք,  որ  ցուցահանդեսը  ներկայացնում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Այս ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:

Ցուցահանդեսը բացվել է մարտի 7-ին, պետք է գործեր մինչև ապրիլի 26-ը, սակայն համավարակով պայմանավորված պատկերասրահը փակ էր, տեղեկացնում է Panorama.am-ը։